16 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Եգիպտոս.

Դեռեւս անցած տարի` 2012թ-ին, այսպես կոչված “արաբական գարունը” անցավ նաեւ Եգիպտոսի վրայով: Եգիպտոսում բողոքի մեծ ալիք սկսվեց, որը տապալեց Մուբարաքի իշխանությունը, իսկ արդեն հունիսի 17-ին տեղի ունեցած նախագահական ընտրությունները իշխանության բերեցին “Մուսուլման եղբայրներին”` Մուհամմեդ Մուրսիի գլխավորությամբ: Մուսուլման եղբայրներ շարժումը իսլամիստական շարժում էր, այդ իսկ պատճառով “ժողովրդավարական” երկիր կառուցելու ակնկալիքները նոր ուժի կողմից այնքան էլ մեծ չէին: Նախ հաշվի առնենք այն, որ շարժումն ինքը իսլամիստական է եւ ավելի արմատական կարող էր լինել, քան նախորդը: Մյուս կողմից երկար տարիներ բռնապետական կարգերով ապրող մահմեդական երկիրը բնականաբար չէր կարող միանգամից “ժողովրդավարական” դառնալ, նամանավանդ, երբ նախագահի լիազորությունները սահմանափակվում էին բանակի կողմից:

Եվ ահա, ժողովրդավարության անցման ճանապարհին իր առաջին քայլերն անող Եգիպտոսում կրկին բողոքի ալիք է պայթում 2013թ-ի հուլիսի 3-ին, որը վերածվում է իսկական ռազմական հեղաշրջման: Նախագահ Մուրսիին ներկայացվում է 48-ժամյա վերջնագիր, որից հետո նա եւ նրա համախոհները հեռացվում են իշխանությունից եւ ձերբակալվում: Զինվորականները վերցնում են իշխանությունը, ստեղծվում է ժամանակավոր կառավարություն, որի ժամկետները դեռեւս հստակ սահմանված չեն: Ըստ նախնական տվյալների նախատեսվում է նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների անցակցում 12 ամսվա ընթացքում, որը ինքնին աբսուրդի է հասցնում ստեղծված իրավիճակը` հաշվի առնելով նաեւ ժամանկավոր կառավարության անկայունությունը:

Միաժամանակ ժողովրդական զանգվածները հավաքվում են Կահիրեի Թահրիր հրապարակում` պահանջելով ազատ արձակել նախկին նախագահ Մուրսիին եւ վերադարձնել նրա օրինական իշխանությունը: Այստեղ պետք է ի նկատի ունենալ նաեւ այն փաստը, որ նախագահ Մուրսին ընտրվել էր ժողովրդավարական ճանապարհով, ընտրությունների միջոցով, եւ միանգամայն արդարացի են այն զանգվածները, ովքեր զինվորականությանը մեղադրում են իշխանությունը անօրինական կերպով զավթելու մեջ:

Այսպիսով, մեր առջեւ հառնում է հետեւյալ իրավիճակը: Մի կողմից` զինվորականներ, ովքեր վերցրել են իշխանությունը ռազմական ճանապարհով, մյուս կողմից` նախագահ, որը ընտրվել է ժողովրդավարական ճանապարհով: Երկու կողմերն էլ ունեն իրենց համախոհները թե քաղաքական դաշտում, թե ժողովրդի շրջանում: Հարց է ծագում. արդյոք Եգիպտոսին սպառնում է Սիրիայի ճակատագիրը` քաղաքացիական պատերազմ:

Այս հարցին պատասխանելու համար պետք է տեսնենք, թե ինչու տեղի ունեցավ այս ամենը: Նախ հիշենք, որ նախագահ Մուրսին իշխանության եկավ զինվորականների օժանդակությամբ եւ իր նախագահության ամբողջ ընթացքում էլ նրա իշխանությունը սահմանափակվում էր զինվորականների կողմից: Վերջիններս շատ մեծ դեր ունեն Եգիպտոսում եւ եգիպտացիների խոսքերով “պետություն են պետության մեջ”: Իսկ ինչու չլինել հենց ‘պետությունը”: Ինչու կապել ձեռքերը “Մուսուլման եղբայների” միջոցով: Նամանավանդ, որ “պետություն դառնալու” համար շատ հարմար էր ժամանակը, երբ ժողովրդի մի մասը դժգոհ էր նախագահ Մուրսիի կառավարումից, իսկ վերջինս էլ ձգտում էր սահմանափակել զինվորականների իշխանությունը երկրում: 

Այս տեսանկյունից նայելիս մի շատ վտանգավոր հեռանկար է բացվում Եգիպտոսի համար: Իշխանության ճանապարհին, պետություն դառնալու ճանապարհին զինվորականությունը չի զիջի, եւ կիսատ չի թողնի արդեն սկսած գործը, իսկ երբ դառնա պետություն, արդեն չի բացառվի, որ Եգիպտոսը կվերադառնա իր նախկին բնապետական կարգերին:

 

Աստղիկ Գեւորգյան

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ