29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Ինչ են շշնջացել Սերժի ականջին. Հայկական Ժամանակ

samvel-babayan.-1-600x339

Հայտնի սփյուռքահայերի խումբը, ինչպես եւ խոստացել էր, խորհրդարանական ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով ժամանեց Հայաստան:

Սերժ Թանկյան, Ատոմ Էգոյան, Արսինե Խանջյան եռյակը իրենց ընկերների հետ միասին քվեարկության օրը անցկացրեցին հանրապետության տարբեր ընտրատեղամասերում, ինչ-որ բաներ ֆիքսեցին, ինչ-որ բաներ չֆիքսեցին, քվեարկության հաջորդ օրը ասուլիսում թեթեւակի գնահատեցին ընտրությունների արդյունքները եւ մեկնեցին Արցախ: Ապրիլի 3-ին հայտնի սփյուռաքահայերն արդեն Ստեփանակերտում էին: 

Արցախի մայրաքաղաքից խումբը կարեւոր ուղերձներ հղեց աշխարհասփյուռ հայությանը, սկսեցին քննարկումներ Արցախում Սերժ Թանկյանի կամ «System Of a Down»-ի համերգը կազմակերպելու հարցի շուրջ, ծնվեցին նոր ֆիլմերի գաղափարներ եւ այլն:

Սրանք շատ կարեւոր զարգացումներ են, եւ արժե, որ ամեն տարի տարբեր ոլորտներից հայտնի սփյուռքահայերը խումբ-խումբ նման այց կատարեն Հայաստան եւ Արցախ:

Բայց ի՞նչ կապ ուներ այդ այցը ընտրությունների հետ եւ  ի՞նչ տեղի ունեցավ իրականում, այդպես էլ անհասկանալի մնաց:

Ի սկզբանե «Արդարություն Հայաստանին» խորագրով ստորագրահավաք նախաձեռնվեց change.org միջազգային պորտալում: Շուրջ 5000 ստորագրություն հավաքվեց: Տեքստը, որի տակ մարդիկ ստորագրում էին, թեեւ կոնկրետ թիրախ չուներ, սակայն սուր կետեր էր պարունակում Հայաստանում կոռուպցիայի, անարդար կառավարման, մարդու իրավունքների ոտնահարման եւ ժողովրդավարության պակասի առնչությամբ:

Նախաձեռնողները որոշել էին Հայաստանում արդարությունը վերականգնելու ալիք ստեղծել, որը իր տրամաբանական հանգրվանին կհասներ ապրիլի 2-ի ընտրության ժամանակ: Իսկ հայտնի դեմքերի ներկայությունը քվեարկության օրը եւ սպասվող հետընտրական զարգացումների ժամանակ էական ազդեցություն պետք է ունենար հնարավոր ելքի վրա:

Արսինե Խանջյանի, ինչպես նաեւ Թանկյանի խոսքում հաճախ էր հանդիպում փողոցային պայքարի, ժողովրդի կողքին կանգնելու մասին արտահայտություններ: Նրանք համարում էին, որ Սփյուռքը իրավունք չունի դիտորդի կարգավիճակում հետեւելու, թե ինչ է կատարվում հայրենիքում, եւ պետք է շատ ավելի գործուն աջակցություն ցուցաբերի Հայաստանում արդարության վերականգման գործին:

Խորհրդարանական ընտրությունների համատեքստում հետընտրական, ինչպես նաեւ նախընտրական ցնցումների մասին խոսում էր միայն ՕՐՕ դաշինքը: Այստեղ չէին էլ թաքցնում, որ պատրաստվում են փողոցային պայքարի:

Ի՞նչ կապ ուներ սփյուռքահայերի ակտիվությունը սույն դաշինքի գործողությունների հետ, այդպես էլ պարզ չդարձավ: Թեեւ Վարդան Օսկանյանի անձնական հարաբերությունները հաշվի առնելով, շատերը չէին բացառում, որ ՕՐՕ-ի եւ «Արդարություն Հայաստանին» շարժման միջեւ ուղիղ կապ կա:

Եթե դա այդպես է, ուրեմն գործ ունեինք նախապես կազմված շատ ավելի մասշտաբային պլանի հետ, որտեղ յուրաքանչյուրն իր դերակատարումը պետք է ունենար: Օրինակ` Սեյրան Օհանյանը, Վարդան Օսկանյանն ու Րաֆֆի Հովհաննիսյանը քաղաքական մասը պետք է «ծածկեին», Սամվել Բաբայանն ու մյուս բոլոր ազատամարտիկները`ռազմական մասը, իսկ սփյուռքից ժամանած հայտնի դեմքերը ժողովրդական ալիքը պետք է կառավարեին կամ հնարավոր սրացումների ժամանակ ժողովրդի եւ զինված ուժերի միջեւ բուֆերային գոտի ծառայեին:  

Արդյո՞ք իրականում նման ծրագիր եղել է, թե՞ ոչ, դժվար է ասել, սակայն սփյուռքից ժամանած հյուրերի հետապրիլերկուսյան պահվածքը առնվազն տարօրինակ է: Ի՞նչ իմաստ ուներ ամիսներ շարունակ բարձրագոչ հայտարարություններ անել Հայաստանում արդարությունը վերականգնելու, փողոցային պայքարի, կառավարման համակարգի փոփոխության անհրաժեշտության մասին, իսկ ապրիլի 3-ի մեկնել Արցախ` երգել, պարել, ուրախանալ:

Ոչ ոք դեմ չէ, իհարկե. հիանալի են Արցախում արված բոլոր սիրողական եւ լրագրողական տեսանյութերը, որտեղ  Սերժ Թանկյանը եւ մյուսները շրջում են Ստեփանակերտում, առաջնագիծ են մեկնում, Սրբ. Ղազանչեցոց վանքում «Տեր ողորմեա»-ն կատարում: Բայց նման դեպքերում ասում են`չմոռանանք ինչի համար ենք հավաքվել:

Ընտրություններն ավարտվեցին, սփյուռքահայերի խումբը եկավ էլ, գնաց էլ, բայց այդպես էլ Հայաստանում արդարության պայքարը չերեւաց: Չենք պնդում, սակայն շատ հեռավոր նշաններ կան, որ Թանկյանենց խմբի պայքարի ոգին նույնպես Սամվել Բաբայանի ձերբակալությամբ կոտրվեց: Սա, ինչ խոսք, չի նշանակում, որ նրանք նախապես տեղյակ են եղել հավանական արյունալի սցենարների մասին: Հակառակը, ավելի հավանական է, որ արդեն Երեւանում գտնվելու ժամանակ նրանց շատ խնամքով ներկայացվել է, թե ակամայից ինչ մեծ ծրագրի մաս են կազմել, որից հետո կտրուկ փոխվել է խմբի վերաբերմունքն ու պահվածքը հայաստանյան ներքաղաքական զարգացումների վերաբերյալ: Իսկ արցախյան այցը տհաճ զգացողություններից ձերբազատվելու լավագույն տարբերակն էր:

Ամեն դեպքում այս ամբողջ պատմությունը նման էր Սփյուռքի որոշակի խմբին հայաստանյան ներքին խնդիրներում ներգրավելու եւ վատ իմաստով օգտագործելու անհաջող փորձի, որի կրկնությունն անթույլատրելի է:

Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ