25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Սերժ Սարգսյանի այլընտրանքը. Ժամանակ

Նույնիսկ չինական համակարգը, որ թվում է՝ ապրում է միանգամայն ավտոնոմ ռեժիմով՝ չներազդվելով աշխարհի կողմից, իր կայունությունը պահպանում է էլիտաների փոփոխության հստակ մեխանիզմների միջոցով: Այդ մեխանիզմները դեմոկրատական չեն, բայց Չինաստանի կուսակցական-պետական էլիտան տասը տարին մեկ փոխվում է: Եթե առաջնորդը, էլիտան փոխվում են, ապա նրանց մոտ ակամայից, քաղաքական մշակույթի ուժով առաջանում է պատասխանատվության ինստիտուտը, որովհետև մի օր գալու է արածի, նաև չարածի համար պատասխան տալու ժամանակը:

Չինական մոդելի մասին հատուկ խոսեցինք՝ գիտակցելով, որ մեր երկրի ռեսուրսները դրան ակնհայտորեն չեն ձգում, բայց հակադարձելու համար նրանց, ովքեր կարծում են, թե Հայաստանն այլընտրանքային զարգացման ճանապարհ ունի: Իրականում մեր երկիրն այդ այլընտրանքը չունի և զարգացում կարող է ունենալ միայն արևմտյան մոդելով: Եվրասիական համակարգը ճահիճ է, նույնիսկ ոչ թե այլընտրանքային զարգացման հնարավորություն, այլ ճանապարհ, որը տանում է փակուղի: Եվրասիական էլիտաները տարբեր հնարքներ են կիրառում, լուծումներ են փնտրում, որոնց նպատակը ոչ թե կառավարման արդյունավետության բարձրացումն է, այլ էլիտաների իշխանության փոփոխության բացառումն ու նույն այդ իշխանության հավերժացումը:

Հենց անցյալ շաբաթ մենք համոզվեցինք, որ Հայաստանը ֆորմալ առումով է անցել խորհրդարանական կառավարման, իսկ իրականում ստեղծվել է անձնակենտրոն մի համակարգ, որտեղ պետական բոլոր ինստիտուտները, քաղաքական սուբյեկտներն ու նրանց հարաբերությունները ծառայեցված են մեկ մարդու իշխանության: Սերժ Սարգսյանն ու իշխանությունը դառնում են հոմանիշներ. ահա հայաստանյան սահմանադրական փոփոխությունների առարկայական հետևանքը: Երկրի հեռանկարային զարգացման հրամայականը պահանջում է Սերժ Սարգսյանի հեռացումը:

Մյուս կողմից` մենք աններելիորեն ուշացել ենք, թերացել ենք, քաղաքական համակարգը չի հանձնել իր քննությունը, որովհետև նույն 2018-ի իշխանության ձևավորման համատեքստում առաջնայինը, գերական անվտանգության խնդիրն է: Մի հարց, որով պայմանավորված է երկրի զարգացման հեռանկարը, եթե կուզեք՝ պետության լինել-չլինելու հարցը:

Եթե խնդրին նայում ենք այս տեսանկյունից, ապա, դժբախտաբար, Սարգսյանն այլընտրանք չունի, ու պատահական չէ, որ նա խորհրդարանական ընտրարշավին անուղղակիորեն մասնակցում էր առաջնագծից՝ անվտանգության օրակարգով: Այդ լույսի ներքո նա ցույց էր տալիս, թե ինչքան պահանջարկված է հասարակության համար, բացահայտում էր առաջին նախագահի մաշվածությունը, երկրորդի բացակայությունը, ընդդիմության չգոյությունը, ներհամակսրգային այլընտրանքի սնանկությունը:

Երբ առաջին պլան ենք բերում անվտանգության բաղկացուցիչը, ակնհայտ է դառնում, որ Կարեն Կարապետյանն իշխանության պայքարում Սերժ Սարգսյանի այլընտրանքը չէ, որովհետև նույնիսկ քաղաքական կերպար չէ, իսկ մենեջերի գովազդված իմիջն այս հարթության մեջ նույնիսկ նմանվում է հակափիարի: Էլ չեմ խոսում Արա Բաբլոյանի մասին, որովհետև այդ ամենում նույնիսկ քաղաքական անմեղսունակության ենթաշերտ կա:

Գուցե Սերժ Սարգսյանը միտումնավոր է նման էլիտա ձևավորել, որպեսզի համաշխարհային ուժային կենտրոններն ու մեր հասարակությունն իրեն այլընտրանք չտեսնեն՝ անվտանգության և կայունության հրամայականներից ելնելով: Գուցե, բայց մենք գործ ունենք կայացած փաստի ու նաև այն իրականության հետ, որ մինչև 2018թ,-ն իրավիճակ չի փոխվելու:

Սերժ Սարգսյանն ու երկրի զարգացման հեռանկարն անհամատեղելի են, և ռացիոնալությունը պահանջում է գործող նախագահի հեռացումը: Մյուս կողմից՝ անվտանգության բաղկացուցիչն ասոցացվում է միայն Սերժ Սարգսյանի անվան հետ, նա այլընտրանք չունի քաղաքական դաշտի իշխանական և ընդդիմադիր սեգմենտներում: 2018-ի իշխանության հարցը լուծված է ինքնըստինքյան՝ անկախ Սերժ Սարգսյանի ապագա կարգավիճակից:

Ամբողջ խնդիրն այն է, թե նոր իշխանության ձևավորման գործընթացին ինչպիսի մասնակցություն կունենա քաղաքական համակարգը՝ հատկապես ընտրությունների բացակայության պարագայում: Մեծ շռայլություն կլինի, որպեսզի նոր իշխանության ձևավորումը համարվի փակ ու կրիմինալ էլիտայի մենաշնորհը:

Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ