29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Վարչապետի դեմքը. փաստաբան

images

Փաստաբանների պալատի անդամ Հայկ Ալումյանը բաց նամակ է հղել ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին՝ բողոքելով հայաստանյան ավտոճանապարհներից:

Նա բաց նամակը հրապարակել է Facebook-ի իր էջում.

«ՈՐՈՇԵՑԻ ՄԵՂՄ ԳՐԵԼ, ՍՏԱՑՎԵՑ ՍԱ.

Հարգելի պարոն վարչապետ. Մոտ 10 օր առաջ դժբախտություն ունեցա իմ ավտոմեքենայով ուղեւորվելու դեպի Իջեւանի մոտակա գյուղերից մեկը: Ճանապարհը, սկսած Դիլիջան քաղաքից, գրական հայերենով անհնարին է նկարագրել:

Արդյունքում, վերադառնալուց հետո, ստիպված եղա ավտոմեքենայից վերանորոգման համար վճարել շուրջ 80.000 ՀՀ դրամ: Հասկանում եմ, սա Ձեզ չի թվա ինչ-որ մի լուրջ գումար, բայց ինձ համար այդ կորուստը շոշափելի էր:

Ապրիլի 28-ին որոշեցի մի քանի օրով մեկնել Վրաստան, քանի որ առջեւում 3 ոչ աշխատանքային օր կար: Միամտորեն մտածեցի, որ անցած 10 օրերի ընթացքում ճանապարհը քիչ թե շատ նորոգված կլինի: Ցավոք, Դիլիջանը անցնելուց հետո հասկացա, որ ավելի լավ էր ուղեւորությունս չձեռնարկեի, այլ հանգիստս անց կացնեի Երեւանում: Ճանապարհը էլ ավելի վատ վիճակում էր, նորանոր փոսեր էին փորվել այն հաշվարկով, որպեսզի ոչ մի հնարավորություն չլինի անցնել գոնե 100 մետր՝ առանց փոսի մեջ ընկնելու:

Հասնելով Վրաստան, ստիպված եմ եղել փոխել ավտոմեքենայիս 2 անվադողերը: Վրաստանից վերադառնում էի մայիսի 1-ից լույս 2-ի գիշերը եւ ճանապարհին մտածում, որ միգուցե փոսերի գոնե մի մասը ասֆալտապատված կլինի: Ցավոք, հույսերս չարդարացան, հակառակը՝ եղած փոսերը հասկանալի պրոցեսների արդյունքում էլ ավելի էին մեծացել ու դժվարանցանելի դարձել:

Բագրատաշենի անցակետից մինչեւ Երեւան իմ ուղեւորությունը տեւեց 4 եւ կես ժամ, այսինքն՝ սովորականից մոտ երկու անգամ ավելի երկար: Հավանաբար Ձեզ թվա, թե անկարեւոր հանգամանքների մասին եմ գրում. ի՞նչ կարիք կա բազմազբաղ վարչապետի ուշադրությունը հրավիրել շարքային քաղաքացու կորցրած մի քանի ժամի եւ մի երկու հարյուր հազար դրամի վրա:

Բայց, հարցին նայելով իմ մասնագիտության (փաստաբան եմ) տեսանկյունից, կուզեի նշել, որ այն, ինչ տեղի է ունեցել ու հենց այս տողերը գրելու պահին տեղի է ունենում, ուղղակիորեն նախատեսված է ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածով, որը քրեական պատասխանատվություն է նախատեսում հետեւյալի համար. «Պաշտոնատար անձի կողմից ծառայության նկատմամբ անբարեխիղճ կամ անփույթ վերաբերմունքի հետեւանքով իր պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ էական վնաս է պատճառել անձանց կամ կազմակերպությունների իրավունքներին ու օրինական շահերին կամ հասարակության կամ պետության օրինական շահերին (գույքային վնասի դեպքում՝ հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափը գերազանցող գումարը կամ դրա արժեքը)»:

Այսինքն՝ Եթե որպես հիմք ընդունենք այն կանխավարկածը, որ ավտոճանապարհները (դե՝ գոնե միջպետական կարեւորագույն ավտոճանապարհները) պետք է գտնվեն երթեւեկության համար պիտանի վիճակում, ապա ակնհայտ կլինի, որ այսօրվա վիճակը ինչ-որ պաշտոնատար անձի կամ անձանց կողմից իրենց ծառայողական պարտականությունները անբարեխիղճ կամ անփույթ կատարելու հետեւանք է:

Միաժամանակ, այդ անփութության հետեւանքով ամեն օր հարյուրավոր անձանց պատճառվում է նյութական վնաս, որի հանրագումարը բավարար է, որպեսզի քրեական պատասխանատվության հարց առաջանա այդ հոդվածի 2-րդ մասով: Կարելի է սրանից բացի հաշվի առնել ժամանակի կորուստը (որը հեշտությամբ կարելի կլինի վերածել նյութականի), այն զբոսաշրջիկներին, ովքեր գոնե մեկ անգամ տեսնելով մեր ավտոճանապարհների վիճակը, այլեւս ոչ մի անգամ չեն ցանկանալու վերադառնալ Հայաստան եւ բոլորին խորհուրդ են տալու շրջանցել այս երկիրը: Մնում է գտնել այս իրավիճակի մեղավորներին կամ մեղավորին:

Ընդ որում առաջ ընկներով ասեմ, որ մեղավորը չափից ավելի ցուրտ ձմեռը չէր. կան երկրներ, որտեղ ձմեռն անհամեմատ ավելի ցրտաշունչ եւ երկարատեւ է լինում, սակայն ավտոճանապարհները գերազանց վիճակում են:

Չգիտեմ Դուք ոնց, բայց ես նկատել եմ, որ կա մի հստակ օրինաչափություն. որքան ավելի ճոխ են ճանապարհների համար պատասխանատու պաշտոնյաների առանձնատները, այնքան ավելի վատ վիճակում են այդ ավտոճանապարհները: Մի շարք պատճառներով Հայաստանի բնակչության զգալի մասը (այդ թվում նաեւ այս տողերի հեղինակը) մեծ խանդավառությամբ ընդունեց Ձեզ ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակելու լուրը: Սակայն կարծում եմ, որ երբ (կարճ ժամանակ հետո) անցնի սկզբնական էյֆորիան, Ձեր գործունեությունը գնահատվելու է ոչ թե Կառավարության նիստերի ընթացքում տեղին արված սրամիտ հայտարարություններով, այլ՝ մեր ավտոճանապարհների վիճակով: Ճիշտ կլիներ ասել՝ վարչապետի դեմքը երկրի ավտոճանապարհներն են:

Հ.Գ. պատրաստվում եմ հաջորդ շաբաթ կրկին մեկնել Վրաստան: Վերադառնալուն պես կգրեմ»:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ