24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ստեփան Անդրանիկյան-արվեստագետի հիշատակը վառ կմնա մտերիմների, գործընկերների և ժամանակակիցների սրտերում

2017 թվականի փետրվարի 16-ին, 90 տարեկանում կյանքից հեռացավ ՀՀ ժողովրդական նկարիչ, սիրված արվեստագետ Ստեփան Անդրանիկյանը։

Ստեփան Խաչատուրի Անդրանիկյանը ծնվել է 1927 թվականի օգոստոսի 20-ին, Կրասնոդարի երկրամասի Մայկոպ քաղաքում: Նա 1915 թվականին Եղեռնից փրկված գաղթականների ընտանիքից էր:

Անգերազանցելի է Ստեփան Անդրանիկյանի ներդրումը հայ կինոմատոգրաֆիայի զարգացման գործում։ Երեք տասնամյակից ավելի աշխատելով «Հայֆիլմ» կինոստուդիայում` նա ձևավորել է շուրջ 40 գեղարվեստական կինոնկարներ ու մուլտֆիլմեր, որոնցից են  հանրահայտ  «Տժվժիկը» (1961 թ.), «Ճանապարհ դեպի կրկեսը» (1963 թ.), «Նռան գույնը» (1969 թ.), «Մենք ենք, մեր սարերը»  (1969 թ.), «Մխիթար Սպարապետը» (1978 թ.) և շատ ուրիշներ։

1970-1982 թվականներին Ստեփան Անդրանիկյանը «Հայֆիլմի» մուլտստուդիայի գեղարվեստական ղեկավարն էր: Որպես բեմադրող ռեժիսոր, նա նկարահանել է 6 անիմացիոն ֆիլմ՝ «Արևի հարսնացուն», «Կախարդական լավաշ», «Վին Պինգվինը», որոնք արժանացել են մրցանակների միջազգային փառատոներում: Նա մեծ աշխատանք է կատարել Հայաստանում անիմացիոն ֆիլմի զարգացման և երիտասարդ կադրեր պատրաստելու գործում. ստեղծագործելուն զուգահեռ` զբաղվել է նաև մանկավարժական գործունեությամբ՝ դասավանդել է սկզբում Գեղարվեստաթատերական, ապա Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում՝ իր փորձն ու գիտելիքները փոխանցելով երիտասարդ բեմադրիչներին։

Ստեփան Անդրանիկյանը մշտապես զբաղվել է գեղանկարչությամբ՝ ստեղծել հայ մտավորականների ու իր մտերիմ մարդկանց դիմանկարների շարքեր,  նատյուրմորտներ ու բնանկարներ,  որոնք ամփոփում են աշխարհի ու մարդու մասին արվեստագետի մտորումները, իր արտիստիկ խառնվածքի  յուրահատկությունը։ Նրա գեղանկարչական ու գրաֆիկական աշխատանքներին արվեստասեր հանրությունը հաղորդակցվել է Հայաստանի նկարիչների միությունում կազմակերպված անհատական ցուցահանդեսներում (1978 թ., 1982 թ., 2003 թ., 2014 թ.)։

Ստեփան Անդրանիկյան-արվեստագետի հիշատակը վառ կմնա մտերիմների, գործընկերների և ժամանակակիցների սրտերում:

ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է Ստեփան Անդրանիկյանի հուղարկավորության կազմակերպման կառավարական հանձնաժողով:

Ստեփան Անդրանիկյանի հոգեհանգստյան արարողությունը տեղի կունենա ս. թ. փետրվարի 20-ին, ժամը 18:00-20:00` Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում: Վերջին հրաժեշտը` փետրվարի 21-ին, ժամը 12:00-14:00-ն, Հայաստանի նկարիչների միության շենքում: Հուղարկավորությունը` փետրվարի 21-ին, ժամը 14:00-ին,  Երևանի Շահումյանի գերեզմանատանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ