19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Սովորի՛ր ամեն ինչում ապավինել Տիրոջը

Բարի է Տերը, ամրոց է նեղության օրում. և Նա ճանաչում է Իրեն ապավինողներին: Նաում 1.7
 
Այստեղ երեք կարևոր բան է նշվում՝ բարի է Տերը, ամրոց է նեղության օրում, և Նա ճանաչում է Իրեն ապավինողներին: Նաումի գիրքն սկսվում է այն խոսքերով, որ Տերը չի հանդուրժում չարությունը և պատժում է մեղավորին: Կարդալով այս խոսքերը՝ մտածում ես, թե որքան խիստ է Աստված: Բայց երբ հասնում ես յոթերորդ խոսքին, հակառակ պատկերն է բացվում, և տեսնում ես, որ Տերը բարի է. Նա ամրոց է նեղության օրում:
 
Ամեն մեկս էլ ունենք Տիրոջ բարության կարիքը: Ինչպես մենք ենք ցանկանում բարություն անել ինչ-որ մեկին, այնպես էլ Տերն է ցանկանում բարություն անել մեզ: Ես հանդիպել եմ մարդկանց, ովքեր երազում են շատ գումարներ ունենալ՝ ուրիշներին օգնելու, ինչ-որ մեկի պարտքը վճարելու, ինչ-որ մեկի կյանքը բարելավելու համար: Եթե մենք, լինելով չար, բարի ցանկություններ ունենք, որքան ավելի Տերը, որ բարի է և հոգում է Իր ժողովրդի մասին:
 
Սիրելի՛ս, եթե այսօր նեղության մեջ ես և ելք ես փնտրում այդ իրավիճակից դուրս գալու համար, պարզապես խաղաղվի՛ր և հույսդ դի՛ր Տիրոջ վրա, որովհետև Նա ամրոց է նեղության օրում: Միգուցե շատ փորձեր ես արել, բայց ոչինչ չի ստացվել. դու չես զգացել, որ Տերը ամրոց է քեզ համար. շարունակի՛ր վստահել Նրան:
 
Հավատա՛, որ Նա միշտ էլ կանգնած է եղել քո կողքին: Եթե Նա քո կողքին չլիներ, միգուցե ամեն ինչ ավելի վատ լիներ: Ինչ նեղություն էլ լինի` ընտանեկան, կենցաղային, հոգևոր, իմացի՛ր, որ Տերն Իր հրեշտակների հետ ամրոցի նման պաշտպանում է քեզ: Եթե հույսդ դնես ոչ թե Տիրոջ, այլ մարդու վրա, կզրկվես այդ պաշտպանությունից:
 
Աստծո Խոսքն ասում է, որ Աստված ճանաչում է Իրեն ապավինողներին: Եթե չապավինեք Տիրոջը, չեք ճանաչվի Նրա կողմից: Նա ճանաչում է միայն նրանց, ովքեր ապավինում են Իրեն: Ես խոսում եմ ոչ թե Քրիստոսին որպես Տեր դավանելու, այլ՝ ամեն րոպե, ամեն վայրկյան, ամեն իրավիճակում Նրան ապավինելու մասին: Ապավինի՛ր Տիրոջը և կտեսնես Նրա բարությունն ու պաշտպանությունը: Միգուցե Նրան ապավինում ես միայն որոշ հարցերում, բայց ոչ բոլոր: Սովորի՛ր ամեն ինչում ապավինել Տիրոջը: Ամե՛ն:
 
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ