18 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Կարիք չկա մութ սենյակում սեւ կատու փնտրել, երբ կատուն այնտեղ չէ. Շարմազանով

Ներկայացնում ենք այսօր Ազգային ժողովում հայտարարությունների ժամին ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի հնչեցրած ելույթը :

՛՛Քաղաքական աշունը մեկնարկել է հետաքրքիր եւ բուռն զարգացումներով, թե՛ ներքին եւ թե՛ արտաքին քաղաքականության բնագավառներում: Ուշադրության է արժանի սեպտեմբեի 3-ին Մոսկվայում տեղի ունեցած Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահների հանդիպումը, որը կարելի է արդյունավետ որակել դաշնակից երկու պետությունների համար:

Առաջին, կողմերը հայտարարեցին, որ Ղարաբաղյան հակամարտությունն ունի բացառապես քաղաքական լուծում ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում: Սա նշանակում է, որ հարեւան Ադրբեջանի եւ նրա ավագ եղբայր Թուրքիայի՝ խնդրի լուծման այլընտրանքային, այդ թվում` ռազմականն կրտումները հօդս են ցնդում:

Երկրորդ, Հայաստանի եւ Ռուսաստանի ղեկավարները պատրաստակամություն հայտնեցին արդիականացնելու եւ դիվերսիֆիկացնելու թե՛ երկրի տնտեսությունը եւ թե՛ էներգետիկ անվտանգության համակարգը: Այս խնդիրը հավելյալ կարեւորություն է ստանում հայկական ատոմակայանի շահագործման ժամկետի երկարաձգմանն ուղղված աշխատանքների համատեքստում:

Եվ երրորդ, երկու դաշնակից պետությունները պատրաստակամություն հայտնեցին մինչեւ 2020 թվականը երկարաժամկետ տնտեսական համագործակցություն ծավալելու, մասնավորապես, հայկական կողմը քաղաքական հայտարարությամբ ազդարարեց, որ պատրաստ է միանալու Մաքսային միությանը, որը նոր տնտեսական հնարավորություններ կընձեռի մեր երկրի արտադրողին:

Ավելին` այս հայտարարության համատեքստում հստակ նշվեց, որ Հայաստանը պատրաստակամ է շարունակելու իր քաղաքական երկխոսությունը Եվրոպայի հետ: Սակայն արի ու տես, որ Մաքսային միությանն անդամակցելու մասին հայտարարությունը, չգիտես ինչու, ոմանց համար դարձավ ամպրոպ անամպ երկնքում: Սկսեցին շրջանառվել ամենատարբեր կարծիքներ, հասարակությունը արհեստականորեն բաժանվեց ռուսամետների եւ արեւմտամետների:

 

Հարգելի խորհրդարան,

 

Հայաստանի ժողովուդն իր ընտրությունը կատարել է դեռեւս 1991-ի սեպտեմբեի 21-ին՝ բռնելով անկախ պետականության ուղին: Պետական շահի գերակայությունից ելնելով` տարիներ շարունակ Հայաստանի իշխանությունները խորացրել են հարաբերությունները մեր ռազմավարական միակ դաշնակից Ռուսաստանի հետ՝ միեւնույն ժամանակ զարգացնելով երկխոսությունը եվրոպացի եւ այլ գործընկերների հետ:

Կարծում եմ՝ նրանք, ովքեր Հայաստան-Եվրոպա հարաբերություններում փորձում են վերջակետ դնել, մեղմ ասած, սխալվում են, քանզի եվրասիական եւ եվրոպական տնտեսական ինտեգրման գործընթացները մենք դիտարկում ենք որպես փոխլրացնող: Մենք պատրաստակամ ենք շարունակելու մեր երկխոսությունը եվրոպացի գործընկերների հետ եւ հետամուտ լինելու բարեփոխումների իրականացմանը:

Ամփոփելով խոսքս՝ նշեմ, որ ամենեւին կարիք չկա մութ սենյակում սեւ կատու փնտրել, երբ կատուն այնտեղ չէ՛՛:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ