19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ոչ թե չինովնիկներ, այլ կոմերսանտներ. վարչապետը կրակ է ուզում

Պետական գույքի կառավարման վարչությունում ցանկանում եմ տեսնել ոչ թե չինովնիկներ, այլ կոմերսանտներ, որոնց աչքերում կրակ կա: Այս մասին, այսօր՝ մայիսի 19-ին, ՀՀ պետական գույքի կառավարման վարչություն այցի ժամանակ նշել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:

Կառավարությունից  հայտնում են, որ նա ծանոթացել ոլորտում իրականացվող գործընթացներին, պետական գույքի մասնավորեցման ծրագրերին եւ իրականացվող բարեփոխումների ընթացքին:

Կառավարության ղեկավարը, ներկայացնելով վարչության գործունեության հետ կապված ակնկալիքները, նշել է, որ այն պետք է լինի կոմերցիոն արդյունքի ապահովմանն ուղղված էֆեկտիվ կառույց: «Դա չափազանց կարեւոր է: Այսօր մեր բյուջեն հիմնականում ունի պահպանողական բնույթ եւ եթե մենք ներդրումներ, կապիտալ շինարարություն, ենթակառուցվածքների զարգացում չիրականացնենք՝ ունենալու ենք այն, ինչ ունենք: Այս առումով, կապիտալ շինարարության զարգացման աղբյուրներից մեկը համարում ենք վարչության էֆեկտիվ աշխատանքը»,- ընդգծել է Կարեն Կարապետյանը՝ կարեւորելով պետական գույքի օպտիմալացումը, համապատասխան առաջարկությունների ներկայացումը, հնարավորությունների ստեղծումը, որոնք կարող են նպաստել ներդրումային ծրագրերի իրականացմանը:

Պետական գույքի կառավարման վարչության պետի պաշտոնակատար Արման Սահակյանն իր զեկույցում անդրադարձել է վարչության գործառույթներին, ներկայացրել հիմնական  բարեփոխումների ուղեցույցը, որը, նրա խոսքով, բոլոր ուղղություններով լուրջ օգուտ կբերի պետությանը, պետական բյուջում կավելանան նոր մուտքեր:

Նշվել է, որ պետական գույքի վաճառքի շուկայի ակտիվացման նպատակով ներկայացվել են ներդրումային գրավչություն ունեցող 13 անշարժ գույքի վաճառքի նախագծերի գնահատականներն ու բիզնես ծրագրերի իրականացման հնարավորությունները, կազմվել են տվյալ անշարժ գույքերի տեղափոխման հնարավոր տարբերակները: Ընդհանուր առմամբ, ծրագիրը կազմում է 240 մլն դոլար: Այն ներկայացվել է նաեւ Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությանը: Բացի այդ, 2017 թվականին վաճառքի է հանվել լրացուցիչ 63 միավոր անշարժ գույք, որից 24-ն արդեն  մրցույթով օտարվել է, որի արժեքը կազմել է 236 մլն դրամ:

Ընդհանուր առմամբ, 63 միավոր անշարժ գույքի վաճառքից ակնկալվում է 600 մլն դրամ:  Զեկուցվել է նաեւ, որ մշակվել է 2017-2020 թվականների պետական գույքի մասնավորեցման ծրագիրը, որով նախատեսվում է ներգրավել 35 մլրդ դրամ:

Վարչապետ Կարապետյանը հետաքրքրվել է, թե հանրապետությունում քանի պետական անշարժ գույք կա, դրա որ մասն է ենթակա վաճառքի եւ կառավարման սուբյետը լիարժեք հասկանալու համար  կարեւորել թվայնացումը: «Մենք ամբողջ գույքը, որն այսօր չի աշխատում, պետք է ինտենսիվ  ակտիվացնենք, որովհետեւ սա այն փողն է, որը բաշխված չէ եւ դրանով մենք կարող ենք ներդրումներ իրականացնել ենթակառուցվածքներում: Այս առումով, դուք պետք է կարեւորեք ձեր օղակը,  գումար ներգրավեք, ներկայացնեք առաջարկներ», – ասել է գործադիրի ղեկավարը եւ պատասխանատուներին հանձնարարել գնահատել պետական գույքի ողջ ծավալը:

Կարեն Կարապետյանն ընդգծել է, որ պետական գույքի վաճառքի աճուրդները պետք է կազմակերպել արագ, մաքսիմալ բաց ու թափանցիկ: Վարչապետն անհրաժեշտ է համարել նաեւ պետգույքի վաճառքի գործընթացում անշարժ գույքի ոլորտում փորձ ունեցող գործակալությունների ներգրավումը:

Արման Սահակյանը նշել է, որ ոլորտում իրականացվող բարեփոխումների ծրագրում այդ մոտեցումն ամրագրվել է:

«Դա չափազանց արագ եւ համարձակ պետք է իրականացնել»,- շեշտել է կառավարության ղեկավարը՝ ավելացնելով, որ վարչությունից ակնկալում է նաեւ պետական անշարժ գույքի մասնավորեցման վերաբերյալ կանխատեսումներ, վերլուծություններ: «Պետք է այստեղ լինի ակտիվ թիմ:

Անհրաժեշտ է կրեատիվ, ոչ ստանդարտ  մոտեցումներ ցուցաբերել: Ես պետական գույքի կառավարման վարչությունում ցանկանում եմ տեսնել ոչ թե չինովնիկներ, այլ կոմերսանտներ, որոնց աչքերում կրակ կա, որոնք գործում են ազատ, մեկ-մեկ փողկապ չեն կապում, գույքը լավագույնս են կառավարում, վաճառում եւ այլն: Այս կառույցը որքան բիզնեսային լինի, այնքան մեր օգուտն է»,- նշել է Կարեն Կարապետյանը՝  պետական գույքի օտարման գործում կարեւորելով նաեւ կապիտալի շուկայի ակտիվացումը:

Այնուհետեւ անդրադարձ է կատարվել պետական մասնակցությամբ ձեռնարկությունների գործունեությանը, դրանց արդյունավետությանը եւ 2017-ի համար սահմանված ծրագրերի ընթացքին: Արման Սահակյանը նշել է, որ նման բոլոր ձեռնարկությունների կառավարիչների առջեւ դրվել են հստակ պայմաններ՝ եկամուտների ապահովման, արդյունավետության բարձրացման, առկա խնդիրների վերացման ուղղություններով: Այսուհետ վերջիններս ներկայացնելու են եռամսյակային, կիսամյակային եւ տարեկան հաշվետվություններ: Ոչ բավարար ցուցանիշներ ունեցող ձեռնարկությունների նկատմամբ չի ցուցաբերվելու հանդուրժողական վերաբերմունք, իսկ պատասխանատուների առջեւ դրվել են խաղի կոշտ կանոններ:

Վարչապետը նշել է, որ այս ուղղությամբ պետք է շարունակել հետեւողական աշխատանքը, իսկ պետական մասնակցությամբ բիզնես ձեռնարկություններն  ինտենսիվ տանել մասնավորեցման: 

Հանդիպմանը քննարկվել են նաեւ պետական գույքի կառավարման վարչությունում նախատեսվող կառուցվածքային փոփոխություններին, էլեկտրոնային աճուրդների կազմակերպմանը, պետական գույքի տեղեկատվական բազայի արդիականացմանը եւ  բարեփոխումներով իրականացվելիք մի շարք այլ ծրագրերին առնչվող հարցեր:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ