18 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Մահացել է երգչուհի Ֆլորա Մարտիրոսյանը

Ըստ Պանորամայի,55 տարեկան հասակում,  ԱՄՆ-ում լեղապարկի վիրահատությունից հետո մահացել է հայտնի երգչուհի Ֆլորա Մարտիրոսյանը: Մշակույթի նախարարությունում էլ նոր են գույժը ստացել, պատրաստվում են հանձնաժողով ստեղծել: Առայժմ չգիտեն, երգչուհուն հուղարկավորելու են հայրենիքում, թե Կալիֆորնիայում, որտեղ վերջին տարիներին ապրում էր երգչուհին:

Ֆլորա Մարտիրոսյանը ծնվել է 1957թ. փետրվարի 5-ին Գյումրիում: Դպրոցին զուգահեռ ավարտել է նաեւ Գյումրու Արմեն Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցը: 1973թ.-ից սկսել է հանդես գալ “Հանրապետական” ռադիոյով եւ հեռուստատեսությամբ: Այնուհետեւ` ուսումը կոնսերվատորիայում շարունակելու համար տեղափոխվել է Երեւան:

1978թ.-ին Գերմանիայի Համբուրգ քաղաքում կայացած միջազգային փառատոնի մրցանակակիր. առաջին միջազգային հաջողությունն էր: Այնուհետեւ Գուսան Աշոտի “Ծովաստղիկը” Ֆլորա Մարտիրոսյանի կատարմամբ 15 տարի շարունակ ճանաչվել է տարվա լավագույն երգ: Հյուրախաղերով հանդես է եկել աշխարհի ավելի քան 60 երկրներում: 1989թ.-ին ամուսնացել է, ունի 2 երեխա:

1991թ.-ին մեկնել է Ամերիկայի միացյալ նահանգներ: Հայրենիք է վերադարձել 1995թ.-ին եւ շարունակել իր երաժշտական գործունեությունը: 1997-2001թթ. ղեկավարել է Արմեն Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցը: 2002թ.-ին Լոս-Անջելեսում` Հոլիվուդ եւ Բրբենկ քաղաքներում հիմնել է “Կոմիտասի” անվան երաժշտական դպրոցները, որոնք շատ կարճ ժամանակահատվածում մեծ ճանաչում են բերել անվանի երգչուհուն:
2006-2007թթ.-ին առաջին անգամ Հայաստանում նախաձեռնել եւ անցկացրել է “Կոմիտաս” համահայկական միջազգային մրցույթը, որին մասնակցել է շուրջ 2000 հայ երեխա` Հայաստանից եւ այլ երկրներից:

2007թ.-ին հիմնել է “Artists for peace” բարեգործական հիմնադրամը, որի կազմում ընդգրկվելու են աշխարհահռչակ երգիչ-երգչուհիներ, հոլիվուդյան գերաստղեր` արվեստի ուժով իրենց ձայնը միացնելու Հայոց Ցեղասպանությանը եւ աշխարհում տեղի ունեցած նման կարգի ոճրագործություններին ոչ` “Այլեւս երբեք” ասելու համար:
Նույն թվականին մեծանուն երգչուհին Գլենդելի “Ալեքս” համերգասրահում հանդես է եկել մենահամերգով, որի ժամանակ ելույթ է ունեցել նաեւ հոլիվուդյան գերաստղ Շերոն Սթոունի եղբայրը` պոետ, երգահան Մայքլ Սթոունը: Համերգին մասնակցել են նաեւ Շերոն Սթոունը եւ հոլիվուդյան բազմաթիվ արտիստներ:

2011թ.-ի Նոյեմբերի 1-ին Լոս-Անջելեսի “Գիբսոն” համերգասրահում տեղի ունեցավ առաջին համերգը, որին մասնակցեցին` Սթիվի Ուոնդերը, Չակա-Կանը, Էրիկ Բենեթը, Բոբի Բրոունը եւ ուրիշներ: Համերգի ժամանակ Ֆլորա Մարտիրոսյանին է հանձնվել Միացյալ նահանգների կոնգրեսմեն Բրեդ Շերմանի հատուկ պատվոգիրը` հայ համայնքին առանձնահատուկ եւ անգնահատելի ծառայություններ մատուցելու եւ երգի միջոցով համայն աշխարում խաղաղության կոչ անելու համար:

 

ՀԵՆԱՐԱՆ-ի խմբագրակազամը ցավակցում է երգչուհու հարազատներին եւ մտերիմներին:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ