19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Հրանտ Մաթեւոսյանը բարերարներից «պոկեց» գումարը

Ավետարանից հիշում ենք, որ այրի կինը Տաճարի գանձանակը գցեց՝ ինչ ուներ- չուներ, որ ընդամենը ԵՐԿՈՒ ԼՈՒՄԱ էր: Անմիտ մարդիկ կան, որ եզրահանգում են, թե՝ այդ կինը իբր կորսվեց, քանի որ գոյատևելու իր վերջին հնարն էլ տվեց Աստծուն, թեպետ «երկու լումայով» ինչ գոյատևելու մասին խոսք կարող էր լինել: Բայց այս իմանանք, որ այրի կինը ՀՈՒՅՍՈՎ տվեց. նշանակում է, որ ԲԱԶՄԱՊԱՏԻԿՆԵՐՈՎ ԳՏԱՎ: Եվ Աստված նրա հոգևոր ու մարմնավոր կարիքները առավելով սկսեց հոգալ: Մի օր ինձ հետ էլ երկու լումայի պատմությունը եղավ:

Ցուրտ ու մութ տարիներին, երբ վարձով էի բնակվում և գրպանումս ընդամենը երկու բաժակ սուրճի դրամ էր մնացել, և սրտումս աղաղակում էի, թե «Տեր, ի՞նչ պիտի անեմ», Տերն ինձ հուշեց, որ մտնեմ սրճարան և մի բաժակ սուրճ խմեմ: Դժվարությամբ մտա, որովհետև «երկու լումաս» դառնում էր «մեկ լումա», նաև ներքին՝ թաքուն հաճույքով մտա, քանի որ «Տերն էր ասել»:

Հանկարծ սրճարան եկավ մեր բարի գրողներից մեկը, հրաշալի մի մարդ, որ հարգում էր ինձ: Տերն ինձ հուշեց՝ ՄԻ ԲԱԺԱԿ էլ այս բարեկամիդ համար սուրճ գնիր, ի սրտե հյուրասիրիր: Եթե չանես, չեմ կարողանա քեզ օգնել: Հյուրասիրեցի: Եվ ահա, բարեկամս, թե՝ ԴՈԼԼԱՐՆԵՐԴ ՍՏԱՑԱ՞Ր: Եվ զարմանքս տեսնելով ասաց.

«Արտասահմանից բարերարներ են եկել, Հրանտ Մաթևոսյանի միջոցով գրողներին գումար են բաժանում»: Վերջին օրն է, զանգիր Հրանտին: Զանգեցի:

Հրանտ Մաթևոսյանն ասաց, թե բարերարներն իրենք են ցուցակը կազմել, քո անունը ցուցակում չկա: Ապա թե, Մաքսիմ, շատ ե՞ս նեղը: Ասացի՝ զրոյական: Լավ, ասաց, հիմա գնում եմ հյուրանոց՝ բարերարներին հրաժեշտ տալու, կաշխատեմ քեզ համար մի բան պոկել:

Եվ հաջորդ օրը մեծ գրողը ինձ որոշ ժամանակ պատվով գոյատևելու գումար տվեց՝ որքան որ կարողացել էր բարերարներից համոզել-վերցնել՝ «պոկել»: Որովհետև դժվարացրել էին, պատճառաբանել թե «իրենց ցուցակը վերջնական է և հավելյալ որևէ մեկի համար ոչինչ չունեն»:

Աստված օրհնելով օրհնի բարի բարեկամիս՝ բանաստեղծ Երվանդ Պետրոսյանին, թող որ հոգին լույս դառնա: Եվ խնկավետությամբ հիշի Հրանտ Մաթևոսյանին, որ Տիրոջ խղճմտանքով էր հովվում Հայաստանի գրողների միությունը: Ամեն: Ա’յ, մարդիկ էին, Աստվածասեր և մարդասեր:

Ինչպես տեսանք, Փրկչի վկայած «Այրի կնոջ երկու լուման”, հրաշքներ կարող է գործել. այնպես որ, չտրտնջանք Աստծուն տրվող տուրքերի մեջ և միայն սրտանց անենք այդ տուրքերը, ԱՌԱՆՑ ԴԺԳՈՀՈՒԹՅԱՆ, ա’յդ է գնահատվում:

Եվ հիշենք, որ Տերն այրի կնոջ երկու լուման ավելի մեծ գումար համարեց, քան բոլոր ունևորների գանձանակ գցած հսկայական գումարները՝ միասին վերցրած, որովհետև ասաց.

«Դրանք իրենց ունեցվածքի ավելորդ մասից գանձանակ գցեցին, բայց այս այրի կինը գցեց իր վերջին ունեցվածքը… ՀՈՒՅՍՈՎ»: Աստծո վրա մեր բոլոր հույսերը խարսխենք, և ՆԱ մեզ ամոթի մեջ երբեք ու երբեք չի թողնի: Ալէլույա… Ամե’ն:

Մաքսիմ Ոսկանյան

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ