17 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Շատ լուրջ հարց է, գիտակցել է պետք

Գեներալ-մայոր, Արցախյան ազատամարտի հերոս Արկադի Տեր-Թադևոսյանը ողջունում է «Ազգ-բանակ» կոնցեպտի շրջանակներում ներկայացված «Ես եմ» և «Պատիվ ունեմ» նախագծերը: Henaran.am-ի հետ զրույցում նա նշեց, որ իհարկե, ծրագրի վրա պետք է դեռ շատ աշխատել: «Իմ կարծիքով` շատ լավ ծրագիր է դա, բայց պետք է գործողություններ արվեն, որպեսզի ընթացքի մեջ ընկնի»,-նկատեց  գեներալ-մայորը:

Ըստ նրա` այս ծրագրերն ավելի մարտունակ բանակ ու սպայական կազմ ունենալու հնարավորություն են ստեղծում, նաև զինվորներին հնարավորություն են տալիս հետագայում իրենց կյանքը դասավորելու համար որոշակի ֆինանսական ներդրում ունենալ պետության կողմից: «Պետք է հասկանալ, թե ինչպես կաշխատի, ոչ թե ասենք, որ լավ ծրագիր է: Ամեն ինչ ունի դրական կողմ էլ, բացասական կողմ էլ, պիտի ուսումնասիրել ու հասկանալ, թե ինչպես անել, որ այս ծրագիրը վատ ազդեցություն չունենա: Իմ արձագանքը դրական է ընդհանուր առմամբ, բայց շատ լուրջ հարց է, պետք է բոլոր մանրամասները գիտակցել»: 

Արկադի Տեր-Թադևոսյանի հավաստմամբ` այս ծրագրի շնորհիվ կապը բանակի հետ հոգեբանորեն ավելի կմեծանա, քան հիմա կա. «Սա նաև հոգեբանական պահ է: Հիմա կաշխատի, թե չի աշխատի դժվար է ասել: Պետք է դիտարկես, թե ինչ մեխանիզմով ես աշխատում, ինչպիսի գաղափարախոսություն է, նրանք սոցիալական ինչ պայմաններում են գտնվում: Դեռևս բազմաթիվ գործոններ կան, որոնք պետք է ուսումնասիրվի»:

Գեներալ-մայորը շեշտեց, որ այս ծրագրերը տարբեր երկրներում էլ են գործում:  

Հիշեցնենք, որ ՀՀ ՊՆ-ն հանրային քննարկման է ներկայացրել «Ես եմ» ծրագիրը, որի համաձայն այն նորակոչիկները, ովքեր ցանկություն կհայտնեն ծառայությունն իրականացնել մարտական հերթապահություն իրականացնող զորամասում, իրավունք կստանան անցնելու ծառայության նոր տեսակի` ժամկետային պայմանագրային:

Այս դեպքում ծառայությունը կտևի 3 տարի, սակայն դրանցից գումարային 7 ամիս զինծառայողը կանցկացնի ազատ արձակման մեջ` սկսած 6-րդ ամսվանից, երբ իր ստորաբաժանումը կստանձնի մարտական հերթապահությունը՝ յուրաքանչյուր ամիս ծառայելով 1+1+2 բանաձևով: Մեկ շաբաթ` արձակուրդում, մեկ շաբաթ` զորամասում, պատրաստվելով մարտական հերթապահության, և երկու շաբաթ` առաջնագծում, մարտական հերթապահություն անցկացնելիս:

Յուրաքանչյուր անգամ արձակուրդ գնալիս նրան կվճարվի որոշակի գումար` արձակուրդային ծախսերը հոգալու համար: Ծառայության ավարտին նրա անձնական հաշվին կփոխանցվի մոտ 5 մլն ՀՀ դրամ, որը զորացրված զինծառայողը կկարողանա օգտագործել նպատակային երեք ծրագրից մեկում` մատչելի բնակարան, մինի-ֆերմա կամ ուսման վարձի փոխհատուցում:

ՊՆ-ն ներկայացրել է մեկ այլ ծրագիր՝ «Պատիվ ունեմ», որի գաղափարախոսությունն է` բուհական տարկետումը կապել ապագա սպայական ծառայության հետ: Ըստ այս ծրագրի, մի շարք պայմանների համապատասխանելու դեպքում (առողջական վիճակ, հոգեբանական թեստավորում և այլն) պետական հավատարմագրում ունեցող բուհի ուսանողները կարող են ընդգրկվել նշված ծրագրում` դառնալով սպայի կոչման հավակնող թեկնածու:

Սովորելով քաղաքացիական բուհում` այդ երիտասարդները 2-րդ կուրսի սկզբից մինչև 4-րդ կուրսի առաջին կիսամյակը ներառյալ` յուրաքանչյուր շաբաթ օր, Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում այցելում են զինվորական պատրաստության դասընթաց:

Քաղաքացին բակալավրի աստիճան ստանալուն զուգընթաց ստանում է լեյտենանտի սպայական կոչում և երեք տարի ժամկետով անցնում ծառայություն զինված ուժերում: Ծառայությունը բոլոր դեպքերում կազմակերպվում է առաջնագծում:

Այդպիսով, բարձրագույն կրթություն ստացած քաղաքացին կարողանում է ավելի բարձր մակարդակում իր ծառայությունը բերել հայրենիքին, միաժամանակ անցնելով այն սպայական կարգավիճակում (ծառայության համապատասխան կենցաղային պայմաններով), մրցունակ աշխատավարձով (ամսական առնվազն 260.000 դրամ): Ծառայությունը բարեհաջող ավարտելու դեպքում նա նաև ստանում է լրացուցիչ ֆինանսական բոնուս` իր ուսումնառության տարիների ուսման վարձի չափով: Ծառայությունն ավարտելուց հետո մագիստրատուրա ընդունվելու դեպքում փոխհատուցվում է նաև նրա մագիստրոսական կրթությունը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ