24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Սերժ Սարգսյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Մոնղոլիայի նորանշանակ դեսպանը (Ֆոտո)

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին այսօր՝ ապրիլի 11-ին, իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Մոնղոլիայի նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Բանզրագչ Դելգերմաան (նստավայրը՝ Մոսկվա):

ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից   հայտնում են, որ Սերժ Սարգսյանը շնորհավորել է դեսպանին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ եւ մաղթել հաջողություններ: Սերժ Սարգսյանը նշել է, որ Հայաստանը մեծ կարեւորություն է տալիս ասիական տարածաշրջանի երկրների հետ հարաբերությունների զարգացմանը եւ հույս է հայտնել, որ Մոնղոլիայի դեսպանի նշանակմամբ հայ-մոնղոլական միջպետական հարաբերությունները կզարգանան ու կամրապնդվեն: Հանրապետության Նախագահը այդ համատեքստում կարեւորել է անհրաժեշտ իրավապայմանագրային դաշտի ձեւավորումը:

Դեսպան Դելգերմաան շնորհակալություն է հայտնել նախագահին եւ վստահեցրել, որ իր գործունեության ընթացքում ջանք չի խնայի վերականգնելու Հայաստանի եւ Մոնղոլիայի միջեւ եղած ավանդական լավ հարաբերություններն ու նոր ուղիներ գտնելու փոխշահավետ մի շարք ոլորտներում՝ առեւտրատնտեսական, հումանիտար եւ այլն, զարգացնելու փոխգործակցությունը: Տիկին Դելգերմաան ընդգծել է, թե անչափ հպարտ է, որ իր երկրի առաջին դեսպանն է այնպիսի հրաշալի երկրում, ինչպիսին Հայաստանն է, որի հետ Մոնղոլիան դիվանագիտական հարաբերություններ է հաստատել 25 տարի առաջ: Նրա համոզմամբ, այդ հոբելյանը լավ առիթ է վերարժեւորելու անցած ուղին եւ խորացնելու հարաբերությունները: Մոնղոլիայի դեսպանը նշել է, որ իր երկիրը հետաքրքրված է նաեւ Եվրասիական տնտեսական միության շուկայով եւ հույս է հայտնել, որ այդ միության անդամ Հայաստանը կաջակցի համագործակցության հաստատման ուղղությամբ Մոնղոլիայի ջանքերին:

Հանդիպման ժամանակ դեսպան Դելգերմաան նաեւ շնորհավորել է նախագահ Սերժ Սարգսյանին՝ Հայաստանում օրերս անցկացված խորհրդարանական հաջող ընտրությունների կապակցությամբ:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ