24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ինչո՞ւ Թրամփի հաղթանակ կլինի, իսկ մեզ մոտ չե՞ն կարող անակնկալներ լինել. Լ. Զուրաբյան

Henaran.am-ի հետ զրույցում Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցության ղեկավար, ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանն անդրադառնում է գալիք խորհրդարանական ընտրություններին, դրանց ընդառաջ քաղաքական դաշտի դասավորվածությանը, Հայ ազգային կոնգրեսի շանսերին և այլն:
– Պարոն Զուրաբյան, 2017-ին քաղաքական դաշտում սպասվող կարևորագույն իրադարձությունը ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններն են:

 ՀԱԿի շանսերն ընտրություններին ինչպիսի՞ն են:

– Կարծում եմ՝ ՀԱԿ-ն ունի շատ լավ հնարավորություն, քանի որ ընտրությունների մեջ ամենակարևորն ուղերձն է: Ընտրություններին միշտ հաղթել է այն քաղաքական ուժը, որը հանդես է եկել պատմական՝ ներկա պահին ժողովրդին հուզող խնդրի կարգավորման ուղերձով: Այդ ուղերձը դեկտեմբերի 17-ի ՀԱԿ համագումարում գտնվեց, արձագանքը դրա մասին է խոսում, մեր հասարակությունն ամեն ինչ անմիջապես ընկալեց, և սկսեցին բուռն քննարկումներ ու բանավեճեր, որոնք ավարտված չեն և չեն ավարտվի, կավարտվեն միայն ընտրություններից հետո:

Իշխանությունը խոստովանում է, որ երկրում կա վստահության դեֆիցիտ: Ի՞նչ եք կարծում՝ հասարակությունն ընդդիմությանը վստահո՞ւմ է, թե՞ ընդդիմության հույսը ժողովրդի՝ իշխանության նկատմամբ դժգոհությունն է, ըստ որի էլ ուզիչուզի ընդդիմությանը պետք է ընտրի:

– 1988 թվականից ի վեր մենք եղել ենք շարժում, այլ ոչ թե սովորական քաղաքական ուժ, մենք 88-ից մինչև հիմա ունցել ենք բազմաթիվ վերիվարումներ: Մենք շատ լավ գիտենք, որ քաղաքական գործընթացները երբեք միանման չեն ու լինում են կոնկրետ խնդիրներ, որոնց շուրջ քաղաքական կյանքը սկսում է եռալ, հետո սառում է, լինում են դրամատիկ քաղաքական գործընթացներ և հակառակը՝ սառն ու անտարբեր ժամանակներ, բայց միշտ մեր քաղաքական ուժը եղել է ակտիվ քաղաքական գործընթացների կիզակետում: Սա խոսում է այն մասին, որ մենք միշտ կարողացել ենք քաղաքական գործընթացին տալ տվյալ պահին ժողովրդի համար ամենակարևոր քաղաքական ուղերձը: Իսկապես այսօր երևում է ժողովրդի ապատիան, անհավատությունը, իսկապես քաղաքական գործընթացները բավականին երկար ժամանակ հիասթափեցնող են եղել, բայց սա դեռ ոչ մի բան չի նշանակում: Երբ գալիս է քաղաքականպես կողմնորոշվելու պահը, ժողովուրդն իսկապես մտնում է քաղաքական պայքարի մեջ, հասականում է, որ կոնկրետ այս որոշման խաղադրույքն իրենց ու իրենց երեխաների ապագան է, ու այդ ժամանակ մեր հասարակությունը չի կարող անտարբեր լինել իր ապագայի հանդեպ:

– 2017-ին քաղաքական անակնկալներ սպասե՞նք:

– Վստահ եմ, որ կլինեն, ինչո՞ւ Թրամփի հաղթանակ կլինի, իսկ մեզ մոտ չե՞ն կարող անակնկալներ լինել: Գիտեմ՝ կասեք, որ այնտեղ ժողովրդավարական երկիր է ու քվեարկությունն ազատ է, իսկ Հայաստանում իշխանությունները վերահսկում են ընտրական գործընթացը և կեղծում են այդ ընտրությունները, բայց արդեն ասացի, որ օրինականության առումով մենք բավականին մեծ արդյունքների ենք հասել այս տարի: Սակայն, բացի սա, կա նաև 2-րդ հանգամանք՝ ցանկացած երկարատև, արմատացած ռեժիմների համար գալիս են պահեր, երբ պարզվում է՝ իրավիճակ է փոխվել, և իրենք սպառված են, կամ նրանք գնում են արմատական քայլերի, որոնք լրիվ փոխում են պետության դեմքը և համակարգը, կամ, սպառված լինելով, ամոթով հեռանում են պատմական բեմից:

Հիմա, կարծում եմ, Հայաստանում նման վիճակ է ստեղծվել, մենք իսկապես պետք է բոլորս հասկանանք, որ աշխարհում, մեր տարածաշրջանում շատ լուրջ պրոցեսներ են ընթանում, այսօր իրողությունները փոխված են, և 5-10 տարվա կարծրատիպերով ու քաղաքական մոտեցումներով այլևս շարժվել հնարավոր չէ: Այս վիճակում Հայաստանի պետական համակարգն ադեկվատ պետք է արձագանքի, ինչը ենթադրում է շատ արմատական փոփոխություններ, հակառակ դեպքում ներկայիս մարտահրավերները, որոնք կուտակվել են Հայաստանի գլխավերևում, լրիվ կխառնեն իրավիճակը: Պետք է հասկանալ՝ մենք կանգնած ենք լուրջ փոփոխությունների շեմին:

Կառավարություն փոխվեց, հեռացվեցին նաև այնպիսի անձինք, որոնք միշտ իշխանության սատար կանգնողներից են եղել՝ Հովիկ Աբրահամյան, Գագիկ Խաչատրյան, Գագիկ Բեգլարյան և այլք: Խոսվում է նոր Կառավարության դրական ծիլերի մասին, Դուք տեսնո՞ւմ եք դրական փոփոխություններ, որոնք կարող են դիմակայել ձեր ասած մարտահրավերներին:

– Մի քանի օդիոզ դեմքերի փոփոխությամբ փոփոխություն չի լինում ու չի կարող լինել: Իշխանության է մի կուսակցություն, որը ստեղծել է մի համակարգ, որն ինքն իրեն վերարտադրում է, որը շատ կոնկրետ շահերի վրա է կառուցված, եթե այս համակարգը չփոխվի, ապա ոչինչ չի փոխվի: Ով ուզում է լինի՝ Կարեն Կարապետյան լինի, Հռոմի Պապ, թե Մայր Թերեզան, կամ Բիսմարկն էլ գա Հայաստան, այս քաղաքական հենարանով մեկ քայլ անգամ չի կարողանա առաջ շարժվել, ի վերջո, պետք է ամեն ինչ համաձայնեցվի գործող քաղաքական հենարանի հետ: Եթե մենաշնորհները թելադրելու են իրենց շահերը, այն աստիճանի, որ վարչապետն ասի, թե ինքը մենաշնորհ չի տեսնում, էլ ի՞նչ կարելի է սպասել այդ մարդկանցից, ոչ մի բան, քանի որ միայն այս հայտարարությունն այդ վերափոխման փուչիկը պայթեցնում է: Իրավիճակ կփոխվի այն ժամանակ, եթե Հայաստանում իշխանության գա ժողովրդական շարժման ուժը, որը ոչ մի կաշկանդվածություն չունի արմատացած օլիգարխիկ ուժերի հետ:

Խոսեցիք ժողովրդական շարժման մասին: Նկատենք, որ 1996-ին, 2008-ին, 2013-ին կայացած նախագահական ընտրություններից հետո է պայքարը թեժ եղել, հիմա ի՞նչ եք կարծում՝ պայքարն ավելի հուժկու կլինի, եթե ստանանք սև ու սպիտակի պայքար, թե երբ կուսակցությունների մեջ կլինի գաղափարական բախում:

– Ծանրակշիռ ընդդիմադիր կենտրոն ստեղծելու համար միանշանակ կարևոր է ծանրակշիռ գաղափարական հենքն, այլ ոչ թե մեխանիկական միավորումը, որովհետև հստակությունը եթե բացակայում է, ապա մեխանիկական միավորումը վերածվում է «աջաբսանդալի»: Իհարկե, մեխանիկական միավորումն էլ կարևոր է, քանի որ այն ստեղծում է ուժի էֆեկտ, բայց եթե միավորումը չի կարողանում հանդես գալ գաղափարական հստակ ուղերձով, ժողովրդին հասկանալի չէ՝ ինչու նրանք պետք է գան իշխանության, գան որ ի՞նչ անեն: Ամբողջ աշխարհում այն քաղաքական ուժը, որը կարողացել է ձևակերպել այդ պահին ժողովրդին հուզող ուղերձը, նա հաղթել է:

Այս պահին քաղաքական դաշտում կա՞ն ուժեր, որոնց հետ պատրաստ եք մեկ միասնական դաշինքով մասնակցել ընտրություններին:

– Երբ մեզ դիմեցին առաջարկով, բայց այս պահին չեմ ասի՝ ով, մենք մեր համաձայնությունը տվել ենք բանակցություններ սկսելու համար: Սկզբունքորեն մենք գաղափարին դեմ չենք, այլ բան է, որ դեռևս ռեալ հիմքեր դրա համար չկան: Այո, մենք պատրաստ ենք գնալ բանակցությունների, բայց մեզ չենք կաշկանդելու միայն այդ հնարավորությամբ, որովհետև մենք միշտ հավատացել ենք, որ ուղերձն ավելի կարևոր է, քան միավորումը: Մենք մեր ուղերձը ձևավորել ենք և պատրաստ ենք համագործակցել այն ուժերի հետ, որոնք ընդունում են այս գաղափարը և պատրաստ են առաջ շարժվել այս ծրագրով: Ճշգրիտ ուղերձ ձևակերպելն արդեն իսկ հաջողության գրավական է, եթե միավորում էլ լինի, ապա հզոր կստացվի, և հաղթանակը երաշխավորված կլինի: Մենք սթափ ենք դատում իրավիճակը, այնպես չէ, որ համարում են, թե հաղթանակը երաշխավորված է կամ հեշտ է լինելու: Նպատակին հասնելը շատ դժվար է լինելու, մենք հասկանում ենք՝ ինչ արտաքին ու ներքին մարտահրավերներ կան, բայց քաղաքական գործընթացն այսպիսի բան է, որ ժողովրդի քաղաքական գիտակցության ճիշտ ներվին կպչելու դեպքում, արդյունքը բավականին մեծ կարող է լինել:

ՀԱԿի՝ նախկին համագործակցութունները ոմանք հաջողված են համարում, ոմանք՝ հակառակը: Սակայն հնարավո՞ր է՝ ՀԱԿի հետ նախկինում համագործակցած ուժերին կրկին միասնական հարթակում տեսնենք, օրինակ՝ «Ժառանգության»-ը, ԲՀԿին:

– Իհարկե: Եթե իրենք համաձայնեն մեր սկզբունքներին, ապա, այո, բայց ես չեմ ասում, որ մենք բացառապես միայն այդ սկզբունքների վրա կարող ենք համագործակցել, թող այլ առաջարկներ անեն, տեսնենք՝ որքանով է մեր ժողովրդի սպասումներն արդարացնում: Մենք մերն արել ենք, մենք մեր հասարակության հետ բաց խոսել ենք, թող հնարավոր գործընկերները հանդես գան իրենց գաղափարական մոտեցումներով, որոնք նույնքան կալեկոծեն հասարակական դեբատը: Թող հրապարակ բերեն գաղափար, որը մրցունակ է կամ կարող է նույնքան ազդեցիկ լինել, մենք միայն ուրախ կլինենք:

 

Հարցազրույցը վարեց Սերինե Գաբրիելյանը:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ