19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ինչ է նշանակում` Հիսուսը թակում է քո դուռը

«Ահավասիկ ես դռան առաջ եմ և բախում եմ, եթե մեկը ականջ դնի իմ ձայնին և բաց անի դուռը, կմտնեմ նրա մոտ և կընթրեմ նրա հետ և նա՝ ինձ հետ» (Հայտ․ 3։20):

Այս խոսքը ես վերցրել եմ Հովհաննես Առաքյալի Հայտնության գրքի 3-րդ գլխի 20 համարից։ Կարող ենք առանձնացնել երկու կարևոր մտածումներ․ ա․ Ես դռան առաջ եմ և բախում եմ․բ․ Եթե մեկը ականջ դնի իմ ձայնին և բաց անի դուռը, կմտնեմ նրա մոտ կընթրեմ նրա հետ և նա՝ ինձ հետ։

Իհարկե այս երկու մտածումներն էլ բառացի չպետք է հասկանանք, քանի որ Հիսուս այսօր ֆիզիկապես մեզ հետ չէ և ուղղակիորեն չի կարող մեր նյութական դուռը ծեծել։ Պատկերացրեք, եթե Հիսուսի փոխարեն ձեր դուռը ծեծում է մի մուրացկան կամ կարիքավոր մեկը և դուք նայում եք դռան արանքից ու տեսնելով նրա տխուր և աղքատիկ վիճակը, դուռը չեք բացում նրան օգնելու ու ինչ որ ձևով թեթևացնելու նրա վիճակը, դուք մերժում եք ոչ թե մուրացկանին, այլ՝ Հիսուսին. »Եթե մի եղբայր կամ քույր մերկ լինեն կամ օրվա ուտելիքի կարոտ և ձեզնից մեկը նրանց ասի՝ «Գնացեք խաղաղությամբ, տաքացեք և հագեցեք», և դուք նրանց չտաք մարմնին անհրաժեշտ բաները, ի՞նչ օգուտ է» (Հակ․ 2։15-16), ասում է Հակոբոս առաքյալնը։

Շատերը պատճառաբանում են, թե մի կյանք են ապրում, Աստված, Հիսուս, հոգևոր բարիքներ, սրանք մեզ չեն կշտացնի, դրամը, ունեցվածքը, հարստությունն են, որոնք մեզ հնարավորություն պիտի ստեղծեն լավ ապրելու ու վայելելու կյանքը։ Այսօր մենք ոչ թե խոնարհվում ենք Ամենազոր Աստծու առաջ ու հավատում Նրա զորությանը, այլ՝ դժբախտաբար դարձել ենք չարի ստրուկը, որը երևում է զանազան վայելքների ու հաճույքների կերպարանքով։ Իսկ երբևէ մտածե՞լ ենք, թե ի՞նչ ենք տանելու այս աշխարհից, ո՞ւմ ենք թողնելու մեր հարստությունը, մեր ունեցվածքը, ոսկիներն ու դոլարները։

Այս պատմությունը վստահ եմ կհետաքրքրի ձեզ։

Գյուղում մի կոշկակար էր ապրում: Արդար կյանքով էր ապրում, մեծ հավատք ուներ: Եվ ահա, եկեղեցական մի մեծ տոնից առաջ հիվանդանում է ու շատ վշտանում, որ չի կարող եկեղեցի գնալ։ Հանկարծ, տոնի նախօրեին, ինչ-որ մեկի մեղմ ու հեզ ձայնը երազում նրան ասում է. «Քանի որ դու չես կարող ինձ մոտ գալ, ես կգամ քեզ մոտ»: Կոշկակարն արթնանում է և ուրախանում. «Մի՞թե Աստված Ինքն է այցելելու ինձ»: Ողջ առավոտ տունը մաքրում ու կարգի է բերում, որքան կարող էր տոնական հյուրասիրություն է պատրաստում և սպասում է ցանկալի Հյուրի այցին:

Եվ ահա, պատրաստության ժամանակ, պատուհանից մի լացող տղայի է տեսնում: Իր մոտ է կանչում նրան ու հարցնում. «Ինչո՞ւ ես լալիս»: «Այսօր միակ կոշիկներս պատռվեցին և այլևս հագնելու ոչինչ չունեմ, իսկ մեր ընտանիքն աղքատ է և նորերը գնել չի կարող»,- ասում է տղան։ Այն ժամանակ կոշկակարը հանգստացնում է տղային և ասում. «Կոշիկներդ ինձ տուր, ես կվերանորոգեմ»: Կարճ ժամանակ անց, երջանկությունից շողացող տղան, կանգնած էր վերանորոգված կոշիկներով: Նրան ճանապարհելով՝ կոշկակարը շարունակում է իր գործը: Երեկոյան մի աղքատ կին է գալիս նրա մոտ և ասում. «Ներիր ինձ, խնդրում եմ: Երկարաճիտք կոշիկներս քեզ եմ տվել վերանորոգելու, իսկ վճարել չեմ կարող… Բայց առանց դրանց էլ անհնար է դուրս գալ, որովհետև ցրտել է…»։ Կոշկակարը ժպտում է ու ասում. «Երկարաճիտք կոշիկներդ պատրաստ են: Կրիր և մի մաշիր»,- և դրանք կնոջն է տալիս՝ առանց որևէ բան պահանջելու:

Մթնում է: Կոշկակարը, գործերը վաղուց ավարտած, նստել էր պատուհանի մոտ և սպասում էր խոստացված Հյուրին: Արդեն քնելու ժամն էր, երբ անպտուղ սպասումից ընկճված կոշկակարն սկսում է անկողինը բացել: Եվ ահա, դուռը ծեծում են: Բացելով այն, նա իր առջև տեսնում է մի անցորդի, ով ասում է. «Թույլ տուր այստեղ գիշերեմ, ողջ օրը քայլել եմ, բայց գիշերելու տեղ չունեմ, ոչ ոք ինձ գիշերելու տեղ չի տալիս… Կոշկակարը խղճում է նրան և հրավիրում ներս: Իր անկողինը նրան է տալիս, իսկ ինքը տեղավորվում է հատակին: Նստած մտածում էր.

«Երևի անարժան գտնվեցի Հյուրին, որովհետև այդպես էլ չայցելեց ինձ այսօր… Հավանաբար արժանի չեղա այդ մեծ տոնական օրը Նրա հետ անցկացնելու պատվին»։ Այսպիսի տխուր մտքերով էլ կոշկակարը քնեց: Եվ կրկին այն նույն մեղմ ձայնը լսեց երազում․«Ես այսօր երեք անգամ քեզ մոտ եկա և ամեն անգամ դու ինձ ուրախությամբ ընդունեցիր»:

Տեսա՞ք, Հիսուս ինչպե՞ս է այցելում մեզ, ի՞նչ կերպարանքով և ո՞ւմ միջոցով։ Նրա խոսքերը՝ «Ահավասիկ ես դռան առաջ եմ և բախում եմ, եթե մեկը ականջ դնի իմ ձայնին և բաց անի դուռը, կմտնեմ նրա մոտ և կընթրեմ նրա հետ և նա՝ ինձ հետ»։ Կոշկակարը արժանի եղավ, որ Հիսուս նրան արժանացնի երկնային այցելության, գնահատելով նրա կատարած բարի գործերը։

Եկեք բացենք մեր սրտերի դռները Տիրոջ առջև, խոստովանենք Նրան մեր մեղքերը, խոսենք Նրա հետ մեր տկարությունների, նեղությունների, թուլությունների ու սխալների մասին։ Նա անպայման կլսի մեզ ու ներս կմտնի մեր սրտերից ներս և ինչպես բարի կոշկակարի հետ տեղի ունեցավ, Հիսուս երեք անգամներ այցելեց նրան, մենք էլ փորձենք օգտակար լինել մեր նմաններին, կարիքավորներին, նեղյալներին և մեր ողորմությունը չզլանանք տկարներին, որպեսզի արժանանանք Տիրոջ ողորմությանն ու այցելությանը։ Ամեն

Տեր Հովսեփ քահանա Հակոբյան

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ