25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

ՀՀ նախագահն իսկապես ժողովրդավար երկրի ժողովրդավար ղեկավար է. Հ. Նաղդալյան

  Երեկ ԵԽԽՎ ամբիոնից ՀՀ նախագահին ուղղված Ժառանգության ներկայացուցիչ Զարուհի Փոստանջյանի հարցը այսօր մամուլում տարբեր քննարկումների առիթ է դարձել, մասնավորապես վկայակոչելով այն հանգամանքը, որ վերջինս , լինելով հայկական պատվիրակության փոխարինող անդամ, չուներ հարց հնչեցնելու իրավունք, եթե նրան այդ իրավունքը չզիջեր պատվիրակության հիմնական անդամներից մեկը, այս դեպքում շրջանառվում է Արփինե Հովհաննիսյանի անունը: Խնդրի պարզաբանման համար դիմեցինք ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանին:

    -Ըստ ԵԽԽՎ կանոնակարգի՝ հիմնական և փոխարինող անդամների իրավունքները բացարձակ հավասար են, աշխատանքային բոլոր հնարավորությունների իմաստով նրանք իրավազոր են, բացի՝ ԵԽԽՎ լիագումար նիստում ելույթի իրավունքից: Չգրված օրենքի կարգով գոյություն ունի համատարած պրակտիկա այն մասին, որ հիմնական և փոխարինող անդամները միմյանց աջակցում են՝ փոխանակելով ձայնի իրավունք: Դա ընդունված է բոլոր ազգային պատվիրակությունների մոտ: Սա ուժեղացնում է երկրի ներկայացվածությունը և հնարավորություն է տալիս պատվիրակության բոլոր՝ ինչպես հիմնական այնպես էլ փոխարինող անդամներին ելույթներով կամ հարցերով հանդես գալ լիագումար նիստերում, այսինքն՝ ներկայացնել կարծիքների և մտքերի լայն դիապազոն: Այդ սովորույթը միշտ եղել է նաև հայկական պատվիրակության մեջ և փոխարենը՝ երբեք չի եղել միմյանց խոչընդոտելու, հանդես գալու հնարավորությունից զրկելու սովորույթը, նույնիսկ երբ խիստ ընդդիմադիր ուղղվածություն է ունեցել պատվիրակության անդամներից որևէ մեկը: Անբացատրելի կլիներ, եթե հիմնական անդամներից մեկը այդ պահին իր խոսելու կամ հարց տալու իրավունքը չի օգտագործում և պատվիրակության իր գործընկերոջը չի զիջում կամ տրամադրում այդ իրավունքը: Դա բացարձակ չընդունված վարքագիծ է: Ինչ վերաբերում է Արփինե Հովհաննիսյանի՝ այդ օրվա իր հարցի կամ ելույթի իրավունքը փոխարինող գործընկերոջը տրամադրելուն, կարծում եմ, որ դա վարքագիծ է, որն ամբողջապես  համապատասխանում է Եվրոպայի խորհրդի պատվիրակի վարքագծին:

 –Մամուլում տեսկաետ կար նաև, որ իշխանությունները իրենք են կազմակերպել այդ հարցադրումը , քանի որ տեղեկություն են ունեցել, որ նման հարց պետք է տային եվրոպացիները:

-Կարծում եմ, որ որևէ մեկը չէր կարող իմանալ, թե ինչ հարց է տալու Փոստանջյանը, որովհետև դա նույնպես ընդունված չէ և գրված ու չգրված կանոններ կան նաև սրա վերաբերյալ ևս՝ նախապես գրաքննության չես ենթարկի և չես պահանջի քեզ ներկայացնել հարցը կամ ելույթը, որպեսզի տրամադրես ձայնի իրավունքը:

  Հետո բացառված է , որ որևէ եվրոպացի պատվիրակ նման հարցով հանդես գար : Վիրավորանք և զրպարտություն պարունակող հարցերը դեմ են ԵԽԽՎ ռեգլամենտին (կանոնադրությանը ): Երկրորդը՝ որևէ եվրոպացու մտքով, վստահ եմ, երբեք չէր անցնի, որ երկրի նախագահին (որ երկիրն էլ դա լինի), կամ մեկ այլ անձի կարելի է դիմել նման անտակտ, անբարեկիրթ հարցով: Եվ երրորդը՝ որևէ եվրոպացի պատվիրակ 70 մլն. եվրոյի անդրադարձ չէր անի, հարցի մեջ նշված գումարը արդեն իսկ այնքան ֆանտաստիկ է,  այնքան աբսուրդային,  որ որևէ մի տրամաբանող եվրոպացի պատվիրակ երբեք նման խմբագրությամբ հարցով հանդես չէր գա: Այնպես որ այն վարկածը ՝ թե իբրև դա կազմակերպված է եղել, որպեսզի եվրոպացի պատվիրակներից որևէ մեկը նման հարց չհնչեցնի, համարում եմ բացարձակ փուչ, ոչ մի քննադատության չդիմացող ու տրամաբանությունից դուրս:

  Ամփոփելով նորից նշեմ, որ նախ՝ անբացատրելի կլիներ, եթե Արփինե Հովհաննիսյանը մերժեր, պատվիրակության ղեկավարը՝ նույնպես, երկրորդը՝ որևէ մեկը չէր կարող իմանալ , թե ինչ հարց է տալու Փոստանջյանը, երրորդը՝ չէր էլ կարող լինել, որ դա արված էր հատուկ որևէ եվրոպացու հարց կանխելու համար:

Իսկ ըստ Ձեզ ՝ մի?թե տեղին էր նման ամբիոնից նման բովանդակությամբ հարց հնչեցնելը:

-Կարծում եմ՝ հարցը չարժե, որ նրան անդրադառնանք , մանավանդ որ նախագահի կողմից լավ պատասխանված է: Այդ պատասխանն ամեն բան ասող էր, այն ցույց տվեց մեր երկրի ղեկավարի ժողովրդավարության և մեծահոգության աստիճանը: Երևաց, որ անսահման դեմոկրատ , լայնախոհ և մեծահոգի մարդու հետ գործ ունենք, և ես իմ տասնամյա Եվրոպայի խորհրդում աշխատելու փորձից, կարող եմ ասել, որ եվրոպացի պատվիրակները անպայման դա նկատած և գնահատած կլինեն: Իսկ որ այդպիսի հարց է տվել մեր ընդդիմության ներկայացուցիչը, դա միանշանակորեն խոսում է մեկ բանի մասին, որ իսկապես դեմոկրատական երկիր է մեր երկիրը , որովհետև մեր  զարգացման աստիճանին գտնվող որևէ երկրի ընդդիմության ներկայացուցիչ երբեք համարձակություն չէր ունենա այդ ատյանում իր երկրի նախագահին այդ տոնով  նման հարց ուղդելու: Այսինքն՝ Փոստանջյանը իր հարցով ևս մեկ անգամ փաստեց, որ իսկապես ժողովրդավար երկրի ժողովրդավար ղեկավար է Սերժ Սարգսյանը:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ