19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Պոլսո պատրիարքի տեղապահի թեկնածու Մաշալյանը հանում է իր թեկնածությունը

Կ.Պոլսի Հայոց պատրիարքության հոգևոր խորհրդի ատենապետ Սահակ եպիսկոպոս Մաշալյանը հայտարարել է, որ մարտի 15-ին կայանալիք տեղապահի ընտրություններից իր թեկնածությունը հանելու է: Նա կոչ է արել ընտրությանը մասնակցող հոգևորականններին իրենց ձայնը տալ Գերմանիայի հայոց թեմի առաջնորդ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանին:

«Ակոսի» գլխավոր խմբագիր Էդվարդ Տանձիկյանի հետ հարցազրույցում Մաշալյանը բացատրել է որոշումը՝ նշելով որ իր հրաժարականի դիմումում հնչեցրած կոշտ գնահատականները հնարավոր է որոշ հոգևորականներին բարկացրած լինեն: Ըստ Մաշալյանի՝ այդ հանգամանքը կարող էր ազդել քվեարկության վրա՝ Արամ Աթեշյանին հնարավորություն տալով տեղապահ ընտրվել:

«Այդ պատճառով ասում եմ, որ տեղապահի ընտրություններում ինձ չընտրեն, այլ ինձ ընտրել ցանկացողները թող իրենց ձայները Գարեգին Բեքչյանին տան: Ժողովրդի մասին թող մտածեն: Մի քիչ էլ թող իրենց պատիվը փրկեն»:

Հաշվի առնելով անցյալի դառը փորձը՝ Մաշալյանը կասկածում է, որ Արամ Աթեշյանի տեղապահ ընտրվելու դեպքում պատրիարքի մյուս թեկնածուների համար քարոզչության հավասար պայմաններ կստեղծվեն: Ուստի, Գարեգին սրբազանը այդ պաշտոնում ավելի արդար, անկողմնակալ թեկնածու է դիտվում:

Մաշալյանը նշել է, որ տեղապահի թեկանծությունը հանելու մասին կհայտարարի մարտի 15-ին կայանալիք կրոնական ժողովում, որի ընթացքում էլ պետք է ընտրվի տեղապահը:

Հիշեցնենք, որ փետրվաի 13-ին Մաշալյանը հրաժարական էր տվել պատրիարքարանում զբաղեցրած բարձր պաշտոններից՝ որոշումը բացատրելով պատրիարքի փոխանորդ Արամ արք. Աթեշյանի վարքագծով:

Մաշալյանը Աթեշյանին մեղադրել էր պատրիարքի ընտրությունները արհեստական ձգձգելու մեջ:  Իրավիճակը հարթելու համար համայնքային կառույցների ղեկավարների միջնորդությամբ փետրվարի 16-ին Մաշալյանի և Աթեշյանի մասնակցությամբ ժողով է անցկացվում, որի ընթացքում պատրիարքի ընտրությունները կազմակերպելու մասին համաձայնագիր է ստորագրվում: Սակայն Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին 2-րդը չեղարկում է համաձայանգիրը եկեղեցական կանոնակարգին չհամապատասխանող կետի առկայության պատճառով: Այդ կետը նախատեսում էր, որ Աթեշյանը տեղապահի ընտրությունից հետո շարունակելու էր մնալ փոխանորդի պաշտոնում:

Խնդիրը հանգուցալուծվեց Մայր Աթոռ սուրբ Էջմիածնում, որտեղ Գարեգին 2-րդ նախագահությամբ և Արամ Աթեշյանի, Սահակ Մաշալյանի, ինչպես նաև Գերմանիայի հայոց թեմի առաջնորդ Գարեգին Բեքչյանի մասնակցությամբ 2-օրյա ժողով անցկացվեց: Արդյունքում կազմվեց արձանագրություն, համաձայն որի, մինչև մարտի 15-ը պետք է անցկացվեն տեղապահի ընտրություններ, որից հետո Աթեշյանը պետք է հրաժարական ներկայացնի:

Աղբյուր`    Ermenihaber.am
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ