25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Առաջարկ Կառավարությանը

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը մամուլի հաղորդագրություն է տարածել, որին կցված է նաև «Լուսավոր Հայաստան», «Բարգավաճ Հայաստան» և «Հայկական վերածնունդ» կուսակցությունների կողմից ստորագրված՝ Վանաձոր քաղաքի ավագանու լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու վերաբերյալ կառավարությանն ուղղված առաջարկության տեքստը։

Ներկայացնում ենք այն ամբողջությամբ.

«Հարգելի՛ պարոն Կարապետյան,

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (այսուհետ՝ «Սահմանադրություն») 9-րդ հոդվածի ուժով՝ Հայաստանի Հանրապետությունում երաշխավորվում է տեղական ինքնակառավարումը` որպես ժողովրդավարության էական հիմքերից մեկը: Սահմանադրության 179-րդ հոդվածի 1-ին մասով՝ տեղական ինքնակառավարումը տեղական ինքնակառավարման մարմինների իրավունքն ու կարողությունն է՝ համայնքի բնակիչների շահերից ելնելով, Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան, սեփական պատասխանատվությամբ լուծելու համայնքային նշանակության հանրային հարցերը:

«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի մայիսի 07-ի ՀՕ-337 օրենքի (այսուհետ՝ «Օրենք»)[1] 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը կարող է վաղաժամկետ դադարեցնել ավագանու լիազորությունները, եթե հերթական նստաշրջանի ընթացքում ավագանու նիստերը երեք ամսից ավելի չեն գումարվում (միևնույն կարգավորումն է նախատեսվում նաև նախկին խմբագրությամբ օրենքի 21.1-ին հոդվածի 1-ին մասի 1-ին կետով):

Նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ ավագանու լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին որոշման հետ միաժամանակ Հայաստանի Հանրապետության կառավարությունը նշանակում է ավագանու արտահերթ ընտրություններ (նախկին խմբագրությամբ՝ 21.1-ին հոդվածի 3-րդ մաս):

Ըստ Օրենքի 62-րդ հոդվածի 1-ին մասի՝ ավագանու հերթական նստաշրջանները գումարվում են փետրվարի երկրորդ երեքշաբթի օրվանից մինչև հունիսի վերջին չորեքշաբթին և սեպտեմբերի երկրորդ երեքշաբթի օրվանից մինչև դեկտեմբերի վերջին չորեքշաբթին: Նստաշրջանի ընթացքում յուրաքանչյուր ամիս հրավիրվում է ավագանու առնվազն մեկ նիստ: Տվյալ պարագայում Վանաձոր քաղաքում 2016 թվականի հոկտեմբերի 10-ին կայացած համայնքի ղեկավարի ընտրությունից ի վեր որևէ անգամ ավագանու ինչպես հերթական, այնպես էլ արտահերթ նիստ չի գումարվել, քանի որ համայնքի ղեկավարը վայելում է 33 ավագանու անդամներից միայն 15-ի վստահությունը՝ «Հանրապետական» (13) և «Հայ Հեղափոխական Դաշնակցություն» (2) խմբակցություններից: Այսինքն, համայնքի ղեկավարը չունի քաղաքական մեծամասնություն, ինչն անհրաժեշտ նախապայման է Երևան, Գյումրի և Վանաձոր քաղաքներում տեղական ինքնակառավարման գործող օրենքով սահմանված առանձնահատկություններից ելնելով։

Այսպիսով, քաղաքական մեծամասնություն չունեցող քաղաքապետն անհամատեղելի է ավագանու մեծամասնության հետ և ըստ այդմ փաստացի անգործունակ, ինչի հետևանքով պարբերաբար՝ առնվազն ամիսը 1 անգամ խախտվում է Օրենքի 62-րդ հոդվածի 1-ին մասը, ինչպես նաև համայնքի տեղական ինքնակառավարման իրավունքը՝ իր հետ բերելով միայն բացասական հետևանքներ:

Փաստն այն է, որ ստեղծված իրավիճակն առաջացել է ոչ թե որևէ ժամանակավոր խնդրի պատճառով, որի չլուծված լինելը խոչընդոտել է նիստերի գումարմանը, այլ պայմանավորված է քաղաքական հայացքներով և սկզբունքներով, որոնք չեն կարող վերանայվել նաև առաջիկա 3 ամիսների ընթացքում։

Կառավարման ստեղծված ճգնաժամային իրավիճակը հանգուցալուծելու երկու տարբերակ կա՝ առաջին ելքը համայնքի ղեկավարի հրաժարականն է, սակայն վերջինս հայտարարում է, որ հրաժարական չի տալու։ Միակ լուծումը մնում է կառավարության կողմից ավագանու լիազորությունների վաղաժամկետ դադարեցումը:

Հաշվի առնելով վերոշարադրյալը և հիմք ընդունելով Սահմանադրության 2-րդ և 9-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առաջարկում ենք իրականացնել «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և 3-րդ մասով իրեն վերապահված լիազորությունները, մասնավորապես՝ վաղաժամկետ դադարեցնել Վանաձոր քաղաքի գործող ավագանու լիազորությունները և միաժամանակ նշանակել ավագանու արտահերթ ընտրություններ:

«Լուսավոր Հայաստան»  կուսակցության խորհրդի նախագահ Էդմոն Մարուքյան»։

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ

ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆ
«Հայկական վերածնունդ» կուսակցության փոխնախագահ
ՄՀԵՐ ՇԱՀԳԵԼԴՅԱՆ

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ