19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Դեպի արեւմտյան, եվրոպական արժեքներ. Առավոտ

“Առավոտ”-ի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանն այսօրվա համարում գրել է. “Նախկին խորհրդային եւ աշխարհի բազմաթիվ այլ երկրներում բարձրագույն իշխանական եւ “նրան կից” գործարար շրջանակները վստահ են` եթե նրանք կորցնեն իշխանությունը, դա աղետալի հետեւանքների կբերի:

Մասամբ իրենց այդ համոզմունքը ճիշտ է` դա կարող է աղետ լինել իրե՛նց համար: Ընդդիմադիրների` “արդար դատաստանի” մշտական սպառնալիքները, ժողովրդական լայն զանգվածների “լատենտ” ատելությունը (որը, սակայն, չի խանգարում նույն զանգվածներին ընտրակաշառք վերցնել), ինչպես նաեւ իշխանափոխություններից հետո “նախկին հանցավոր ռեժիմի» ներկայացուցիչների հետապնդումը հիմքեր տալիս են գործող իշխանավորներին մտածելու, որ իշխանությունը կորցնելուց հետո իրենց “գործը բուրդ է լինելու”:

Հետաքրքիր է նաեւ, որ այս միանգամայն հասկանալի վախն իրենք ներկայացնում են որպես մտահոգություն երկրի ճակատագրի համար: Եվ ընտրակեղծարարության “պաշտոնական” հիմնավորումը հետեւյալն է` “բա մենք կարո՞ղ ենթ թույլ տալ, որ սրանք գան իշխանության` նրանք երկիրն ավերակ կդարձնեն”: Մտածողության այս կարծրատիպը գուցե գալիս է ֆեոդալական ավանդույթներից` “թագավորի”` ի վերուստ օծյալ լինելու համոզմունքից: Արեւմուտքում այդ կարծրատիպը վերացել է մոտ երկու դար առաջ:

Ասիայում, Ռուսաստանում եւ հետխորհրդային երկրներում իշխանավորների եւ մասամբ ժողովուրդների այս պատրանքը պահպանվել է: Իսկ ովքե՞ր են հետխորհրդային լիդերներից, այնուամենայնիվ, փորձում կտրվել այդ ճահճային վիճակից: Վիկտոր Յուշչենկոն եւ Միխայիլ Սահակաշվիլին` գործիչներ, որոնց ընդունված է “արեւմտամետ” անվանել: Առաջինը, պարտվելով նախագահական ընտրություններում, իր իշխանությունը խաղաղ փոխանցեց Յանուկովիչին: Երկրորդը անցած երկուշաբթի անօրինական ճիգեր չգործադրեց` խորհրդարանում մեծամասնությունը պահելու համար: Իհարկե, այդ գործիչները հեռու են իդեալից, եւ իրենց երկրներում վիճակն առանձնապես նախանձելի չէ: Բայց ես պատահական չեմ համարում, որ հենց նրանք են այս հարցերում դրսեւորել որոշակի պետական խոհեմություն` այդպիսով նպաստելով իրենց հասարակությունների հասունացմանը: Իսկ հասուն հասարակությունն այն է, որտեղ քաղաքացիները գոնե մի քիչ հավատում են, որ իրենց վարքից, իրենց ակտիվությունից, ամենակարեւորը` իրենց ձայնից, քվեից ինչ-որ բան կախված է: Այդպիսի քաղաքացիները չեն արտագաղթում երկրից` անգամ եթե գտնվում են սուղ նյութական պայմաններում: Ավելի քիչ է նաեւ հավանականությունը, որ նրանք կսկսեն սեփական երկիրը թալանել:
Բոլորը կարծես ընդունում են, որ մեր, ինչպես նաեւ շատ այլ երկրների խնդիրը իներտ, կրավորական, փնթփնթացող զանգվածի փոխարեն քաղաքացիներ, ընտրողներ ունենալն է: Իսկ դրա համար անհրաժեշտ է առնվազն երկու նախապայման` առաջինը իշխանությունների գահընկեց լինելու վախից ազատվելն է, երկրորդը` “թագավոր-ստրուկ” հոգեբանությունը հաղթահարելը: Վստահ եմ, որ այդ երկու նպատակների համար էլ հասարակությունները պետք է շարժվեն, դեպի արեւմտյան, եվրոպական արժեքներ”:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ