25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Ազգային հանցագործություն

Մեծ ուժ է արվեստը, երաժշտությունը:
Եթե մարդկության ղեկավարները
խորապես սիրեին այն,
մեր ճակատագիրն էլ այլ կլիներ:
Վազգեն Ա Կաթողիկոս
ամենայն հայոց:

Երբ Դիոգենեսին հարցրել էին, թե ինչո՞ւ է ծափահարում, խրախուսում ապա­շնորհ մի կիթառահարի, փիլիսոփան պատասխանել էր. «Դուք էլ ծափահարեք, քաջալերեք, չէ՞ որ եթե երաժշտու­թյամբ չզբաղվի, կարող է նույնիսկ մարդ սպանել»: Նույնը կարելի է ասել մեզ պաշարող անկիրթ, ինքնասիրահարված երգիչ-երաժիշտների հրոսակախմբերի մասին: Այսինքն` չենք էլ կարող դիմակայել, քանզի, ինչպես ասում են, «նրանց թիկունքին կանգնած է բանակը և նավատորմը»: Խոսքս ոչ միայն լուրջ երաժշտության, այլև, հատկապես, թեթև ժանրի հնչյունամոլների մասին է: Թեպետ այս բնագավառում էլ տաղանդներ են պատահում, սակայն նրանք «եղանակ չեն ստեղծում»: Այսօր զանգվածային չարվեստն իր աստեղային ժամն է ապրում. ամեն պայման ստեղծված է: Հին Հռոմում «հացը և կրկեսը» ժողովրդի համար ձրի էր: Մեզանում որքան հացը թանկացավ, քչացավ, այնքան կրկեսը շատացավ: Մի առիթով «Ազատություն» ռադիոկայանով կրկեսի տնօրեն Սոս Պետրոսյանն ասել էր. «Հայաստանը կրկեսային երկիր է»: Դեռ 2000 տարի առաջ թատրոն ենք ունեցել, իսկ հիմա` կրկես, մանավանդ` ծաղրածուներ և աճպարարներ: Խե՜ղճ Հայաստան, որքան «աճպարարներ» կան մեզանում: Դիպուկ խոսք կա. ինչպիսին ազգն է, այնպիսին էլ նրա ձայնն է, խոսքի հնչերանգը, վստահ կամ խղճուկ տոնը:

Որքա՞ն վստահու­թյուն կա ամերիկացու ձայնի, տոնի մեջ` մի ամբողջ պետություն ես զգում նրա հնչերանգում: Ճիշտ է, մեզանում էլ ենք հաճախ լսում «վաու», «օքե՜յ», սակայն խղճուկ այս կապկումը «լավ դիմակ է վատ խաղի դեպքում»: Ասույթը կարելի է նաև շրջել. «Ինչպիսին քո երգն է, այնպիսին էլ քո ազգն է»: Եթե համեմատենք մարմնական սնունդի հետ` կարելի է ասել. «Մարդն այն է, ինչ ուտում է»: Իսկ ո՞րն է մեր այսօրվա հոգևոր սնունդը: Անշուշտ, ռաբիս կոչվածը, փոփ երաժշտու­թյունը և զանգվածային չարվեստի, հակամշակույթի այլ թափոնները: Վերջերս հեռուստատեսությամբ մի երաժիշտ ասում էր, թե ջազը պետք է դարձնել ապրելակերպ: Հավանաբար նա ուզում էր աֆրոամերիկյան ռիթմերով խլացնել ռաբիսի վեց-ութ չափը, զարկերակը: Ի դեպ, մեկ այլ հայտնի երաժիշտ Երևանը «Ռաբիս-Աբեբա» անվանելով, կարծես, փորձում էր հաշտեցնել այդ երկու «ապրելակերպերը»:

Ոչ մի ուսումնարան, կոնսերվատորիա այդքան մեծ դեր չեն խաղում մատաղ սերնդի և, առհասարակ, ժողովրդի գեղագիտական դաստիարակության գործում, որքան միկրոավտոբուսների վարորդները: Նախկինում ավտոբուսում գրված էր. «Վարորդը նաև հսկիչ է», այժմ կարելի է ավելացնել. «Վարորդը նաև ուսուցիչ է»: Ո՛չ մի եկեղեցի, ո՛չ մի աղոթք այդքան չի «խոնարհեցնում» մարդկանց, որքան նույն միկրոավտոբուսներում երթևեկելը: Չէ՞ որ խոնարհությունը հավատացյալի ամենակարևոր հատկություններից է: Եվ այդպես խոնարհ, տեղում գամված ուղևորները գրեթե շուրջօրյա լսում են, ներծծվում վարորդի ճաշակով ընտրված ռաբիսով, փոփ երաժշտությամբ` հիմնականում սեռական կամ գողական բնույթի անբարո երգերով:

Մարմնապաշտական այդ երա­ժշտությունը երիտասարդության զգալի մասին հոգեզրկում է և կտրում ազգային ակունքներից, ինքնությունից, դարձնում շոու բիզնեսի երգավաճառների, դալալների պատանդ: Այսպես են վարվում և՛ բուն ժողովրդական երգի, և՛ դասական երա­ժշտության հետ, որոնք, որպես հակաթույն, կարող էին մաքուր պահել մեր հոգևոր կյանքը, էկոլոգիան: Նույնիսկ հոգևոր երաժշտությունն են աղավաղում զանազան սինթեզատորներով, մեխանիկական ռիթմերով և այլևայլ հավելումներով: Եվ պատճառաբանում են, թե այդպես երիտասարդների համար մատչելի է և հաճելի: Ինչ օրն ենք հասել` հայոց երգը դառը դեղի պես պիտի ինչ-որ բանով «քաղցրացնել», աղավաղել, որպեսզի հայ երիտասարդը բարեհաճի այն լսել: Մինչդեռ Կոմիտասի կյանքի գործն էր հայոց պատմության ամենաողբերգական պահին կորուստից փրկել, խորթ, օտարամուտ տարրերից մաքրել- բյուրեղացնել հայոց երգը: Այսօր մատաղ սերնդի մեծ մասը ազգային երաժշտությանը ծանոթանում է նախ` աղավաղված վիճակում, իսկ հետո բնիկը կա՛մ կլսի, կա՛մ ոչ:

Մարդու առաջին տպավորությունները մեծ նշանակություն ունեն ազգային նկարա­գրի ձևավորման գործում: (Հայտնի է, որ նորաշեն սափորի մեջ լցրած առաջին հեղուկի բուրմունքն ամենահարատևն է): Մի օրինակ: Երկրաշարժից հետո, մութ ու ցուրտ տարիներին, Գյումրիում` «դոմիկներից» մեկում, մոմի լույսի տակ մի երեխա սերտում էր հայոց այբուբենը և բավական արագ յուրացրեց: Մինչդեռ նրա կրտսեր եղբայրը դժվարությամբ սովորեց տառերը: Պատճառը` նա նստում էր եղբոր դիմաց և տառերին նայում հակառակ կողմից: Եվ դպրոցում շտկելը բավական երկար տևեց: Այդպես էլ երաժշտության պարագայում:

Մենք դեմ չենք երաժշտական ժանրերի բազմազանությանը: Ինչպես սննդառության մեջ, այստեղ էլ կա ճաշակի խնդիր: Մի ժողովուրդ գորտ է ուտում, մյուսը` որդ, ճանճ կամ առնետ, խմում օձի լեղի: «Կերե՛ք» ձեր երաժշտական որդերը, գորտերը, խմե՛ք ձեր լեղիները, բայց մի՛ պարտադրեք նույնը ուրիշին, մի՛ ստիպեք նրան մոռանալ իր ազգային արժեքները: Եթե մարդն ի սկզբանե կրթվում է ազգային ոգով՝ ձեռք է բերում «իմունիտետ» և կարող է ամեն ինչ լսել, բայց «չվարակվել»: Ըստ մի երաժշտագետի` շոու բիզնեսում կարող են ցեխից կոնֆետ ստանալ: Հենց այդ «ալքիմիկոսների» կոնֆետներն են, որ փչացնում են մեր պատանիների ախորժակը և խոչընդոտում ազգային, դասական ընկալմանը:

Մի՞թե հանապազօրյա հացը կարելի է փոխարինել ինչ-որ կասկածելի «կոնֆետով»: Ի՞նչ ազգային, եթե մանկապարտեզից մինչև դպրոցական, բուհական միջոցառումները, ռադիո-հեռուստահաղորդումները, զվարճանքի և այլ վայրերը հեղեղված են ապազգային, անորակ արտադրանքով ու պարտա­դրանքով: Դպրոցի ճանապարհին, նույնիսկ դասերի ժամին բջջայինից բջջային հեռախոս մեր պատանիները միմյանց են փոխանցում չարվեստի վերջին ճիչը` թիթեռի կյանք ունեցող երգերը, պղտորելով իրենց «տաբուլա ռասան»` սրտի մաքուր տախտակն ակոսելով անմաքուր երգերով:

Տիեզերքը, կյանքը ընթանում է նյութականից դեպի հոգևորը, մահից` անմահություն: Անդրադառնալով Մոցարտի արվեստի ոգեղենացնող արվեստի առաքելությանը` երաժշտագետ Մերսմանը նշում է. «Մոցարտի նպատակն է մարդուն դարձնել երաժշտություն»: Մինչդեռ շոու բիզնեսը երիտասարդներին դարձրել է ոռնացող բջջայիններով զինված, քայլող «ռադիոկայաններ», հնչյունամոլության համաճարակի զոհեր: Ըստ Գեորգ Գադամերի` մշակույթը սպառելու չափից ավելի մատչելիությունը մեծ վտանգ է ներկայացնում քաղաքակրթության համար: Դա առաջին հերթին վերաբերում է զանգվածային հաղորդակցության միջոցներին:

Իսկ Թեոդոր Ադոռնոն փոփ-երաժշտությունը որակել է որպես «զարգացող թուլամտություն, որը դաստիարակում է այնպիսի պասիվություն, որը տարածվում է թե՛ անհատի մտածողության և թե՛ հասարակության վարքագծի վրա»: Թուլամիտ, պասիվ քաղաքացիներո՞վ պիտի նոր Հայաստան կերտենք: Արվեստի պատվիրաններից առաջինն, ըստ Ռոմեն Ռոլանի, հետևյալն է. «Եթե չես կարող երգել, լռի՛ր»:

Իսկ Հայաստանում ով չի կարող լռել` երգում է: Սա մեղք է, ինչպես Աստծու անունը պարապ տեղը տալը: Զարմանալի է, անկախության 21 տարիների ընթացքում Հայաստանում տեղի են ունեցել մշակութային բազմաթիվ իրադարձություններ, փառատոներ, համերգներ, բազմիցս այցելել են մեծ երաժիշտներ Պենդերեցկին, Ժան Տեր-Մերկերյանը, Գիդոն Կրեմերը, Տոկիոյի լարային կվարտետը, Ամստերդամի, Վիեննայի ֆիլհարմոնիկ նվագախմբերը, հնչել են Բախի, Բեթհովենի, Մոցարտի, Կոմիտասի, Խաչատրյանի, Միրզոյանի, Մանսուրյանի և այլոց գործերը, սակայն դրանից մեր բարոյահոգեբանական մթնոլորտը չի լավացել:

Հենդելն ասում էր. «Եթե ես իմանամ, որ իմ երա­ժշտությունը միայն հաճույք է պատճառում, կդադարեմ ստեղծագործելուց: Իմ նպատակն է կատարելագործել մարդկանց»: Հիրավի, երաժշտությունը բացի հեդոնիստականից, ունի ավելի կարևոր գործառույթներ` հաշտեցնել, դաստիարակել, սիրով միավորել, հայացքը դեպի երկինք ուղղել… Մինչդեռ մեր հասարակությունը նմանվում է լարից ընկած դաշնամուրի` որքան էլ ճիշտ նվագեն, միևնույն է, արդյունքը սխալ է, ֆալշ:

Ինչո՞վ բացատրել, չէ՞ որ վաղուց ի վեր մարդկությունը գիտակցել է երաժշտու­թյան զորությունը, բարեփոխիչ հատկու­թյունը: Սակայն, ինչպես ցանկացած ուժ, այն ևս կարելի է գործածել չար նպատակով: Եթե համեմատենք զենքի հետ, ապա տպավորություն է ստեղծվում, որ բանակի զինանոցը բաց են թողել, և ով ասես տիրացել է զենքերին. մեծ ու մանուկ, խելոք ու հիմար… Դեռ Պլատոնն էր ասում, թե երկրում չի կարող լինել բարքերի ավելի մեծ ավերում, քան պարկեշտ և համեստ երաժշտությունից հեռանալը: Չինական «Լի Ցզի»` վարքագծի կանոնների գրքում գրված է.

«Չժեն և Վեյ իշխանությունների երգերը անկարգ հասարակության երգեր են, այնտեղ գերիշխում է անբարոյականությունը: «Սանցզյանի» երգերը անկարգ կառավարվող, կործանվող թագավորու­թյան մեղեդիներ են, որտեղից ժողովուրդը փախչում էր»: Իսկ ինչո՞ւ են այսօր Հայաստանից փախչում, մի՞թե մերոնք էլ են լսում ու երգում նույն «Սանցզյանի» անբարոյական երգերը: Համատարած համոզմունք է, որ արտագաղթի պատճառը ոչ այնքան աղքատությունն է, որքան անարդարությունը:

Ըստ Գարեգին Նժդեհի` «Սոցիալապէս որքան արդար` այնքան զօրաւոր է Հայրենիքը»: Մինչդեռ անարդարությունը ներխուժել է նաև արվեստի, կրթության ոլորտը, աղավաղել դարերով բյուրեղացված մեր իդեալները: Չարենցը Կոմիտասին բնորոշել է որպես «Անհայրենիք մուրացիկ, որ հացի տեղ ունի երգ»: Այսօր այդքան թանկ գնով ձեռք բերված երգերը այդպես էլ չդարձան մեր հոգևոր սնունդը, քանի որ պատկան մարմինները դժվարանում են դիմակայել արվեստի առևտրականացման հզոր ալիքին, հնչյունամոլության համաճարակին, այլասերող երաժշտությանը:

Լև Տոլստոյը «Կրեյցերյան սոնատ»-ում գրել է. «…երաժշտությունը երբեմն այդքան ահեղ ազդեցություն ունի: Չինաստանում երաժշտությունը պետական գործ է: Այդպես էլ պետք է լինի: Մի՞թե կարելի է թույլ տալ, որպեսզի ով ցանկանում է` հիպնոսացնի մյուսին կամ շատերին, և հետո ինչպես ուզենա` նրանց հետ վարվի: Եվ ամենակարևորը` որպեսզի այդ հիպնոսացնողը լինի առաջին պատահած անբարոյական մարդը»: Թվում է` այս խոսքերը գրված են մերօրյա կացության մասին:

Մեզ փորձում են մխիթարել, թե ճգնաժամը մոլեգնում է բոլոր երկրներում: Հիշում եմ, մի առիթով մաեստրո Օհան Դուրյանը պոռթկացել է. «Սուտը պատել է աշխարհը, իսկ Երևանը… քառապատիկ»: Մեր իրավիճակը տարբերվում է այլ երկրներից` նրանք շրջապատված չեն մեր հարևաններով, ցեղասպանություն չեն տեսել, անդունդի եզրին չեն կանգնել: Եվ այն, ինչ չի վնասի, օրինակ` Չինաստանին, կարող է կործանարար լինել Հայաստանի պարագայում:
Մեզանում մշակույթ-ազգ փոխներթափանցումը պատշաճ կերպով չի ընթանում, տեղի չի ունենում «սիներգիա»` փոխադարձ զորացում, քանզի այդ «ռեակցիայի» համար սոցիալական պայմանները նպաստավոր չեն` «ճնշումը» շատանում է, «ջերմությունն» ու քանակը` քչանում (արտագաղթ): Մինչդեռ Գարեգին Նժդեհը, կանխազգալով մշակույթի անկումը, զգուշացնում էր. «Մեռցրէք մուզիկան ու պօեզիան, և մեր աշխարհը կդառնայ խոզանոց»:

Աղբյուրը` grakantert

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ