20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

«Երգարվեստն իմ կիրքն է»

Երգչուհի Սյուզաննա Սայադյանը հանդիսատեսին առավել հայտնի  դարձավ «Ժողովրդական երգիչ» նախագծից:   Թեև Սյուզաննան մասնագիտությամբ տնտեսագետ է, այդուհանդերձ, երգարվեստը վերջինիս կյանքում յուրահատուկ տեղ է զբաղեցնում:   Նա այսօր աշխատում է հենց իր մասնագիտությամբ, բայց դարձյալ մասնակցում է համերգների՝  պահպանելով այն անքակտելի կապը, որ կա իր և սիրելի  հանդիսատեսի միջև: Այս և այլ հետաքրքիր թեմաների վերաբերյալ  Henaran.am-ը զրուցել է  Սյուզաննա Սայադյանի հետ:

Սյուզա՛ննա, քանի՞ տարեկանից եք սկսել երգել, հիշո՞ւմ եք այն օրը, երբ առաջին անգամ բեմ դուրս եկեք

Երգել սկսել եմ մանկուց: Երգելու ձիրքը ժառանգել եմ մայրիկիցս: Նա պատմում է՝ երբ  նոր-նոր սկսել խոսել, առաջին բառերս արտաբերել եմ երգելով:

Առաջին անգամ մեծ բեմ եմ բարձրացել 12 տարեկան հասակում, երբ մասնակցում էի  «Բեմ 2009» համապետական մրցույթ-փառատոնին, որի շրջանակում  «Ժողովրդական երգ»  անվանակարգում գրավեցի երրորդ հորիզոնականը: Այդ մրցանակը, կարելի է ասել,  դարձավ իմ փոքրիկ ուղու սկիզբը:

Հանդիսատեսը Ձեզ ճանաչեց «Ժողովրդական երգիչ» նախագծից: Ի՞նչ տվեց Ձեզ այդ նախագիծը. առաջ շարժվելու կա՞մք, թե՞ հիասթափություն:

-Նախագիծն ինձ տվեց  առաջինը՝ հրաշալի ընկերներ, որոնց հետ շփումը շարունակվում է առ այսօր, իսկ  հետո՝ փորձ,  պրոֆեսիոնալ մասնագետների  հետ շփվելու և աշխատելու կարողություն,  հարուստ գիտելիքներ ու,   ամենակարևորը,  կամք և  առաջ ընթանալու ձգտում: Իսկ ինչ վերաբերվում է հիասթափությանը, ապա դա այս պարագայում, հավանաբար, ճիշտ չի ասված, քանի որ ինչպես ամեն լավ բան, այնպես էլ այդ նախագիծը,  ունեցավ  իր սկիզբն ու տրամաբանական ավարտը, որից մնացել են անմոռանալի հիշողություններ:

Վերջին շրջանում Դուք համեմատաբար քիչ եք լինում բեմում: Ինչո՞ւ:

-Անկեղծ ասած՝ երբևէ չեմ մտածել երգարվեստում մեծագույն բարձունքների հասնելու մասին, չեմ ունեցել ու չունեմ այդ ձգտումը: Եթե այդպիսի նպատակ ունենայի, հանդիսատեսն ավելի շատ կլսեր իմ անունը: Պետք է նշեմ՝ երգարվեստը ուրույն տեղ ունի  իմ կյանքում, որին ոչինչ երբևէ չի փոխարինի կամ խանգարի:

– Դուք մասնագիտությամբ տնտեսագետ եք: Բուհ ընդունվելիս ինչո՞ւ ընտրեցիք այդ մասնագիտությունը, ոչ թե երգարվեստը:

-Այո՛, ես ավարտել եմ ԵՊՀ տնտեսագիտության ու կառավարման Ֆակուլտետը, մանագիտությամբ տնտեսագետ եմ, այժմ էլ աշխատում եմ իմ մասնագիտությամբ: Սիրում եմ իմ գործն ու այն անում շատ մեծ հաճույքով:  Այս ոլորտում դեռ շատ անելիքներ ունեմ ու հուսամ՝ իմ առաջ դրված յուրաքանչյուր խնդիր պատվով կհաղթահարեմ:

Պետք է նշեմ, որ ես չունեմ երաժշտական կրթություն, պարզապես  որոշ ժամանակահատված հաճախել եմ վոկալի:  Երգարվեստում բարձրագույն կրթություն սանալու համար ավելի բարդ ու երկար ճանապարհ պիտի անցնեի, ինչը այդ տարիքում բավականին բարդ էր: Բացի այդ՝   իմ մասնագիտական ընտրությունը  արել էի դեռևս վաղ տարիքում, դա ինձ համար նպատակ էր,  որը,  կարծում եմ,  իրագործեցի:

Այսպիսի դեպքերում երբեմն հնչեցնում եմ այս հարցը. ռուս հանճարեղ  գրող Անտոն Պավլովիչ Չեխովը, ով մասնագիտությամբ բժիշկ էր, մի առիթով ասել է՝ բժշկությունն իմ կինն է, իսկ գրականությունը՝ սիրուհիս: Ձեր պարագայում ինչպե՞ս է. ավելի շատ երգարվե՞ստն է հարազատ, թե՞ տնտեսագիտությունը:

– Ես չէի ցանկանա համեմատության եզրեր գտնել այդ ոլորտների միջև,  քանի որ դրանք միմյանցից էապես տարբերվում են: Երգարվեստն իմ կիրքն է, էմոցիան,   ինքնարտահայտման միջոցը: Ես բեմում ինձ զգում եմ այնպես, ինչպես ոչ մի այլ վայրում չէի կարողանա զգալ:  «Բեմն ինձ թևեր է տալիս» արտահայտությունը բնութագրում է ինձ:

Տնտեսագիտությունն ավելի ռեալ, կարելի է ասել՝ էմոցիաներից հեռու միջավայր է, տրամաբանության ոլորտ:  Ես՝ լինելով բավականին էմոցիոնալ մարդ, փորձում եմ ինձ գտնել նաև այս ասպարեզում: Բայց,  ինչպես ասում են, կյանքը լի է անակնկալներով, ուստի  հաստակ  չեմ կարող ասել՝  ի վերջո  որ ոլորտը կդառնա «իմ կյանքի ուղեկիցը», բայց,  ամեն դեպում, վստահաբար կարող եմ ասել՝ կերգեմ, քանի դեռ շնչում եմ:

Հարցազրույցը վարեց Հասմիկ  Բալեյանը

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ