25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Յուրովի մի պատասխան` Ադրբեջանի նման աննորմալ, մարդատյաց քաղաքականության

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանի համոզմամբ` ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինի արտահանձնումը Բելառուս չի վախեցրել միջազգային դիտորդներին, Արցախի այցելուներին, և դրա վառ ապացույցն այն է, որ 2 օր կայացած հանրաքվեի ժամանակ դիտորդների ավելի մեծ հոսք է եղել: «Տարբեր երկրներից` Հարավային Ամերիկա, Հյուսիսային Ամերիկա, Ռուսաստան, Ճապոնիա, Պակիստան նույնիսկ, բազմաթիվ եվրոպական երկրներից դիտորդներ կային: Այսինքն` սա նաև Ադրբեջանի նման աննորմալ, մարդատյաց քաղաքականության յուրովի մի պատասխանն է»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա:

Դ. Բաբայանը հավելեց, որ եթե որևէ մի վախ կամ մտահոգություն լիներ, դրսից ժամանած հյուրերը բացեիաբաց հանդիպումներ չէին ունենա, բազմաթիվ հարցազրույցներ չէին տա: «Սա մի գործընթաց է, որը ցույց է տալիս, որ որևէ վախ, որևէ մտահոգություն չկա»,-նկատեց նա:

Հիշեցնենք, որ ի տարբերություն Սահմանադրությամբ խորհրդարանական-վարչապետական համակարգ ընտրած Հայաստանի՝ Ղարաբաղում նախագծով ենթադրվում է պահպանել և հզորացնել նախագահական կառավարումը: Նախագիծը համաժողովրդական քննարկման է դրվել դեռ անցյալ տարվա գարնանը:

Հարցին, թե ինչ կտա այս փոփոխությունը, Դավիթ Բաբայանը պատասխանեց. «Հիմնական շեշտը դրվել է, որ պետական կառավարման համակարգն ավելի հավասարակշռված լինի և ավելի արդյունավետ: Իհարկե, դրա մասին կկարողանանք խոսել որոշ ժամանակ անց, երբ նոր Սահմանադրությունը ցույց տա իրեն, բայց տեսականորեն պիտի ավելի արդյունավետ դարձնի, որոշ ժամանակ անց կտեսնենք, թե որքանով է  դա էֆֆեկտիվ, ինչ առաջընթաց է ապրել, ինչպիսի խնդիրներ են ծագել:

Այս պահի դրությամբ խոսել արդյունավետության մասին, երբ  նոր Սահմանադրությունը չի անցել, չի կիրառվում, ճիշտ չէ»:

Հարցին, թե այս փոփոխությունն ավտորիտարիզմի չի բերի, նախագահի խոսնակն արձագանքեց. «Ոչ, որովհետև գիտեք, որ շատ յուրահատուկ հարաբերություններ կան նախագահի և խորհրդարանի միջև, այսինքն` եթե նախագահը ցրի խորհրդարանը, ինքն էլ պիտի պաշտոնանկ արվի և հակառակը: Սա հավասարակշռության մեխանիզմ է, և այս ամենն արված է, որ հանկարծ նման միտումներ չլինեն»:

Ինչ վերաբերում է լրատվամիջոցներում շրջանառվող տեսակետին, թե սահմանադրական փոփոխությունը Բակո Սահակյանի վերարտադրումն ապահովելու համար էր, ապա Դ. Բաբայանը հիշեցրեց, որ նախագահն արդեն անդրադարձել է այս հարցին: Բակո Սահակյանը մասնավորապես ասել է. «Այս քայլով մենք հետապնդում ենք լրացուցիչ հնարավորություններ ստեղծել մեր երկրի զարգացման, մեր երկրի զորացման համար, իսկ սահմանադրական բարեփոխումները կոչված են ոչ թե մեկ անձի նպատակները երաշխավորելու, այլ կոչված են իրավական մշակույթի պայմաններում տվյալ երկրի կյանքը կառուցելու, կենսագործունեությունն ապահովելու։ Այսպիսին է եղել մեր նպատակը, բոլոր նրանք, ովքեր այլ կերպ են մեկնաբանում, ոչ միայն ճիշտ չեն, այլև ազնիվ չեն»։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ