28 Մարտի, Հինգշաբթի, 2024
KFC

Լիդերին չեն ներում անսկզբունքայնության մեջ. ժամանակը սպառվում է

image_25638

Սիրիան այս օրերին իր վրա է սևեռել միջազգային հանրության ուշադրությունը: Աշխարհի ամենապացիֆիստ նախագահներից մեկի համարում ունեցող Օբաման ցանկանում է ռազմական հարվածով կործանել Ասադի՝ անպարտելի թվացող դիրքերը: Բայց ամեն ինչ այնքան էլ հարթ չէ, որքան կցանկանար տեսնել Սպիտակ տան ղեկավարը:

“Պառլամենտական գեոպոլիտիկան” բավական մեծ անակնկալ մատուցեց և ԱՄՆ-ին, և մյուս երկրներին, և Վաշինգտոնի ամենամերձավոր դաշնակից Մեծ Բրիտանիան արդեն կայացրեց Սիրիային չհարվածելու քաղաքական որոշումը:

Նույնպիսի որոշում կայացրեց նաև մեկ այլ կարևոր երկիր՝ Գերմանիան: Սա լուրջ խնդիրներ հարուցեց ԱՄՆ-ի համար և ցույց տվեց, որ ամեն ինչ այնքան էլ հարթ չէ: Բայց հատկանշականն այն է, որ Ֆրանսիան պատրաստակամություն է դրսևորել հարվածել Սիրիային, իսկ հայտնի է պարբերաբար դրսևորվող ֆրանսիական օդիոզ դիրքորոշումը վաշինգտոնյան ստրատեգիական ծրագրերի նկատմամբ:

Հավանաբար, Եվրոպայում Փարիզի ամենամեծ մրցակիցների հրաժարումն ավելի է մեծացրել վերջինիս ցանկությունը կրկին վերհիշելու պատմական ոչ վաղ անցյալը, երբ Սիրիայի վրա տարածվում էր ֆրանսիական մանդատը:

Հիմա Միացյալ Նահանգները ռազմական հարվածի պլանի թույլտվությունը թողել է Կոնգրեսի հայեցողությանը՝ ըստ երևույթին դաշնակցային վակուումը լրացնելու համար որոշակի ժամանակ շահելու հեռանկարով կամ գուցե, հարվածելուց խուսափելու, բայց լիդերի պատասխանատվություն չկրելու համար, որովհետև խաղաղության Նոբելյան մրցանակակիր Օբաման բազմիցս հայտարարել է, որ Սիրիայում քաոսը վերացնելու համար, պետք է իրականացնի ռազմական միջամտություն (ըստ ամենայնի՝ պատերազմ՝ հանուն խաղաղության):

Հայտնի է, որ Քաղաքական լիդերի համար անչափ կարևոր հատկանիշ է խոստումը պահելու սկզբունքայնությունը: ԱՄՆ ռազմական դոկտրինը հստակ ընդգծում է, որ այն հանդիսանում է գլոբալ տերություն, հետևաբար, նրա նախագահը՝ գլոբալ լիդեր, իսկ լիդերին չեն ներում անսկզբունքայնության մեջ:

Բայց Արևմտյան մոդելի քաղաքական ռեժիմը, դեմոկրատիան, ունի մի շատ կարևոր արտաքին ու ներքին քաղաքական ռեսուրս. պառլամենտական կամ հանրային միջամտություն “կիրառել” բոլոր այն հարցերի նկատմամբ, որոնք առանձնանում են որոշակի բարդությամբ: Եվ այսպես, “պառլամենտական գեոպոլիտիկան” Վաշինգտոնի համար կարող է ունենալ մի քանի նպատակ.

1.  ժամանակ շահել մինչև գործընկերային վակուումը կլրացվի

2.  լիդերային իմիջի փրկում. չհարվածել Սիրիային, բայց չենթարկվել քննադատությունների

3.  թիրախային շեղում. ռազմական գործողության էասկալյացիայի դեպքում հանրային դժգոհությունների մի մասն ուղղվում է Կոնգրեսի վրա

4. “դեմոկրատական ռմբակոծություն”. որոշումը ոչ թե միանձնյա է, այլ հանրային քննարկման և պառլամենտական որոշման արդյունք

5. միջազգային լեգիտիմացում. ՄԱԿ ԱԽ-ում հարցը չներառելն առաջացրել է որոշակի բարդություններ, ինչը կասկածի տակ է առնում Սիրիային հարվածելու քաղաքական որոշման լեգիտիմությունը, ուստի այս քայլով փորձ է արվում դույզն-ինչ շտկել իրավիճակը

Այս բոլոր նպատակներն ուղղված են լավագույն տարբերակի որոնմանը, որոնք պատերազմի պարագայում ի զորու են մեղմել հնարավոր բացասական գործընթացները, որոնք կարող են ազդել քաղաքական իրավիճակի վրա թե՛ ներքին, թե՛ արտաքին հարթությունում: Ավելորդ չէ նշել, որ Պուտինն իր վերջին հայտարարությամբ Օբամային դրեց բավական բարդ կացության մեջ:

Բանն այն է, որ ՌԴ նախագահը հայտարարեց իր երկրի աջակցությունը դաշնակից երկրներին սիրիական հարցում միայն այն դեպքում, եթե լինի ՄԱԿ-ի փորձագետների ստուգելի և անաչառ փորձագիտական եզրակացությունը՝ կապված քիմիական զենքի կիրառման հետ, որը կարձանագրի, որ այդ զենքը կիրառել են Ասադի կողմնակիցները: Սա բավական հետաքրքիր դիվանագիտական խայծ էր, որով Պուտինը փորձում էր որսալ քաղաքական մի քանի դիվիդենտ.

1. առանց այս նախապայմանի Սիրիային հարվածելու դեպքում ԱՄՆ-ը կզրկվի ռուսական աջակցությունից, ինչն ավտոմատ ենթադրում է, որ դրա օրինականությունը Մոսկվայի կողմից դրվում է կասկածի տակ, 2. ստիպում է Սպիտակ տանը, անկողմնակալ երևալու համար, հենվել քիմիական զենքի կիրառման վերաբերյալ արված ստուգելի փորձագիտական եզրակացության վրա, որը կարող է ժամանակ ձգել կամ էլ լինել Ասադի օգտին և ավելի խճճել իրավիճակը 3. այս առաջարկին համաձայնելու դեպքում, Ռուսաստանը կարող է խաղի մեջ մտնել և թելադրել սեփական կանոնները:

Խնդիրները շատ են և չափազանց ընդգրկուն, ուստի ԱՄՆ-ին հեշտ չեն տրվելու “հումանիտար ռմբակոծության” համար անհրաժեշտ “արկերը”: Սիրիան ակնհայտորեն գլոբալ իրավիճակի փոփոխման ստրատեգիական օջախ է, այն կարող է փեխել, վերաձևել կամ բեկել ուժերի հարաբերակցությունը ոչ միայն տարածաշրջանում, այլև աշխարհում: ԱՄՆ-ն ունի մի քանի օր ժամանակ այս իրավիճակն օպտիմալ գնահատելու և բախտորոշ որոշում կայացնելու համար:

Արման Սահակյան, քաղաքագետ

 

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ