29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Անձնական կյանքի զրոյացման գնով

24638631489510289

2017 թ. խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավի շրջանակում ՀՀԿ նախագահի առաջին տեղակալ, ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր հանդիպում է ունեցել Երևանի Նոր Նորք և Նորք-Մարաշ վարչական շրջանների բնակչության հետ:

«Մենք ոլորտ առ ոլորտ գիտենք ինչպես փոխել երկիրը, քննարկել, հետազոտել, ախտորոշել, ձևակերպել ենք տեսլականը, հորիզոնը և գիտենք դրան ինչպես հասնել: Մենք ռեալ շանս ունենք ունենալու ժամանակից, զարգացած, բարվոք, բարեկեցիկ պետություն: Դրան հասնելու համար հնարավորություն չունենք խելացի չլինելու, մենք լավագույն տեխնոլոգիաները, կառավարման մեթոդները պետք  է ներդնենք»,- նշել է Կարեն Կարապետյանը՝ ավելացնելով, որ խելացի լինելու համար պետք է կրթվել, իսկ որպեսզի լավ կրթվենք, ուսուցչի խնդիրները պետք է քիչ լինեն, որպեսզի նրանք կարողանան իրենց գետելիքներն ու դրականը փոխանցել աշակերտներին: Վարչապետը նշել է, որ շատ լավ գիտակցում է՝ այսօր ոչ միայն ուսուցիչներն, այլ նաև տարբեր ոլորտների աշխատակիցներն ունեն  աշխատավարձերի ցածր լինելու խնդիր:

«Այդ իսկ պատճառով, մեր տնտեսությունն ագրեսիվ պետք է զարգացնենք, ես շատ լավ պատկերացնում եմ, որ մեր քաղաքացիները  ցանկանում են, որպեսզի դա իրականանա հենց վաղը կամ մյուս օրը, սակայն տնտեսությունն իներտ համակարգ է, որպեսզի այն թափ հավաքի, բավականին ժամանակ է պահանջում: Մենք պետք է գիտակցենք, որ մեկ օրում խնդիրները չեն լուծվելու, բայց մենք գիտենք ինչպես փոխել, ինչպես կյանքը լավացնել ու հստակ այդ ուղղությամբ գնալու ենք»,- ընդգծել է ՀՀԿ նախագահի առաջին տեղակալը:

Կարեն Կարապետյանն ընդգծել է, որ ՀՀԿ-ն  անելու է ամեն ինչ՝ բիզնես միջավայրը ներդրողի համար հասկանալի դարձնելու, ռիսկայնությունը նվազեցնելու համար:

Անդրադառնալով արտերկրում կրթություն ստացած մեր երիտասարդ հայրենակիցներին տարբեր  ոլորտներ ներգրավելու ուղղությամբ քայլերին՝ Կարեն Կարեն Կարապետյանը նշել է. «Մեր ծրագիրն է՝ ստեղծել աշխատատեղեր, որոնք կապահովեն արժանավայել աշխատավարձ, որպեսզի այդ երիտասարդն  ընտրի մեր տարբերակը: Մենք ձեռք ենք մեկնել ամեն տեղ, չկա մի ոլորտ, որտեղ շախմատային լեզվով ասած այդ ֆիգուրին ձեռք չենք տվել: Բոլոր այդ ոլորտների հետ կապված  այսօրվա կառավարության թիմին քիչ  թե շատ  հանգստացնում է մի բան, որ մենք այդ ոլորտների զարկերակը զգում ենք, գիտենք ուր պետք է շարժվենք և պատկերացնում ենք, թե ինչ քայլեր պետք է իրականացնենք»:

Խոսելով առողջապահության ոլորտում նախատեսվող քայլերի մասին՝ ՀՀԿ նախագահի առաջին տեղակալն ընդգծել է, որ այդ ուղղությամբ առաջնային է համարում առողջ ապրելակերպի  փիլիսոփայության տարածումը ՀՀ-ում: «Մենք այսօր պետական սուբսիդավորման մեխանիզմով առողջապահության ոլորտում  մրցակցության որոշակի շեղում ենք կատարել, երբ քաղաքացուն թույլ չենք տալիս բուժվել իր ցանկացած բուժհաստատությունում:

Այդ իսկ պատճառով՝ համակարգը սկզբունքորեն փոխելու ենք և վճարելու ենք այն կլինիկային, որն այդ ծառայությունը մատուցել է: Մենք այդ բնագավառում ունենք մեծ ստվեր և ոլորտի առջև խնդիր է դրվել ՀՆԱ-ի մեջ վերցնել իր մասնաբաժին բեռը: Պետպատվերով վիրահատությունների կատարման համակարգը ևս սկզբունքորեն փոխել ենք, պետպատվերի սակագինը բարձրացրել ենք՝ հասցնելով շուկայական գնին, ինչը բերելու է լրացուցիչ ծախսի, բայց որոշակի ծախսեր համարել ենք ոչ արդյունավետ, տնտեսումներ ենք կատարել ու այդ միջոցներն ուղղել դրան»,- ասել է վարչապետը՝ ավելացնելով, որ պետք է այնպես անել, որպեսզի առողջապահության ոլորտ ներգրավվեն լավ կառավարիչներ, մարզային բուժհաստատությունները հանձնվեն մասնավորի կառավարմանը:

Բնակիչներից մեկի՝ գազի և էլեկտրաէներգիայի սակագների նվազեցման վերբերյալ հարցին ի պատասխան կառավարության ղեկավարը նշել է, որ չի պատկերացնում որևէ կառավարիչ, վարչապետ, ով հնարավորություն կունենա նվազեցնել բնակչությանը մատակարարվող գազի և էլեկտրաէներգիայի սակագները ու շահագրգռված չի լինի գնալ այդ քայլին: 

«Դուք չեք կարող բերել փաստարկ, որ մենք դա չենք ուզում: Ո՞րն է տրամաբանությունը, եթե մենք ունենք հնարավորություն նվազեցնել սակագները, բայց չենք անում: Բոլոր մնացած փաստարկները, կարծում եմ, շատ դեպքերում պոպուլիստական են ու ոչ իրատեսական»:

Վարչապետի խոսքով, ՀՀ սպառողների համար գազի գնի ձևավորման տրամաբանությունը հետևյալն է` սահմանի վրա գազի գին, հաստատուն ծախսեր, որոնք անհրաժեշտ են Հայաստանի տարածքում և այդ հաստատուն ծախսերի համար շահութաբերության տրամաբանական նորմա, որպեսզի գազ մատակարարող ընկերությունը կարողանա սպասարկում իրականացնել, ներդրումներ անել և այլն: «Այն ծախսերը, որ այսօր բնակչությանը գազ մատակարարող ընկերությունը կատարում է, նախատեսված են շատ ավելի մեծ ցանցի համար: Եթե վաղը մենք կարողանանք մեր տնտեսությունը զարգացնել   և գազի սպառումը Հայաստանի Հանրապետությունում աճի, ապա գազի 1 խորանարդ մետրի վրա գազի մեկմիավոր ծախսը կնվազի:

Եթե որևէ մեկը, որևէ քաղաքական ուժ կամ տնտեսագետ գիտի ինչպես կարելի է այսօր գազի կամ էլեկտրաէներգիայի սակագինը նվազեցնել, թող այդ գաղտնիքը չպահի, հանդիպի այդ ընկերությունների հետ՝ ցույց տա, ապացուցի, և եթե մենք չկիրառենք, այդ ժամանակ կարող են մեզ համապատասխան պահանջ ներկայացնել։ Մենք ձեզ հետ պետք է ոչ թե հրաշքներին և պատրանքներին հավատանք, այլ պատրաստ լինենք այն բոլոր խաղի կանոնների, մարտահրավերների, տնտեսական սահմանափակումների պարագայում այնպես աշխատել, որպեսզի դրա ծախսը մեզ համար այդքան կրիտիկական չլինի»,- ասել է Կարեն Կարապետյանը՝ հավելելով, որ Հայաստանի տարածքի 94-96 տոկոսը գազիֆիկացված է: 

Ամփոփելով՝ ՀՀԿ նախագահի առաջին տեղակալը քաղաքացիներին մաղթել է լավատեսություն: «Համոզված եղեք՝ մենք իրականում գիտենք ինչպես փոխել երկիրը, դա հեշտ աշխատանք չէ, դա քրտնաջան, օր ու գիշերի, անձնական կյանքի զրոյացման աշխատանք է: Կարող է հարց առաջանալ, թե ինչո՞ւ եմ  գնում այդ ճանապարհով.  իրականում անհանգստություն ու պատասխանատվություն ունեմ, ընդ որում, որպեսզի չստացվի, որ ամպագոռգոռ եմ ասում, անհանգստություն և պատասխանատվություն ունեմ իմ երեխայի, իմ թոռան նկատմամբ, ոչ որպես վարչապետ,այլ որպես  Կարեն Կարապետյան: Այդ առումով, չափազանց կարևոր է, որ աշխատեք թիմային, դառնաք մեր ծրագրերի կրողը, գիտակցաբար, հոգով, սրտով ընտրություն կատարեք, ընտրեք այն ուժին, որին հավատում եք»,- նշել է վարչապետը: 

Ելույթներով են հանդես եկել նաև Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամներ ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը, ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը և Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ