19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

«Փոքրիկ դհոլահարներին կրթելն իմ առաքելությունն է»

Դհոլահար Վահագն Թորոսյանը  2010 թվականից սկսել է իր մասնագիտական փորձը փոխանցել երեխաներին: Նա դասավանդում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Հայկական բարեգործական ընդհանուր միության հովանու ներքո  գործող Էջմիածնի հայորդաց տանը: Վահագն Թորոսյանը  նշում է՝ երեխաների հետ աշխատելը իրեն ուժ ու եռանդ է տալիս:

 «Երբ իմ սաները հաղթում են մրցույթներում կամ մասնակցում են համերգային շրջագայությունների, հավատացե՛ք, ես նրանց հաջողություններով ուրախանում  և հպարտանում եմ այնպես, ասես դրանք հենց իմ հաղթանակները լինեն: Ես աշխատում եմ բավարարել նրանց հետաքրքրասիրությունը. հայորդաց տանը  իմ սաներին սովորեցնում եմ ոչ միայն նվագել, այլև դհոլը   լարել, քանդել, հավաքել: Ամեն անգամ մի նոր բան սովորելիս նրանք ավելի մեծ ուրախությամբ  են մասնակցում մյուս դասերին:  Ես, բնականաբար, մեկնում եմ համերգային շրջագայությունների, մասնակցում եմ կորպորատիվ միջոցառումների, բայց երբեք չեմ բացակայում դասերից. երեխաներին դասավանդելու համար նախատեսված ժամանակը չեմ օգտագործում  այլ միջոցառումների մասնակցելու համար:  Ասում են՝ յուրաքանչյուրը կյանքում ինչ-որ առաքելություն ունի. ո՞վ գիտե, գուցե մատաղ սերնդին կրթելը,  դաստիարակելը, իմ փորձը և գիտելիքները   փոխանցելը, ժողգործիքների նկատմամբ սեր  արթնացնելը իմ առաքելությունն է», – Henaran.am-ի հետ զրույցում պատմեց Վահագն Թորոսյանը:

Վերջինս շեշտեց՝ Էջմիածնի հայորդաց տանը   գործող  դհոլահարների խումբը բաղկացած է 40 հոգուց: 

«Այս մեծ խումբը բաժանել ենք երկու մասի՝ մեծերի ու փոքրերի խումբ: Բնականաբար, այդ խմբերի հետ աշխատում եմ առանձին  օրերի: Հայորդաց տանը այսպես ասած՝ մի ավանդույթ կա. տարվա ընթացքում կենտրոնական գրասենյակի աշխատակիցները շրջում են հայորդաց տներում և ընտրում լավագույն սաներին: Այնուհետև տարեմուտին համերգ է կազմակերպվում, որին մասնակցում են շնորհալիները: Ես հպարտությամբ կարող եմ ասել, որ յուրաքանչյուր տարի իմ սաները մասնակցում են այդ համերգներին և հիանալի են հանդես գալիս. նշեմ, որ Հայաստանում կա ավելի քան տասը  հայորդաց տուն, իսկ յուրաքանչյուր հայորդաց տանը սովորում է մոտավորապես վեց հարյուր սան. ստացվում է՝  այդ հաշվետու համերգի ընթացքում հանդես գալն արդեն իսկ մեծ պատիվ է սաների ու նրանց դասավանդող ուսուցիչների  համար:  Պետք է շեշտեմ, որ բոլորովին վերջերս՝ մոտ մեկ ամիս առաջ իմ սաները Վրաստանում  մասնակցեցին միջազգային  փառատոնի և վերադարձան հաղթանակով, իսկ մեկ տարի առաջ նրանք հաղթեցին «Ոսկե տավիղ» մրցույթում», – նշեց Վահագն Թորոսյանը:
 

15621686_630889413777859_2267034742409194326_n
Վերջինս շեշտեց՝ մոտ հինգ տարի առաջ ծանոթացել է իր գործընկերոջ՝ դհոլահար Լևոն Հարությունյանի հետ, ում  հետ որոշել է խումբ հիմնել նաև  Երևանում:

«Այժմ մտածում ենք այդ մասին: Ուզում ենք սաներ հավաքել, խումբ ստեղծել Երևանում: Դեռևս խումբը չի ստեղծվել, բայց արդեն իսկ միասին մտածել ենք, թե ինչ գրաֆիկով, ինչպես ենք անցկացնելու դասերը:  Որպեսզի ուսման վարձը խնդիր չլինի, որոշել ենք, որ ուսման վարձը լինի հնարավորինս մատչելի: Նշեմ, որ, սովորաբար,  6-14 տարեկան  երեխաներին ենք ընդունում, բայց լինում են դեպքեր, որ երեխան  թեև տարիքային սահմանափակումների մեջ այսպես ասած՝ «չի տեղավորվում», այնսինքն՝ ավելի փոքր է կամ ավելի մեծ, բայց տաղանդավոր է ու կարող է սովորել, դառնալ լավ երաժիշտ: Մենք, բնականաբար,  սովորելու և ինքնարտահայտվելու հնարավորություն ենք տալիս նաև այդ երեխաներին», – նշեց Վահագն Թորոսյանը:

crop_169353174_ud4T3

Մեր հարցին՝ հնարավո՞ր է, որ դհոլահարները առաջիկայում դիմեն   Մշակույթի նախարարություն՝ պետական աջակցություն ստանալու ակնկալիքով, Վահագն Թորոսյանը պատասխանեց. «Չի բացառվում: Իհարկե, շատ լավ կլիներ, եթե պետությունը ֆինանսավորեր, և երեխաները կարողանային անվճար կրթություն ստանալ  կամ գոնե  ուսման վարձը մասնակի վճարել, թեև  կրկնում եմ՝ մենք որոշել ենք, որ ուսման վարձը կլինի հնարավորինս մատչելի, որ ծնողները կարողանան իրենց երեխաների ուսման վարձը տալ, ինչպես նաև  դհոլ գնել նրանց համար: Հույս ունենանք, որ առաջիկայում  Երևանում  կստեղծվի դհոլահարների՝ մեր խումբը, և մենք կկարողանանք մեր գիտելիքները ու փորձը փոխանցել նրանց, քանի որ ժողգործիքների պրոպագանդան, ուսուցումը, իսկապես, շատ կարևոր է ազգային մշակույթի զարգացման ու պահպանման համար», – եզրափակեց Վահագն Թորոսյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ