24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Սերժ Սարգսյանը չի գնա այդ քայլին. Ժամանակ

Թերթի զրուցակիցն է քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը։

– ՀՀԿ-ն քննարկում է ՀՅԴ-ի հետ համագործակցության ձևաչափը, և չի բացառվում, որ այս երկու ուժերը շարունակեն կոալիցիոն կառավարությունը։ 2016-ին տարբեր պատճառներ կային Դաշնակցության հետ կոալիցիա կազմելու. ներքին՝ Հովիկ Աբրահամյան, իսկ արտաքին՝ ռուս-թուրքական սրված հարաբերություններ։ Իսկ հիմա ինչո՞ւ պետք է Հանրապետականին կոալիցիա անհրաժեշտ լինի։

– Կոչվում է կոալիցիա ՀՀԿ-ի և ՀՅԴ-ի միջև, բայց իրականում դա կոալիցիա է ՀՅԴ-ի և հանրապետության նախագահի միջև։ Այն ժամանակ, այո՛, կար նախկին վարչապետի խնդիրը, որից նախագահը ցանկանում էր ազատվել, ինչը և տեղի ունեցավ։ Ի դեպ, տեղի ունեցավ առավելապես Հովիկ Աբրահամյանի ոչ ճիշտ քաղաքականության շնորհիվ։ Վարչապետը տապալվեց, որովհետև ոչինչ չկարողացավ անել, ՀՅԴ-ն այստեղ կապ չունի. Աբրահամյանը պարզապես տեխնիկական վարչապետ էր դարձել։

Կան վերլուծություններ, որ ՀՅԴ-ի հետ քննարկումներ են տարվում, որ այս անգամ սցենարը կրկնվի արդեն գործող վարչապետի հետ կապված։ Բայց դա իրականությանը չի համապատասխանում, որովհետև այսօրվա վարչապետը ևս վտանգ չի սպառնում նախագահին, և նրա առավելությունները ոչնչացնելու կարիք չկա։ Իհարկե, Հանրապետական կուսակցությանն ընդհանրապես պետք չէ ՀՅԴ-ն, որովհետև ինքն ունի մեծամասնություն և ցանկացած որոշում կարող է անցկացնել առանց որևէ ուժի քվեի՝ ցանկության դեպքում նրան կմիանան «Ծառուկյանե դաշինքի ռեյտինգային թեկնածուները։ Հավանաբար այս պահին ՀՅԴ-ի հետ կոալիցիա պետք կլինի կառավարությունը փոքր-ինչ ծանրակշիռ դարձնելու համար՝ ՀՅԴ-ն գաղափարական կուսակցություն է. այսինքն՝ մեծամասամբ PR նշանակություն ունի։

– 2018-ին ընդառաջ՝ ի՞նչ ներքին խմորումներ կարող են լինել Հանրապետական կուսակցությունում։ Երբ դրսում չկա ուժեղ ընդդիմություն, ներսում են սկսում տարբեր ընդդիմադիր թևեր ձևավորվել։

– Հիմա նման բան չկա։ Հանրապետականն այդ փուլն անցել է, և այնտեղ հիմա չկա ներքին ընդդիմություն։ Կային Տիգրան Սարգսյանի, Հովիկ Աբրահամյանի կողմնակիցներ, բայց հիմա նման բան չկա։ Այդ բոլորը անցյալում է, այսօրվա դրությամբ նման խմբավորումներ չկան. Աբրահամյանի թևը չեզոքացել է, Տիգրան Սարգսյանինը՝ շատ ավելի վաղ, իսկ գործող վարչապետը թիմակիցներ չունի։

– Իսկ հնարավո՞ր է 2018-ի ամենակարևոր ինտրիգին ընդառաջ՝ այդ թիմակիցներն ի հայտ գան։

– Ո՛չ։ Վարչապետը թիմակիցներ չունի, գուցե կան անհատներ, որ աջակցում են վարչապետին, բայց դրանք թիմակիցներ չեն։ Իհարկե, Հանրապետական կուսակցությունում կան մարդիկ, որոնք ցանկանում են, որ վարչապետը հաջողության հասնի, բայց նրանք թիմակիցներ չեն։ Վարչապետը շարունակում է մենեջերի կերպարով գործել, իսկ մենեջերը թիմակիցներ չի ունենում։

Միգուցե այսօր մանր-մունր հարցեր լուծելու համար ՀՀԿ-ն կոալիցիա կազմի ՀՅԴ-ի հետ, բայց գործող վարչապետը դրա հետ կապ չունի։

– Բայց ՀՀԿ-ն կոալիցիա կազմելով՝ ինչ-որ զիջումների է գնալու, նախարարական, մարզպետների պաշտոններ պետք է զիջի։ Արդյոք կարիք կա՞ զուտ PR-ի համար նման զիջումների գնալ։

– Հարցն էլ հենց այդ է։ ՀՀԿ-ն չի զիջում, դա որոշում է նախագահը. եթե նախագահն այդպես որոշի, ապա ՀՀԿ-ականները կհիմնավորեն, որ դա խիստ անհրաժեշտ որոշում է։ ՀՀԿ-ն ինքնուրույն քաղաքական ուժ չէ, կա մեկ մարդ՝ Սերժ Սարգսյանը, և եթե նա որոշի, ապա մի քանի պաշտոն կտա ՀՅԴ-ին ու կոալիցիա կկազմի։ ՀՀԿ-ից 4-5 մարդ է տուժելու, նրանց էլ չնեղացնելու համար ուրիշ պաշտոններ կտրվեն։ Հանրապետական կուսակցության կարծիքը ոչ ոք չի հարցնում՝ առավել ևս հանրապետության նախագահը։

Միգուցե հետագայում նախագահը կարողանա ՀՅԴ-ն օգտագործել քաղաքական հարցերում։ Բայց հասկանալի է, որ անգամ 2018-ին վարչապետի հարցը ոչ թե նախագահը, այլ Մոսկվան է որոշելու, և նման խնդիր այլևս գոյություն չունի։ Եթե Մոսկվան որոշի, որ Կարեն Կարապետյանը պետք է շարունակի պաշտոնավարել, ապա տեղեկանք կբերեն, որ նա վերջին 4 տարում Հայաստանում է ապրել և պետք է պաշտոնավարի՝ այդպես էլ կլինի: Իսկ եթե որոշվի, որ վարչապետի պաշտոնը պետք է զբաղեցնի գործող նախագահը, ապա Կարապետյանի մասով այլ հիմնավորումներ կբերվեն։ Հարցը որոշվելու է Մոսկվայում։ Հիմա նախագահը ցույց է տալիս, որ ինքը վարչապետից ավելի մրցունակ է, ոչ հրապարակային գործունեությամբ այդպես է ցույց տալիս, և դրա մեջ ՀՅԴ-ն ունի իր ներդրումը։ Ընդհանուր պատկերը սա է։

Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ