18 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Եթե գոհ եք բոլորդ այս վիճակից, ուրեմն վայ մեզ. Գուգարաց թեմի առաջնորդ

Հունվարի 6-ին՝ Սուրբ ծննդյան օրը, Վանաձորում պատարագի ժամանակ Գուգարաց թեմի առաջնորդ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի Սուրբ Ծննդյան քարոզը ոմանց կողմից սխալ է ընկալվել ու շահարկվել:

Գուգարաց թեմի մամլո հաղորդագրության մեջ անդրադարձ է կատարվում այդ ուղերձին:

Գուգարաց թեմի առաջնորդի անաչառ ու անկողմնակալ հորդորը Վանաձորի ավագանու բոլոր անդամներին Սուրբ Ծննդյան տոնին

(հատվածներ Սուրբ Ծննդյան Պատարագի քարոզից)

Ի գիտություն բոլոր այն մարդկանց, ովքեր տուրք տալով այս կամ այն կառույցների կամ անձանց թյուրըմբռնումներին և արհեստական աժոտաժին, ովքեր անհիմն գրառումներ են կատարում` քննադատելով Գուգարաց թեմի առաջնորդ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի Սուրբ Ծննդյան քարոզը:

Գուգարաց թեմի առաջնորդը` իբրև Լոռու մարզի հոգևոր առաջնորդ, պարտավոր է հանրությանը հորդորել, խրատել, առաջնորդել համախմբված և միաբան սիրով գործելու: Քանզի հոգևորականը ի պաշտոնե պատասխանատու է և պարտավոր է մասնակցել համայնքային բոլոր տեսակի խնդիրների լուծմանը` թե քաղաքական, թե տնտեսական, թե սոցիալական…

Սրբազան Հոր Սուրբ Ծննդյան Պատարագի հորդորը վերաբերվում է անխտիր բոլոր նրանց, ովքեր հավակնում են Վանաձոր քաղաքի ավագանու կազմում իրենց ծառայությունը բերել քաղաքի բարգավաճմանը և ընթացիկ գործերին: Ստորև ներկայացնում ենք հատվածներ առաջնորդի Սուրբ Ծննդյան քարոզից.

«Մենք միասնաբար պետք է առողջացնենք այս մթնոլորտը, որի մեջ մենք ապրում ենք: Մենք յուրաքանչյուրս պատասխանատվություն ենք կրում այս մթնոլորտի համար: Եթե գոհ եք բոլորդ այս վիճակից, ուրեմն վայ մեզ: Իսկ եթե գոհ չեք ու ոչինչ չեք անում, դարձյալ վայ մեզ, որ ոչինչ չենք նախաձեռնում դեպի լավը, դեպի առաջընթացը:

Հիշողություն հասկացողությունը Աստված մեծագույն պարգևն է, որ տվել է մարդ արարածին: Մենք բոլորս հիշում ենք, թե ինչպես կորցրեցինք մեր պատմական հայրենիքը և պատճառը մեր անմիաբանությունն էր. օգտվեցին այդ պահից մեր թշնամիները, հակառակորդները և մենք այսօր իրավունք չունենք պատմությունից դասեր չքաղելու: Ուստի պետք  է համախմբվենք մեր Հայ Եկեղեցու և պետականության, մարզային և քաղաքային իշխանության շուրջ, քանզի միջանկյալ լուծումներ և միջակություններ չի ընդունում պատմությունը: Բոլոր նրանք, ովքեր չեն գիտակցում մեր թուլության մասին, ուրեմն չեն էլ գիտակցում թե ինչպես կարող են կառավարել և ինչպես կարող են դուրս գալ այս վիճակից: Խոսքս նաև մեր մարզային իշխանության մասին է:

Մեր լոռեցիների մասին մշտապես ասում են, պարզ են, բարի են համեստ են. այո, դա այդպես է, սակայն պարզությունը, ազնվությունը չի սիրում, երբ իրեն չարաշահում և օգտագործում են: Այս պարզությունը սիրող ժողովուրդը մեր պետական այրերից պահանջում է մշտապես միավորված, մեկ բռունցք, մեկ միտք, մեկ հոգի դարձած՝ կառավարել մեր քաղաքը: Խռովկանությունը վայել չէ ոչ մեկիս: Ես հորդորում եմ ավագանու բոլոր անդամներին, տարին նոր է սկսվել, և Սուրբ Ծնունդով է սկսվում, Ամենափրկիչ մանուկն այսօր ձեզ է նայում և մեզանից ակնկալում է սեր, սեր և սեր՝ միասնաբար գործելու, արարելու և մեր քաղաքի հոգսերը հոգալու: Այդ կոչումը որ դուք հավակնում եք ստանալ, ավագանի, քաղաքապետ կամ մարզպետ, կամ ինչու չէ նաև ես՝ սրբազան, ծառայություն է ուզում և ուրիշ ոչինչ չի պահանջում ժողովուրդը ձեզանից: Ծառայություն, քանզի ձեզ վստահել է, ուրեմն այդ վստահությունը ոչ ոք իրավունք չունի ձեզանից մսխելու, սպառելու, մաշեցնելու: Եվ այս տարի ուզում եմ, որ մեր քաղաքի քաղաքապետարանում հավաքվի ավագանին և վճռական քայլերով մեր քաղաքի կառուցման սուրբ գործին նվիրվի՝ թողնելով արտաքին ուժերին մի կողմ, ովքեր փորձում են այս քաղաքի ներքին կյանքին միջամտել: Սա իբրև առաջնորդ կարծում եմ, ես իրավունք ունեմ այս բարի մաղթանքն անելու՝ չշահարկելով ոչ մի սխալ ուղղությամբ իմ խոսքերը և մեկնաբանություններ չանելով:

Ես սիրում եմ իմ քաղաքը, իմ մարզը, իմ հայ ժողովրդին՝ Հայաստանում և սփյուռքում և ուստի հանուն այդ սիրո,  ես պատրաստ եմ ծնկի իջնել իմ ժողովրդի առաջ, հրաժարվել իմ այս կամ այն գաղափարից, որը կրում եմ, դնել մեկ կողմ, եթե այն խանգարում է իմ սիրելուն: Եվ հանուն իմ քաղաքի, ես պատրաստ եմ իմ ծառայությունը բերելու իմ ժողովրդին ճիշտ այնպես՝ ինչպես Հիսուս մանուկ եկավ աշխարհ ծառայելու, իր ծառայությունը բերելու, իր սերն ու արդարությունը, ճշմարտությունը սփռելու: Մենք մեր Տիրոջը պետք է նմանվենք, որովհետև ինչպես մեր հայրապետներն են ասում՝ Աստված մարդացավ, որպեսզի մարդն աստվածանա, բարձրանա: Եվ չէ որ մարդը կրում է Աստծո կերպարանքը, ուստի բնական է, որ նա պետք է աստվածանա, մաքրվի, սրբվի և ճշմարտության շապիկը հագած մշտապես պետք է գործի: Այս մաղթանքով է, որ ամփոփում եմ իմ խոսքը:

Կրկին ու կրկին հորդորում եմ իմ սիրելի հայրենակիցներ. սիրենք իրար, միայն սիրով կարող ենք արարել, գործել, զորացնել մեր հայրենիքը: Սակայն սիրելու կողքին, չեմ զլանում հորդորել՝ աղոթեք, աղոթեք միմյանց համար, քանի որ աղոթքը շատ զորավոր է: Աղոթքից երբեք մի հրաժարվեք…»:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ