20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Սերժ Սարգսյանը սխալվել էր․ Հայկական Ժամանակ

Նախկին վարչապետ  Հովիկ Աբրահամյանը  հերթական պարտությունը կրեց Սերժ Սարգսյանից: Աբրահամյանը համարվում է խորամանկ քաղաքական գործիչ, որն ընդունակ է ճկունություն դրսեւորել եւ ցանկացած  իրավիճակից շահած դուրս գալ: Սակայն թերեւս ժամանակն է, որպեսզի նախկին վարչապետը ընդունի իր պարտությունը, կամ ավելի ճիշտ՝ պարտությունները:

Թե քանի անգամ եւ ինչ ճանապարհներով է Հովիկ Աբրահամյանը նախկինում փորձել հողը տանել Սերժ Սարգսյանի ոտքերի տակից, հայտնի է: Նման բոլոր փորձերը ձախողվել են: Բայց եւ այնպես 2017-ի ընտրություններից առաջ Սերժ Սարգսյանը չվարանեց  կրկնակի զգուշավորություն ցուցաբերել եւ իրեն ազատել Աբրահամյանի հետագա նման փորձերին դիմակայելու ավելորդ գլխացավանքից:

Պարզվում է, սակայն, Սերժ Սարգսյանը սխալվել էր: Հովիկ Աբրահամյանը այն գործիչներից  չէ, որ այդքան շուտ զենքերը վայր դներ: Խորհրդարանական ընտրությունների հետընտրական փուլում, երբ թվում էր, թե քաղաքական ուժերը դանդաղկոտություն են դրսեւորում պատգամավորների ցուցակները վերջնական տեսքի բերելու, ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիա կազմելու եւ այլ ընթացիկ հարցերում, իրականում բուռն պրոցեսներ էին ընթանում, որտեղ գլխավոր գործող անձանցից մեկը Հովիկ Աբրահամյանն էր:

Մենք` լրատվամիջոցներս, ավանդույթի համաձայն, իհարկե, չենք տիրապետում` ինչ է կատարվում, որտեղ եւ ում հետ, եւ ստիպված ենք բավարարվել միայն ինֆորմացիոն այն արտահոսքերով, որոնք անհրաժեշտ են այդ պրոցեսները կառավարելու  եւ իրարից հեռացած քաղաքական գործիչների «շփումն» ապահովելու համար: Գուցե հայկական ԶԼՄ-ների համար լավագույն ժամանակները դեռ առջեւում են, կամ մնացել են 90-ականներում, սակայն առայժմ ունենք այն, ինչ ունենք:

Հարգելի պատճառներով, ուրեմն, չենք կարող ասել, երբ եւ ինչպես է սկսվել Հովիկ Աբրահամյանի հերթական քաղաքական խաղը, ինչ է այն իրենից ենթադրել, սակայն կարող ենք արձանագրել, որ «Ծառուկյան» դաշինքի մանդատների սկանդալը վերջակետ դրեց  այդ պրոցեսին:

Նախկին վարչապետն այս ընթացքում պաշտոնանկությունից հետո աննախադեպ ակտիվություն  էր դրսեւորում, լրատվամիջոցների հետ էր շփվում: Ընդամենը մեկ ամիս առաջ նա Պանթեոնում հարցազրույցի ժամանակ բաց թողեց հարցը` արդյոք հնարավոր է իրեն տեսնեն նոր կառավարության կազմում: «Դեռ ոչինչ պարզ չէ»,-ասաց: Կառավարության մասին խոսեց շատ ջերմ զգացումներով, եւ առհասարակ նրա կեցվածքը մեծ ակնկալիքներ ունեցող անձի կեցվածք էր: Միաժամանակ մամուլին «էքսկլյուզիվ ինֆորմացիա» տվեց, որ ինքը կարող է նշանակվել ԱԱԽ քարտուղար:

Թե սրանից հետո ինչ եղավ, ինչ չեղավ,  կրկին չենք կարող իմանալ, սակայն մայիսի 3-ին արդեն  հերթական լուրը եկավ` նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը մերժել է ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի՝ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը զբաղեցնելու առաջարկը: Ամենակարեւորը, սակայն հիմնավորումն է: «Մերժել է այն հիմնավորմամբ, որ դեռ անհայտ է, թե 2018 թ. ինչ քաղաքական իրավիճակ կլինի Հայաստանում, երբ լրանա Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ժամկետը»,- փոխանցեցին աղբյուրները: Սա ակնհայտ սպառնալիք էր՝ ուղղված Սերժ Սարգսյանին, հիշեցմամբ, որ նրա իշխանությունն էլ հավերժ չէ, եւ Աբրահամյանի փողոցում էլ տոն կլինի:

Եվ կրկին Աբրահամյանը վրիպեց: Այն նույն օրը, երբ հայտնի դարձավ, թե Աբրահամյանը նշյալ հիմնավորմամբ մերժել է Սերժ Սարգսյանի առաջարկը, սկսվեց ԿԸՀ հայտնի նիստը, որտեղ «Ծառուկյան» դաշինքը եւ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը բոլորի աչքի առաջ փլուզվեցին: Հաջորդ օրն էլ ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը  պաշտոնապես հայտարարեց, որ Սերժ Սարգսյանը Հովիկ Աբրահամյանին չի առաջարկել ԱԱԽ քարտուղարի պաշտոնը: Եվ խոսակցությունն ավարտվեց: Գոնե՝ մինչեւ 2018 թվականը:

Սակայն արդեն լուրջ կասկածներ կան, որ Հովիկ Աբրահամյանը այդքան երկար չի համբերի եւ նոր որեւէ ծրագիր կմտածի:  Այս անգամ գուցե խորհրդարանում կամ պետական նշանակության այլ կառույցներում եւ դրանց մոտ:  Բայց դրա համար պետք է որոշ ժամանակ անցնի, վերջին տապալումը մանրակրկիտ  վերլուծվի եւ հաղթահարվի:

Երեկ Հաղթանակի զբոսայգում Աբրահամյանը կրկին պատասխանել է լրագրողների հարցերին, սակայն արդեն բոլորովին այլ տրամադրություններով: «Ես հույս ունեմ, որ ամեն ինչ լավ է լինելու, մանդատները կստանան, կառավարությունն էլ կձեւավորվի, եւ մեր երկիրը կզարգանա, իմ հույսը եւ ցանկությունը դա է»,- ասել է նա, իսկ հարցին, թե հնարավո՞ր է` վերադառնա պաշտոնի, պատասխանել. «Առայժմ նման մտադրություն չունեմ, հիմա հանգստանում եմ»:

Մեկ ամիս առաջ հարցին, թե հնարավո՞ր է վերադառնա պաշտոնի  Աբրահամյանը պատասխանեց`«Դեռ ոչինչ պարզ չէ»: Հիմա փաստորեն պարզություն  է մտել այս հարցում. նախկին վարչապետը պաշտոն ստանալու մտադրություն այլեւս չունի:

Այս մեկ ամսվա ընթացքում Հովիկ Աբրահամյան-Սերժ Սարգսյան հանդիպում չի կայացել, տեղեկություն էլ չկա, թե նախկին վարչապետը մասնակցել է ՀՀԿ ԳՄ նիստերին: Հովիկ Աբրահամյանի մտադրությունները ձեւավորվում էին ոչ թե ՀՀԿ թիմում, այլ զուգահեռ գործընթացների արդյունքում: Իսկ զուգահեռ գործընթաց հարուցելու  հնարավորություն նախկին վարչապետը կարող էր ունենալ միայն «Ծառուկյան» դաշինքի միջոցով, որի առաջնորդին Սերժ Սարգսյանն ու Հովիկ Աբրահամյանը արդեն մի քանի տարի այսուայնկողմ են քաշքշում:

Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում։ 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ