18 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

«Պարոն Բագրատյանի հետ քննարկումներ կան, և առաջիկայում պարզ կլինի վերջնական արդյունքը»

Henaran.am-ի հետ զրույցում «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անժելա Խաչատրյանն անդրադառնում է ներկայումս իրենց կուսակցության և այլ ուժերի ու անհատների հետ տարվող բանակցությունների ընթացքին, մամուլում շրջանառվող անուններին:

Տիկի՛ն Խաչատրյան, ո՞ր քաղաքական ուժերի հետ է ներկայումս համագործակցում «Ազատ դեմոկարտները»:

-Մենք մի քանի անգամ ասել ենք, որ քննարկումներ ենք անցկացնում այն քաղաքական ուժերի և անհատների հետ, ովքեր գործում են ազատական դաշտում, այսինքն` կիսում են այն մոտեցումներն ու սկզբունքները, որոնք առաջ է տանում «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը, արդեն քանի տարի է: Մեզ համար ինքնանպատակ քննարկումներ և բանակցություններ չեն կարող լինել, հետո ուղղությունը, նպատակն այնպես է դրված, որ լինի գաղափարական համագործակցություն, և դուք կտեսնեք այդ ամեն ինչը: Պետք չէ շտապել, առաջիկայում ամեն ինչ կհրապարակվի, պաշտոնական հայտարարություն կլինի, և հանրությունն էլ կիմանա, թե ում հետ ենք մենք համագործակցելու:

Կոնկրետ Հրանտ Բագրատյանի «Ազատություն» կուսակցության հետ բանակցությունների մասին է մամուլը գրում:

-Այո, դրանք շրջանառվող լուրեր չեն ուղղակի, մենք չենք էլ հերքել, պարոն Բագրատյանի հետ քննարկումներ կան, և առաջիկայում պարզ կլինի վերջնական արդյունքը:

Ստյոպա Սաֆարյան, Անահիտ Բախշյան, նրանց անուններն են նշվում, որ կարող են լինել ձեր ցուցակում:

-Այո, Ստյոպա Սաֆարյանի և Անահիտ Բախշյանի հետ մենք ևս խոսել ենք, այդպիսի քննարկումներ կան: Ես ինչպես նշեցի, մենք ի սկզբանե նպատակ ենք դրել, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցենք «Ազատ դեմոկրատների» ցուցակով, այստեղ կլինեն նաև անձինք, ովքեր կիսում են մեր գաղափարները, գտնվում են նույն դաշտում, որտեղ գտնվում ենք մենք: Դա լինելու է թե «Ազատ դեմոկրատների» ցուցակը, թե այն մարդկանց, ովքեր ընդգրկվելու են և պատասխանատու են լինելու այդ ցուցակի համար: Ստյոպա Սաֆարյանն ու Անահիտ Բախշյանը քաղաքական դաշտի այն անհատներից են, ովքեր իրենց մոտեցումներն ունեն, կիսում են մեր գաղափարները և սկզբունքորեն այս բոլոր տարիների ընթացքում պահել են իրենց մոտեցումները: Առաջիկայում` շատ շուտով, հայտարարություն կլինի, և դուք կտեսնեք, թե ովքեր են լինելու մեզ հետ:

-Իսկ պարտադի՞ր է, որ անդամակցեն կուսակցությանը:

-Այս նոր ընտրական օրենսգիրքը սահմանում է, որ կուսակցության կամ դաշինքի ցուցակում կարող են լինել 30 տոկոսը ոչ կուսակցության անդամներ, այնպես որ այստեղ որևէ խնդիր չկա, և պարտադիր անդամակցություն, անդամագրման գործընթաց չի արվում:

Առաջարկ արվե՞լ է Թևան Պողոսյանին:

-Չեմ ուզում այս պահին որևէ այլ անուններ տալ, այն, ինչ գիտեք, կա, մնացած անունների վերաբերյալ առաջիկայում հրապարակային կլինի: Այս պահին քննարկումներ են, և ճիշտ չեմ համարում անուններ տալ:

Հարցազրույցը` Սերինե Գաբրիելյանի:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ