24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ոնց որ նենց զոռով եք էս բանը բերել.վարչապետը՝ փոխոստիկանապետին

Փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանը կառավարության այսօրվա նիստի ժամանակ հայտնվեց անհարմար վիճակի մեջ:

Վարչապետ Կարեն Կարապետյանի մի շարք հարցերին փոխոստիկանապետը երկար ժամանակ չէր կարողանում ճիշտ պատասխան տալ:

Փոխոստիկանապետը ներկայացրեց որոշման նախագիծ, որով հանվում էր վարչական տուգանքները չվճարելուց հետո առաջացող տույժերը: Փոխոստիկանապետի փոխանցմամբ՝ բարեփոխումներին ուղղված 24 միջոցառում է իրականացվելու ոլորտում: Արդյունքում, ըստ փոխոստիկանապետի, բոլոր ջանքերը միտված են լինելու բնակչությանը մատուցվող ծառայությունների որակի բարձրացմանը, կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը, ճանապարհային պատահարների թվի և հետևանքների նվազեցմանը, վարչական բեռի թեթևացմանը:

Վարչապետը հարցրեց, թե կոնկրետ ինչ բեռի թեթևացում է նախատեսվում քաղաքացիների համար:

«Պարոն վարչապետ, նախ թեթևացնում ենք վարչական բեռը: Բավական դյուրացնում  ենք էն բոլոր փողոցային երթևեկության կանոնները, որտեղ դա հնարավոր է իրականացնել»,- նշեց Եղիազարյանը:

Կարեն Կարապետյանը հետաքրքրվեց՝ ի՞նչ նկատի ունեն, երբ ասում են, որ վարչական բեռն է թեթևանալու:

Փոխոստիկանապետը պատասխանեց, որ վարչական տույժերի վրա եկող տուգանքները նվազեցվում է երկու անգամ:

«Նվազեցնո՞ւմ ենք, թե հանում ենք»,- հարցրեց վարչապետը:

Եղիազարյանն այդպես էլ չգիտեր իր կողմից ներկայացվող նախագծի բուն էությունը և կրկնեց, որ տույժերը նվազեցնում են:

«Էս մեր քաղաքացիներին էդ ա հետաքրքրում, որ դուք տուգանքների տույժերը հանում եք»,- ասաց Կարեն Կարապետյանը:

Եղիազարյանը երրորդ անգամ կառավարության անդամներին հայտնեց, որ չեն հանում, նվազեցնում են:  Վարչապետը շարունակեց հարցնել. «Հիմա նվազեցնո՞ւմ, թե՞ հանում եք»,- Կարեն Կարապետյանը:

Վարդան Եղիազարյանը վերջում ասաց. «Հա, հանում ենք, պարոն վարչապետ»:

«Ոնց որ սրտով չեք հանում, ոնց որ ցանկանալով չեք հանում: Պարոն Եղիազարյան, ոնց որ նենց զոռով եք էս բանը բերել»,- արձագանքեց Կարեն Կարապետյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ