28 Մարտի, Հինգշաբթի, 2024
KFC

Կալանավորվել են

arm147852112359 (1)

ՀՀ հատուկ քննչական ծառայությունը տեղեկացնում է, որ օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի նախաքննություն կատարելու նպատակով` գյուղատնտեսական տարբեր ապրանքների, այդ թվում` ադրբեջանական ծագման խնձորի ապօրինի ներկրումների և ՀՀ ԿԱ ՊԵԿ աշխատակիցների կողմից կաշառք ստանալու դեպքերի վերաբերյալ ծառայությունում քննվող երկու քրեական գործերը միացվել և քննվում են մեկ վարույթում: Քննությամբ պարզվել է, որ մի շարք ձեռնարկատերեր առանց անհրաժեշտ մաքսային ձևակերպումների ապօրինի ճանապարհով ներկրել են առևտրային քանակի միրգ-բանջարեղեն, ինչին նպաստել են ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցները, ովքեր դրա դիմաց հիշյալ անձանցից պարբերաբար տարբեր չափերի կաշառքներ  են ստացել: Նշված հանցավոր արարքները կատարելու համար 4 քաղաքացիների և ՊԵԿ 4 պաշտոնյաների մեղադրանքներ են առաջադրվել:

Մասնավորապես,  քննությամբ պարզվել է, որ Երևանի բնակիչներ Հ. Ֆ.-ն ու Ա. Ե.-ն ՀՀ Տավուշի մարզի Բագրատաշեն համայնքի բնակիչներ Ա. Խ.-ի ու Գ. Թ.-ի օժանդակությամբ առանց հայտարարագրելու պարբերաբար Բագրատաշենի մաքսակետով հանրապետություն են ներկրել մեծ քանակությամբ գյուղմթերք և դրա հետևանքով չեն վճարել օրենքով սահմանված խոշոր չափերով` 7.341.312 ՀՀ դրամի հարկերն ու տուրքերը: Բացի այդ, հիշյալ անձինք զբաղվել են նաև ապօրինի ձեռնարկատիրությամբ. ներկրված ապրանքները վաճառել են Մալաթիա գյուղմթերքների շուկայում` առանց պետական գրանցման և հարկային մարմիններում հաշվառման, որի հետևանքով չի վճարվել նաև զգալի չափերով` 907.680 ՀՀ դրամի շրջանառության հարկ:

Քննությամբ պարզվել է նաև, որ գյուղմթերքն առանց հայտարարագրման ներկրելու և օրենքով սահմանված խոշոր չափերով հարկերից խուսափելու նպատակով` Հ. Ֆ.-ն ու Ա. Ե.-ն նախնական պայմանավորվածություն են ձեռք բերել Բագրատաշենի բնակիչներ Ա. Խ.-ի և Գ. Թ.-ի հետ, ովքեր համապատասխան վարձատրության դիմաց համաձայնվել են օժանդակել նրանց. այսպես, տեղափոխվող ապրանքի ամբողջական ծավալը քողարկելու և առանց հայտարարագրման ներկրվող ապրանքների` օրենքով թույլատրելի չափաքանակ ապահովելու համար, Ա. Խ.-ն ու Գ. Թ.-ն Վրաստանի Հանրապետության սահմանամերձ տարածքում գյուղմթերքը բաշխել են իրենց,  իսկ որոշ դեպքերում` նաև այլ անձանց կողմից շահագործվող տարբեր մարդատար ավտոմեքենաների մեջ, այնուհետև` ՀՀ տարածք տեղափոխելուց հետո, դրանք վերաբարձել են  Հ. Ֆ.-ի և Ա. Ե.-ի բեռնատար ավտոմեքենան: Հիշյալ անձանց անօրինական գործողությունների հետևանքով պետությանը պատճառվել է ավելի քան 8 մլն ՀՀ դրամի վնաս:

Մի շարք դեպքերում էլ, գյուղմթերքն առանց խոչընդոտների հանրապետություն ներկրելու համար, Բագրատաշենի բնակիչ Ա. Խ.-ն նախնական պայմանավորվածությամբ տարբեր չափերի կաշառքներ է տվել ՊԵԿ նախաբացթողումային հսկողության վարչության Բագրատաշենի բաժանմունքի մաքսային ծառայողներին:

Բացի այդ, ՊԵԿ Բագրատաշենի բաժանմունքի աշխատակիցները կաշառքներ են ստացել նաև մի շարք այլ տնտեսվարողներից` նրանց օգտին անօրինական գործողություններ կատարելու և Բագրատաշենի մաքսակետով ներկրվող գյուղմթերքը մաքսային ձևակերպումների չենթարկելու համար: Քննությամբ պարզվել է, որ ՊԵԿ նախաբացթողումային հսկողության վարչության Բագրատաշենի բաժանմունքի մաքսային տեսուչներ Ա. Վ.-ն, Կ. Ն.-ն, Դ. Ա.-ն և նույն բաժանմունքի հերթափոխի պետի պարտականությունները կատարող Վ. Մ.-ն  խմբի կազմում` նախնական համաձայնությամբ,  անհատ ձեռնարկատերեր Գ. Ա.-ից և Լ. Ս.-ից կաշառքներ են ստացել` վերջիններիս թույլ տալով  առանց մաքսային ձևակերպումների և անհրաժեշտ լաբորատոր հետազոտությունների Բագրատաշենի մաքսակետով ներկրել տարբեր տեսակի միրգ-բանջարեղեն, այդ թվում` ադրբեջանական խնձոր:

Այսպիսով, խմբի կազմում` նախնական համաձայնությամբ կաշառք ստանալու համար տեսուչ Ա. Վ.-ին, Դ. Ա.-ին և Վ. Մ.-ին մեղադրանքներ են առաջադրվել  ՀՀ քրեական օրենսգրքի  311-րդ հոդվածի 3–րդ մասի 2-րդ կետով, Կ. Ն.-ին` 311-րդ հոդվածի 2-րդ մասով: Պաշտոնյաներից երկուսի  նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Հարկերից խուսափելու և ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելու համար Հ. Ֆ.-ին և Ա. Ե.-ին մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի  188-րդ և 205-րդ հոդվածների 1–ին մասերով, իսկ վերջիններիս օժանդակելու համար` Ա. Խ.-ին և Գ. Թ.-ին` 38-188-րդ և 38-205-րդ հոդվածների 1-ին մասերով:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

 

 

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ