20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Հիվանդություններդ Նա է բժշկում

ՍԱՂՄՈՍ ՃԲ (102)- Նա՛ է քավություն անում մեղքերիդ, հիվանդություններդ Նա՛ է բժշկում: Նա՛ է քո կյանքը ապականվելու ախտից ազատում, Նա՛ է զատում քեզ մոլորությունից, քեզ պսակելով Իր ողորմությա՛մբ, գթությա՛մբ անհուն”:

Մեր Տիրո՛ջն օրհնիր, ի՛մ հոգի, որ ի՛նձ ես անձնավորում, և իմ ոսկորնե՛ր, բոլո՜րդ անխտի՛ր՝ մեր Տիրո՛ջն օրհնեք, քանի որ սո՛ւրբ է անունը Նրա: Հոգի՛ս, մեր Տիրո՛ջն օրհնիր շարունակ, և մի՛ մոռանար այն ամենը, որ Նա՛ է քեզ տվել:

Նա՛ է քավություն անում մեղքերիդ, հիվանդություններդ Նա՛ է բժշկում: Նա՛ է քո կյանքը ապականվելու ախտից ազատում, Նա՛ է զատում քեզ մոլորությունից, քեզ պսակելով Իր ողորմությա՛մբ, գթությա՛մբ անհուն:

Նա՛ է լցնում քո ցանկությունները Իր անմեկնելի՛ բարության գետով, քո մանկությունից քեզ նորոգելով՝ Նա՛ է կերտում քեզ որպես մի արծվի: Ողորմություններ կատարողն Ի՛նքն է, Նա՛ է պահպանում իրավունքները զրկվածների: Նա՛ էր Մովսեսին ճանապարհներն Իր բացո՛ւմ, ցո՛ւյց տալիս և Իսրայելի որդոց Իր Կամքի հետ ծանոթացնում: Տերը գթում է, նաև ողորմում, երկայնամի՜տ է և բազմաներո՜ղ:

Մինչ վերջին սահման Նա չի բարկանում և ո՛չ էլ ոխ է պահում հավիտյան: Ո՛չ մեր մեղքերի պես վարվեց մեզ հետ, ո՛չ էլ հատուցեց` ըստ մեր կատարած անօրեն գործի: Այլ ինչպես որ բարձր է երկինքն երկրից, այդպե՛ս Նա միայն ողորմությունն Իր երկյուղածների վրա պահպանեց: Որչա՜փ հեռու է արևելյան կողմը արևմուտքից, այդքա՛ն իսկ մեզնից մեր իսկ անօրեն արարմունքները Նա վանե՛ց հեռու:

Քանի որ գիտե՛ր, որ արարվա՛ծ ենք ու տկար կամքով, գիտեր՝ հողի՛ն ենք մենք վերադառնում: Մարդն իր օրերով նման է գետնից վեր ելնող խոտին, ծաղկում է ինչպես մի վայրի ծաղիկ: Ժամանակների ահեղ հողմի դեմ անցնո՛ւմ է անհետք ու տեղը նրա չի՛ էլ երևում:

Բայց հավիտյա՜նս հավիտենից է ողորմությունը Տիրոջից եկող, որդո՜ց որդի է արդարությունը Նրա փոխանցվում նրանց մեջ, ովքեր Տիրոջ հաստատած ուխտե՛րն են պահում, նրա՛նք են հիշում պատվիրանները և գործադրում են ակնածությա՛մբ: Նա երկնքի մեջ Աթոռն Իր դրեց. արքայությունը Նրա Վերնային՝ իշխո՛ւմ է, տիրո՛ւմ ամե՜ն- ամենքին:

Տիրո՛ջն օրհնեցեք, հրեշտակնե՛րդ Նրա ամենայն, դուք, որ հզո՛ր եք, զորությա՛մբ լցված և Նրա խոսա՛ծն եք գործադրում՝ լսելով Նրա պատգամները ողջ: Տիրո՛ջն օրհնեցեք, ո՛վ զորություններ Նրանից եկող, պաշտոնյանե՛րդ Նրա սահմանած, Նրա՛ սուրբ Կամքը գործադրողնե՛ր: Տիրո՛ջն օրհնեցեք, օրհնեցե՛ք բոլոր գործերը Նրա, Նրա տերության բոլո՛ր կողմերում օրհնեցե՛ք Նրան: Ի՛մ հոգի, Տիրո՛ջն օրհնիր շարունակ:

Փոխադրությամբ` Մաքսիմ Ոսկանյանի /գրաբարից/

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ