19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ում էր պետք այս կոալիցիան

Քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը տրամաբանական է համարում ՀՀԿ-ի ու ՀՅԴ-ի միջև ստորագրված կոալիցիոն հուշագրի այն կետը, որով սահմանվում է, որ վարչապետի թեկնածուին կարող է առաջարկել միայն ՀՀԿ-ը: ««Հանրապետական» կուսակցությունն ունի խորհրդարանում մեծամասնություն, և բնականաբար, նա կարող է, և նա պետք է առաջարկի հանրապետության վարչապետի թեկնածությունը: Այստեղ որևէ խնդիր քաղաքական կամ իրավական տեսակետից չկա: Սա միանշանակ ճիշտ է»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա:

Ինչ վերաբերում է ընդհանուր հուշագրին, ապա Արմեն Բադալյանն ընդգծեց, այստեղ որոշակի շեշտադրումներ կան, որ տարբերվում են նախորդ հուշագրից, մասնավորապես ավելի շեշտադրված է մարդու իրավունքների պաշտպանության գործոնը: Նա նշեց, որ երբ կնքվեց կոալիցիոն հուշագիրը, այդ նույն օրը լրագրողներից մեկի ու ոստիկանության միջև դեպք եղավ, երբ գնացել էին հետախուզման առանց միջնորդության, և եթե կոալիցիան խոսում է նման կետերի մասին, ապա դրանք պիտի նաև կիրառվեն:

«Ես համաձայն եմ տեսակետի հետ, որ սա հանրապետության նախագահի և ՀՅԴ-ի միջև կնքված հուշագիր է, և, ամենայն հավանականությամբ, նախագահը կատարում է բոլոր այն քայլերը, որ երբ 2018 թվականի ապրիլից հետո այլևս նախագահի պաշտոն չլինի, նա կարողանա այս կամ այն կարգավիճակով մնալ որպես երկրի ղեկավար: Դրա համար պետք է բոլոր գործոններն օգտագործվեն: Ուշադրություն դարձնենք, որ ստեղծվում է կոալիցիոն խորհուրդ, որը կարող է անուղղակի կերպով հանդիսանալ վարչապետի կամ կառավարության գործունեության նկատմամբ վերահսկողություն իրականացնող մարմին»,-շեշտեց նա:

Արմեն Բադալյանի համոզմամբ` այս կոալիցիան, որպես այդպիսին, «Հանրապետականին» պետք չէր, քանի որ նա ունի մեծամասնություն Ազգային ժողովում, բացի այդ էլ «Ծառուկյան» դաշինքի ռեյտինգային թեկնածուներից շատերի ձայներն էլ կարող են լինել ՀՀԿ-ինը: «ՀՀԿ-ին այդ 7 ձայնը պետք չէր, ուղղակի նախագահն օգտագործում է իր համար բոլոր օղակները` կառուցելու իր ապագան, ինչը ոչ քննադատելի է, ոչ գովելի, ընդամենը արձանագրում ենք, որ նա նպատակադրված գործողություն է իրականացնում, ինչով ևս տարբերվում է բոլոր քաղաքական գործիչներից: Սա ևս կրկին փաստի արձանագրում է»:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ