24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ցեղասպանություն իրականացրած պետությունների և վարչակազմերի անպատժելիությունը իրական սպառնալիք է մարդկության դեմ նոր ոճրագործությունների. Հերմինե Նաղդալյանը՝ եվրոպացիներին

Ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության հիշատակի օրը, ՀՀ ԱԺ փոխնախագահ, ԵԽԽՎ փոխնախագահ, ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը Վեհաժողովում տարածել է իր ելույթը, որտեղ եվրոպացի պատգամավորների ուշադրությունը հրավիրել է 20-րդ դարի ամենածանր հանցագործություններից մեկի՝ Հայոց ցեղասպանության եղելության վրա և խոսել մարդկության դեմ նման ոճիրների կանխարգելմանն ուղղված պայքարի արդյունավետ մեխանիզմներ մշակելու ծայրահեղ անհրաժեշտության մասին:

   Հերմինե Նաղդալյանն իր ելույթում փաստել է, որ  ցեղասպանություն իրականացրած պետությունների և վարչակազմերի անպատժելիությունը, միասնական միջազգային դատապարտմանն ու  հետագա կանխարգելմանն ուղղված համապատասխան միջոցառումների բացակայությունը կամ անկարողությունը հանգեցրել է այն իրողությանը, որ մարդկությունը, ի թիվս այլ լուրջ մարտահրավերների, դեռևս բախվում է հնարավոր ցեղասպանությունների իրական սպառնալիքին:

« Մենք՝ հայերս, ցեղասպանություն վերապրածներս, բարոյական պատասխանատվություն ենք կրում առավելագույնն անելու ցեղասպանության դեմ պայքարում: Տասնամյակների ընթացքում ցեղասպանությունների մասին խոսելիս մենք աղաղակում էինք՝ «այլևս երբե՛ք»: Մենք ասում էինք  «այլևս երբե՛ք»  1994-ի Ռուանդայի ցեղասպանությունից հետո : Աշխարհն աղաղակում էր՝  «այլևս երբե՛ք»  2014 թ-ին, երբ ԴԱԻՇ-ը սկսեց կոտորել անմեղ եզդիներին: Հայերը «այլևս երբե՛ք» էին աղաղակում 2015 թ-ին՝ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին,  սակայն, այս հանցագործությունների կրկնությունը ողջ աշխարհում դեռ շարունակվում է»,- նշել է Հերմինե Նաղդալյանը՝ ընդգծելով, որ ցեղասպանությունների կանխարգելումը պետք է առաջնահերթ խնդիր լինի ողջ քաղաքակիրթ աշխարհի համար:

   ՀՀ ԱԺ և ԵԽԽՎ փոխնախագահը հարկ է համարել հիշեցնել , որ Ցեղասպանության հանցագործության կանխարգելման և պատժման մասին կոնվենցիան ընդունվել էր գրեթե 7 տասնամյակ առաջ, որը նշանակալից իրադարձություն էր: Բայց միայն բարի կամքը բավարար չէ, որպեսզի ցեղասպանություններ տեղի չունենան:  Կանխարգելման կայուն մեխանիզմներ են պահանջվում: Պատշաճ նախազգուշացումը , արձագանքը ցեղասպանածին միջավայրին , հանրային իրազեկման մակարդակի բարձրացումը խիստ էական դեր են խաղում ցեղասպանությունների կանխարգելման համար պայքարում:

« 2015 թ. մարտին, Ժնևում, ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը կոնսենսուսով ընդունեց Ցեղասպանության կանխարգելման բանաձևը, որը նախաձեռնվել էր Հայաստանի կողմից: Ավելի քան 70 պետություններ միացան Հայաստանին և  համահեղինակեցին բանաձևը: Այս բանաձևի հիման վրա, 2015 թ. սեպտեմբերին, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան դեկտեմբերի 9-ը հռչակեց «Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի ու արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օր» , -» , – իր ելույթում փաստել է տիկին Նաղդալյանը՝ համոզմունք հայտնելով, որ միայն համատեղ ջանքերի շնորհիվ կհաջողվի արմատախիլ անել ցեղասպանության չարիքը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ