20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Արցախի հարցով ծրագրվում է եռակողմ հանդիպում հոգևոր առաջնորդների միջև. Գարեգին Բ

Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը պատասխանել «Արմենպրես»-ի հարցերին՝ անդրադառնալով Կովկասի մահմեդականների վարչության նախագահ, Շեյխ ուլ իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեի՝ ապրիլի 12-ի այն հայտարարությանը, ըստ որի՝ ծրագրվում է եռակողմ հանդիպում:

– Վեհափառ Տեր, Կովկասի մահմեդականների վարչության նախագահ, Շեյխ ուլ իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն երեկ իր հարցազրույցում հիշատակել է հնարավոր հերթական եռակողմ հանդիպման մասին, որքանո՞վ է համապատասխանում իրականությանը այդ տեղեկատվությունը:

– Գիտեք, որ ղարաբաղյան հակամարտության սկզբնավորման առաջին օրվանից Մեր երջանկահիշատակ նախորդները, ապա և Մենք, միջնորդությամբ Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարքների, պարբերաբար հանդիպումներ ենք ունեցել Ադրբեջանի հոգևոր առաջնորդ Ալլահշուքյուր Փաշազադեի հետ` համատեղ ջանքերով նպաստելու հակամարտության խաղաղ կարգավորմանը: Մեր գահակալության շրջանում տեղի են ունեցել այդպիսի հինգ հանդիպումներ:

Ներկայիս, միջնորդությամբ Կիրիլ Պատրիարքի, այո՛, ծրագրվում է նման եռակողմ հանդիպում: Հանդիպման ժամկետները դեռ հստակ չեն. հանդիպման թվականի և օրակարգի ձևավորման ուղղությամբ կողմերի միջև աշխատանքներ են տարվում:

– Ձերդ Սրբություն, Ալլահշուքյուր Փաշազադեն նաև անդրադարձել է հայկական կողմի ջանքերով Շուշիի մզկիթի վերականգնման իրողությանը, նշել է, որ հայերը դա անում են սադրիչ նպատակներով: Ընդվզելով հայերի այս քայլի դեմ` շեյխ ուլ իսլամը տեղեկացրել է, որ հարցը բարձրացնելու է Մոսկվայում ԱՊՀ երկրների Միջկրոնական խորհրդի նիստին: Ինչպե՞ս է վերաբերվում այս մոտեցմանը Հայ Եկեղեցին:

– Անշուշտ, Ալլահշուքյուր Փաշազադեն ազատ է բարձրացնել ցանկացած խնդիր, ինչը և հաճախ անում է` տուրք տալով նաև ադրբեջանական քարոզչամեքենայի պահանջներին:

Պատմական փաստ է, որ, ի տարբերություն ադրբեջանական կողմի, որ ոչնչացնում է հայկական հետք պարունակող ցանկացած հուշարձան և սրբավայր, ինչպիսին էր պարագան օրինակ` հայոց հավատքի վկա Ջուղայի հազարավոր խաչքարերի կործանման, Բաքվի հայկական եկեղեցու` գրապահոցի վերածման, Նախիջևանի մեր վանքերի և եկեղեցիների ավերման, Արցախի իշխանությունները պահպանում ու վերականգնում են Արցախի հողում գտնվող իրենց պատմական ժառանգությունը, նաև այլ կրոնների պատկանող սրբավայրեր և հուշարձաններ:

Շուշիի մզկիթի վերականգնման վերաբերյալ գոհունակություն արտահայտելու փոխարեն Ադրբեջանի հոգևոր առաջնորդի կողմից դրսևորված ընդվզումը և դրա հիմնավորումը Մեզ համար անընկալելի է: Արդար և ազնիվ կլիներ այն արտահայտել սեփական երկրի տարածքում գտնվող հայկական սրբավայրերի և հուշարձանների նկատմամբ գործվող բարբարոսությունների առնչությամբ:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ