19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ազատ տնտեսական գոտիները Հայաստանն ավելի գրավիչ կդարձնեն ներդրողների համար. ՀՀ էկոնոմիկայի նախարար

Սեպտեմբերի 27-28-ը Հռոմում էր գտնվում ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը:

Այցի առաջին օրը Տիգրան Դավթյանը հանդիպումներ ունեցավ Իտալիայի տնտեսական զարգացման նախարար Կ.Պասսերայի եւ Իտալիայի արտաքին առեւտրի գործակալության նախագահ Ռ.Մոնտիի հետ:

Հանդիպումների ընթացքում ՀՀ էկոնոմիկայի նախարարը ներկայացրեց Հայաստանում առկա բիզնես մթնոլորտը եւ արտաքին ներդրումները խրախուսելու նպատակով ՀՀ կառավարության կողմից իրականացվող հետեւողական քայլերը: Նախարար Դավթյանն ընդգծեց Հայաստանում արդեն իսկ հաջողությամբ գործող իտալական ընկերությունների գործունեությունը:

Նախարարը հատուկ անդրադարձ կատարեց Հայաստանում արդեն ստեղծված եւ ստեղծվելիք ազատ տնտեսական գոտիներին` նշելով, որ վերջիններիս առկայությունը առավել գրավիչ է դարձնելու Հայաստանը ներդրողների համար:

Տիգրան Դավթյանը նաեւ ներկայացրեց Ազատ առեւտրի մասին համաձայնագրի ստորագրման շուրջ ԵՄ եւ Հայաստանի միջեւ վարվող բանակցությունների ընթացքը` մատնանշելով վերջինիս ստորագրման կարեւորությունը Հայաստանի համար: Նախարարը նշեց, որ տվյալ պայմանագրի ստորագրման պարագայում Հայաստանը կհայտնվի տնտեսապես չափազանց շահեկան դիրքում` նկատի ունենալով ԱՊՀ երկրների հետ արդեն իսկ գործող նույնանման պայմանագրի առկայությունը:

Երկուստեք նշվեց, որ, թեեւ Հայաստանի եւ Իտալիայի միջեւ առեւտրաշրջանառությունը 2011թ. կտրվածքով աճել է շուրջ 40%-ով, իսկ ընթացիկ տարվա վեց ամիսների կտրվածքով` գրեթե կրկնապատկվել, այնուամենայնիվ, երկու երկրների միջեւ առեւտրաշրջանառության ներկայիս մակարդակը բավարար չէ, քանի որ երկու պետությունների միջեւ տնտեսական համագործակցությունն ունի շատ ավելի մեծ ներուժ:

Որպես լուրջ խթան հայ-իտալական տնտեսական հարաբերությունների զարգացմանը, նախարար Դավթյանը շեշտեց Հայ-իտալական միջկառավարական հանձնաժողովի ստեղծման կարեւորությունը:

Զրուցակիցները գոհունակությամբ նշեցին միջազգային վարկանիշային հեղինակավոր կազմակերպությունների կողմից Հայաստանին տրված գնահատականների աճը:

Այնուհետեւ, կողմերը քննարկեցին Հայաստանում ենթակառուցվածքների զարգացման, տեղեկատվական տեխնոլոգիաների, հեռահաղորդակցման, քիմիական արդյունաբերության, շինանյութի արտադրության, դեղագործության եւ գյուղատնտեսության ոլորտներում համագործակցության մի շարք հարցեր:

Նույն օրը նախարար Դավթյանը հանդիպեց նաեւ Իտալիայի տարածքային կառավարման, զբոսաշրջության եւ սպորտի նախարար Պ.Նյուդիին:

Զրուցակիցները գոհունակություն արտահայտեցին` Իտալիայից դեպի Հայաստան եւ հակառակ ուղղությամբ զբոսաշրջիկների թվի տարեցտարի արձանագրվող աճի կապակցությամբ:

Հանդիպման ընթացքում կարեւորվեց երկու երկրների միջեւ զբոսաշրջության հոսքերի ավելացումը եւ մատնանշվեց զբոսաշրջային արդյունաբերության մեջ ներդրումների խրախուսման անհրաժեշտությունը:

Հանդիպման ավարտին երկու նախարարների կողմից ստորագրվեց “ՀՀ էկոնոմիկայի նախարարության եւ Իտալիայի տարածաշրջանային գործերի, զբոսաշրջության եւ սպորտի նախարարության միջեւ զբոսաշրջության բնագավառում համագործակցության մասին” Փոխըմբռնման հուշագիր:

Այցի երկրորդ օրը Հռոմի Առեւտրի պալատի նստավայրում` պատմական Տեմպի Ադրիանի սրահում, անցկացվեց հայ-իտալական գործարար համաժողով: Հռոմում առաջին անգամ է տեղի ունենում ՀՀ էկոնոմիկայի նախարարի մասնակցությամբ գործարար համաժողով: Այն կազմակերպվել էր Իտալիայում ՀՀ դեսպանության, Հռոմի Առեւտրի պալատի եւ Զարգացման Հայկական գործակալության կողմից եւ անցկացվել Իտալիայի տնտեսական զարգացման նախարարության հովանու ներքո:

Համաժողովի աշխատանքներին մասնակցեցին 14 հայաստանյան եւ շուրջ 120 իտալական ընկերությունների ներկայացուցիչներ Իտալիայի Լացիո եւ այլ նահանգներից:

Համաժողովին ելույթներով հանդես եկան ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը, Իտալիայում ՀՀ դեսպան Ռուբեն Կարապետյանը,  Իտալիայի Առեւտրի պալատի նախագահ Ջ.Կրեմոնեզին, Իտալիայի տնտեսական զարգացման նախարարության պետքարտուղար Կ.Դե Վինչենտին եւ երկկողմ առեւտրային պալատների միության գլխավոր քարտուղարի տեղակալ Ս.Պետտինատոն:

Իրենց ելույթներում թե` Հայաստանի եւ թե` Իտալիայի պաշտոնյաները գոհունակությամբ նշեցին երկու երկրների միջեւ առեւտրատնտեսական հարաբերությունների վերջին տարիներին արձանագրված դրական դինամիկան, միաժամանակ ընդգծելով այդ հարաբերությունների հետագա զարգացման կարեւորությունը եւ դրա համար անհրաժեշտ բոլոր պայմանների առկայությունը:

Այնուհետեւ Զարգացման Հայկական գործակալության ներկայացուցիչը համաժողովի մասնակիցներին համառոտ ներկայացրեց Հայաստանում առկա բիզնես մթնոլորտը, Հայաստանի արտահանման եւ ներմուծման ցուցանիշները եւ հիմնական ոլորտները, ներդրումների խրախուսմանն ուղղված պետության հարկային եւ մաքսային քաղաքականությունը, ինչպես նաեւ Հայաստանում ստեղծվող ազատ առեւտրի գոտիների ազդեցությունը բիզնեսի զարգացման վրա:

Միջոցառմանը նաեւ ելույթներով հանդես եկան Հայաստանում արդեն իսկ հաջողությամբ գործող իտալական երեք ընկերությունների ներկայացուցիչներ:

Համաժողովի ընթացքում հայտարարվեց Հռոմում Իտալա-հայկական Առեւտրային պալատ հիմնելու գործընթացի մեկնարկի մասին:

Միջոցառման ինստիտուցիոնալ մասի ավարտին նախարար Դավթյանը եւ դեսպան Կարապետյանը պատասխանեցին իտալական ընկերությունների ներկայացուցիչների հարցերին:

Այնուհետեւ տեղի ունեցավ համաժողովի գործնական մասը, որի ընթացքում հայաստանցի եւ իտալացի գործարարները հնարավորություն ունեցան անմիջական շփումների միջոցով քննարկել միմյանց միջեւ համագործակցության հնարավորությունները:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ