19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ջոն Ստենմայերը կգլխավորի «Ավրորա» լուսանկարչական մրցույթի ժյուրին

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունն ուրախ է ներկայացնել լուսանկարչական մրցույթի ժյուրիի կազմը: Ամերիկացի լուսանկարիչ Ջոն Ստենմայերի գլխավորած մասնագիտական ժյուրին կընտրի մարդասիրութան գաղափարները պատկերող լավագույն լուսանկարները:

 «Աշխարհի պատմությունը միշտ մեր աչքի առաջ է, մեր կողքին, մեզ հետ: Համարձակություն է պետք այս կարեւորությունն ընկալելու համար: Իրազեկման եւ խաղաղության համար աշխատելը նվիրվածություն, բարություն եւ համեստություն է պահանջում: Արդյունքում մենք կրում ենք այն լիակատար ազդեցությունը, որը ողջ մարդկությանը մղում է առաջ, դեպի բոլորի բարօրությունը: Սա է այն ոգին եւ նպատակը, որի համար ես հպարտ եմ ղեկավարել «Ավրորա» լուսանկարչական մրցույթի ժյուրին: Միացեք ինձ՝ օգնելով շարժել փոփոխությունների անիվը լուսանկարչության միջոցով», – ասել է Ջոն Ստենմայերը:

Ժյուրիի անդամներն են լուսանկարիչներ Անուշ Բաբաջանյանը եւ Զավեն Խաչիկյանը, արվեստի տեսաբան եւ համադրող Վիգեն Գալստյանը, կոմպոզիտոր եւ «Ավրորա» մրցանակի գեղարվեստական խորհրդի անդամ Մարինե Ալեսը եւ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության ղեկավար Արման Ջիլավյանը:

Լուսանկարչական մրցույթին, որը մեկնարկել է 2016թ. դեկտեմբերին, կարող են ներկայացվել լուսանկարներ, որոնք բացահայտում են մարդկայնության, հույսի, անձնվիրության եւ լուսավոր ապագայի գաղափարները: Հաղթող լուսանկարի հեղինակին «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը կշնորհի 2500 ԱՄՆ դոլարի պարգեւ, երկրորդ եւ երրորդ տեղերն զբաղեցրած լուսանկարների հեղինակներին՝ 1500 եւ 1000 ԱՄՆ դոլարի պարգեւ: Լուսանկարները ներկայացնելու վերջնաժամկետը 2017թ. մարտի 20-ն է: Մրցույթի մասին ավելին կարող եք իմանալ այստեղ:

 

Ժյուրիի կազմը

Ջոն Ստենմայեր (ժյուրիի նախագահ) – Ամերիկացի լուսանկարիչ Ջոն Ստենմայերը 2004 թվականից աշխատում է National Geographic ամսագրի համար: Նա լուսանկարել է ավելի քան 100 երկրում: Տասը տարի Ջոնն աշխատել է TIME ամսագրի համար: 2014թ. նա ստացել է հեղինակավոր World Press Photo of the Year մրցանակը: 2015թ. Ստենմայերը ժամանել է Հայաստան՝ աշխատելու National Geographic-ի մի ֆոտոպատմության վրա: «Ուրվականների երկիրը» (Ghostlands)  պատմություն է, որը ներկայացնում է, թե ինչ է ցեղասպանությունը բոլորիս համար 100 տարի առաջ եւ հիմա՝ օգտագործելով Հայոց ցեղասպանության պատմությունը որպես հիմք: Այդ ժամանակվանից Ջոնը Հայաստանում դասընթացներ է անցկացրել եւ իրականացրել է  մի շարք նախագծեր , այդ թվում՝ @Bridging.Stories նախագիծը, որը ներկայացնում է Հայաստանից եւ Թուրքիայից 24 երիտասարդ լուսանկարիչների ֆոտոպատմությունները՝ որպես  խաղաղության եւ հույսի կամուրջներ:

Մարինե Ալես – Մարինե Ալեսը հայտնի կոմպոզիտոր է եւ թատերագետ: Նա ավելի քան 300 հայերեն եւ ռուսերեն երգերի հեղինակ է: Նրա երգերը թողարկվել են են 5 ալբոմներում՝  «Կհեռանամ ինձանից» (1999թ.), «Իմ բարդիներ» (2001թ.), «Մտորումներ» (2003թ.), «Քո կողքին եւ առանց քեզ» (2007թ.), «Ոտաբոբիկ` երկնքով» (2010թ.): 2010 թվականին հրապարակել է «Բեկորներ» բանաստեղծությունների ժողովածուն: Մարինե Ալեսը եղել է «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի տարբեր տարիների ժյուրիի անդամ: Նա «Նվիրիր կյանք» հիմնադրամի համահիմնադիրն է: Մարինե Ալեսը «Ավրորա» մրցանակի գեղարվեստական խորհրդի անդամ է:

Անուշ Բաբաջանյան – Բուլղարիայի ամերիկյան համալսարանում լրագրողի մասնագիտություն ստանալուց հետո 2006 թվականից Անուշ Բաբաջանյանը Երեւանում սկսել է աշխատել BBC Monitoring ծառայության համար: Մեկ տարի անց նա՝ որպես անկախ ֆոտոլրագրող՝ իր ուշադրությունը կենտրոնացրել է Հայաստանում կանանց հիմնախնդիրների եւ Գյումրիի երկրաշարժի հետեւանքների վրա: 2012թ. Անուշ Բաբաջանյանն իր գործընկերների հետ հիմնադրել է 4Plus վավերագրական լուսանկարչական կենտրոնը: Անուշի գործունեության մեծ մասը նվիրված է եղել Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ խաղաղությանն ուղղված նախագծերին: Անուշ Բաբաջանյանի լուսանկարները հրապարակվել են Washington Post, VICE News, National Geographic եւ այլ միջազգային ու տարածաշրջանային պարբերականներում:

Վիգեն Գալստյան – Ավստրալիայում եւ Հայաստանում բնակվող Վիգեն Գալստյանն արվեստի տեսաբան է եւ համադրող, լուսանկարչության, ֆիլմերի եւ հայ ժամանակակից արվեստի մասնագետ: 2011թ. նա համահիմնադրել է «Լուսադարան» հայկական լուսանկարչական հիմնադրամը, որը նպատակ ունի հավաքել, ուսումնասիրել եւ պահպանել լուսանկարներ Հայաստանից եւ արտերկրից: 2006 թվականից նա հեղինակել է մի շարք ցուցահանդեսներ, էսսեներ եւ գրքեր՝ նվիրված լուսակարչությանը եւ հայկական արվեստին: Կինոյի եւ լուսանկարչության մասին նրա էսսեները հայտնվել են մի շարք հեղինակավոր պարբերականների էջերում, ինչպիսիք են Sweet sixties, We used to talk about love, Garden of the East: Այժմ Վիգեն Գալստյանը Սիդնեյի համալսարանում աշխատում է իր դոկտորական ատենախոսության վրա՝ «Հայ ճարտարապետության լուսանկարչությունը 19-րդ դարում» թեմայով:

Զավեն Խաչիկյան – Զավեն Խաչիկյանը լուսանկարիչ եւ վավերագրող է: Նա իր գործունեությունն սկսել 1980-ական թվականներին: 1988 թվականից որպես լուսանկարիչ վավերագրել է Ղարաբաղյան շարժումը՝ ծագումից մինչեւ պատերազմի տարիներ: Զավեն Խաչիկյանի լուսանկարչության կենտրոնում մարդն է, նրա զգացմունքները, դժվարություններն ու խնդիրները: Զավեն Խաչիկյանն աշխատել է Associated Press, TASS, TIME, Paris Match եւ մի շարք այլ միջազգային պարբերականների համար:

Արման Ջիլավյան – Արման Ջիլավյանը «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության ղեկավարն է: Նա RVVZ հիմնադրամի տնօրենների խորհրդի եւ UWC Dilijan քոլեջի հոգաբարձուների խորհրդի անդամ է, MEDIACRAT ընկերության համահիմնադիրը: 2011թ. նա ճանաչվել է Ռուսաստանի տարվա «Մեդիա մենեջեր» տպագիր մամուլ/ամսագրեր անվանակարգում: Արման Ջիլավյանը զբաղցրել է տարբեր պաշտոններ Ռուսաստանի մի շարք առաջատար մեդիա ընկերություններում («Նեզավիսիմայա գազետա», Eurasian Media Group) եւ ղեկավարելէ Time Inc.-ը Ռուսաստանում (FORTUNE եւ Popular Science ամսագրեր):

 

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության մասին

«Ավրորա» նախաձեռնության նպատակն է ստեղծել համաշխարհային մարդասիրական շարժում։ Այն իր արմատներով հասնում է Հայոց ցեղասպանություն, որին զոհ գնաց ավելի քան մեկուկես միլիոն հայ, ու հիմնված է այդ տարիներին տեղ գտած խիզախության ու վերապրումի ոգեշնչող պատմությունների վրա։ Սակավաթիվ հաջողակներ փրկվել են բացառապես խիզախ անհատների եւ մարդասիրական կազմակերպությունների միջամտության շնորհիվ։ Մեկ դար անց «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը երախտագիտությամբ ներկայացնում է փրկվածների ու նրանց փրկողների պատմությունները՝ մեծարելով մարդկային ոգու տոկունությունը եւ փառաբանելով մարդասիրությունը։

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունն ստեղծում, ներառում եւ օժանդակում է նախագծեր, որոնց նպատակն է բարձրացնել հանրային իրազեկվածությունն աշխարհի առավել հրատապ մարդասիրական հիմնախնդիրներից շատերի վերաբերյալ եւ քայլեր ձեռնարկել դրանց լուծման ուղղությամբ։ Այդ նախագծերից են «Ավրորա» մրցանակը, Aurora Dialogues քննարկումները, «Ավրորա» մարդասիրության ցուցիչը, Երախտագիտության նախագծերը եւ 100 LIVES նախաձեռնությունը։

«Ավրորա» նախաձեռնությունը Վարդան Գրեգորյանի, Նուբար Աֆեյանի եւ Ռուբեն Վարդանյանի մարդասիրական ձեռնարկումն է։ Այն ներկայացված է երեք հիմնադրամների կողմից՝ 100 Lives հիմնադրամ (Նյու Յորք, ԱՄՆ), 100 Lives հիմնադրամ (Ժնեւ, Շվեյցարիա) եւ IDeA հիմնադրամ (Երեւան Հայաստան):

Ավելին՝ www.auroraprize.com

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ