20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Որտե՞ղ է Աստված. ուշագրավ փաստեր

ԽՆԴՐԵՔ ԱՌԱՆՑ ՀՈԳՆԵԼՈՒ

ՍՈՒՐԲ ԱԹԱՆԱՍ ՄԵԾ ՀԱՅՐԱՊԵՏ

«ԵԹԵ ԴՈՒ ՆՈՒՅՆԻՍԿ ԵԿԵՂԵՑՈՒՄ ԷԼ ՉԵՍ, ՄԻԵՎՆՈՒՅՆ Է, ԿԱՆՉԻՐ ԵՎ ԱՍԱ․ «ՈՂՈՐՄԻՐ ԻՆՁ»։

Երբ ես մեկնումեկին ասում եմ. «Խնդրիր Աստծուց, աղոթիր Նրան, մոտեցիր Իրեն աղոթքով», ինձ պատասխանում են. «Ես խնդրեցի մի անգամ, երկու անգամ, երեք, տաս և քսան անգամ և դեռ չստացա խնդրածս»: Մի՛ դադարիր խնդրելուց, մինչև որ չստանաս, աղոթքի վերջը խնդրվածքի ստացումն է: Դադարիր այն ժամ, երբ կստանաս, կամ ավելի լավ է, որ այնժամ էլ չդադարես, այլ հարատև մնաս աղոթքի մեջ: Եթե դու չստացար, աղոթիր, որ ստանաս, իսկ եթե ստանաս, հայտնիր գոհությունդ՝ ստանալու համար:

Շատերը գալիս են եկեղեցի և նրանց բերաններից աղոթքի հազարավոր բառեր են դուրս գալիս, սակայն դուրս են գալիս չիմանալով, թե ինչ աղոթեցին: Նրանց բերանը շարժվում է, սակայն չի հասնում սեփական ականջներին: Դու ինքդ չես լսում քո աղոթքները, իսկ ինչպե՞ս ես ուզում, որ Աստված այն լսի: Դու ասում ես, թե ծնրադրում ես, սակայն մտքերդ թափառում են դրսում, բերանդ աղոթքի խոսքեր են բարբառում, իսկ միտքդ խորհում եկամուտներիդ, պայմանագրերիդ, դաշտերիդ, ունեցվածքիդ և ընկերական հարաբերություններիդ մասին:

Չար է սատանան և գիտի, որ մենք աղոթքի ժամանակ ձեռք ենք բերում մեծ օրհնություններ, դրա համար էլ հենց այդ պահին հարձակվում է մեզ վրա: Հաճախ անկողնին հանգիստ պառկած, մենք ոչ մի բանի մասին չենք մտածում, իսկ երբ ելնում ենք աղոթելու, այնժամ հայտնվում են հազարավոր մտքեր, որպեսզի մենք աղոթքից ձեռնունայն ելնենք:
Եվ այսպես, սիրելիս, իմանալով, որ նման բաներ են լինում աղոթքի պահին, նմանվիր քանանացի կնոջը: Չնայած տղամարդ ես, սակայն օրինակ վերցրու այս այլազգի, տկար, մերժված և արհամարհված կնոջից: Դու չունես այսահար աղջիկ,բայց ունես մեղավոր հոգի: Ի՞նչ ասաց քանանացի կինը. «Ողորմիր ինձ, քանզի իմ աղջիկն այսահար է»: Այսպես ասա և դու. «Ողորմիր ինձ, քանզի իմ անձն այսահարվում է»: Քանզի մեղքը դա մեծ դև է:

Դիվահարը առաջացնում է խղճահարություն, իսկ մեղավորը ատելություն, նա արժանի է ներման, իսկ սա չունի արդարացում: «Ողորմիր ինձ», սա կարճ նախադասություն է, սակայն արժանացնում է ծով մարդասիրության, քանզի որտեղ ողորմությունն է, այնտեղ է նաև բոլոր բարիքները: Եթե դու նույնիսկ եկեղեցում էլ չես, միևնույն է, կանչիր և ասա. «Ողորմիր ինձ», ասա թեկուզ և առանց շուրթերդ իսկ շարժելու, դիմիր մտովի: Աստված լսում է և նրանց, որոնք լռում են:

Աղոթքի համար ոչ թե տեղն է կարևոր, այլ հոգևոր տրամադրվածությունը: Երեմիան գտնվում էր տղմոտ գետի մեջ և դեպ իրեն դարձրեց Աստծո ուշադրությունը: Դանիելը գտնվում էր առյուծների մեջ և իր հանդեպ բարի տրամադրվածություն առաջացրեց Աստծո մոտ: Երեք մանուկները գտնվում էին հրաբորբոք փռի մեջ և փառավորվելով արժանացան Աստծո ողորմությանը: Ավազակը գամված էր խաչին, և խաչն արգելք չհանդիսացավ նրան, այլ բացեց դրախտի դռները:

Հոբը նստած էր փտության վրա և օգտվեց Աստծո ողորմությունից: Հովնանը գտնվում էր կետի որովայնում, և Աստված լսեց նրան: Դու էլ, գտնվելով լվացարանում, աղոթիր, կլինես ճանապարհին կամ կպառկես անկողնին և որտեղ էլ որ լինես՝ աղոթիր: Դու Աստծո տաճար ես, տեղ մի փնտրիր: Միայն պետք է հոգևոր տրամադրվածություն:

Եթե դու գտնվում ես դատավորի առջև՝ աղոթիր: Ժամանակին նեղության մեջ լինելով Մովսեսը ոչինչ չարտաբերեց, սակայն Աստված ասաց նրան. «Ինչո՞ւ ես Ինձ աղաղակում» (Ելից 14:15): Նրա շուրթերը չէին շարժվում, իսկ միտքը ձայնում էր: Այդպես արա և դու, սիրելիս, երբ կանգնած ես անգութ և անողոք դատավորի առջև, և մրրկածուփ ալիքները կհանդարտվեն: Մի՞թե Աստված մարդ է, որ փնտրես Նրան ինչ-որ տեղ: Աստված միշտ մոտ է:

Տեր Հովսեփ քահանա Հակոբյան

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ