20 Հոկտեմբերի, Saturday, 2018

Ինչո՞ւ ծնվեց Հիսուս Քրիստոսը

image1

«Ահա ձեզ մեծ ուրախություն եմ ավետում․․․որովհետև այսօր Դավթի քաղաքում ձեզ համար ծնվեց մի Փրկիչ, որ օծեալ Տէրն է» (Ղուկ․2։11)

Ուրախ ողջույնի ձայնն է, որ երբեմն հնչել է երկնքից․ Փրկչի ծննդյան ավետիսն է, որ բերել է հրեշտակը մարդուն։

20-րդ դարի մեր հոգևորականներից՝ Գևորգ եպիսկոպոսն ասում է․

․․․Ծնաւ ձեզ այսօր Փրկիչ, որ է Օծյալ Տերը» ձայնում է հրեշտակը։ Մարգարեների գուշակած և հրեից ակնկալած Փրկիչը այո ծնավ, բայց ոչ իբրև, ինչպես երազում էին հրեաները թագավոր՝ շքեղ պալատում, ծիրանիով պարուրված, այլ որպես աշխարհի աղքատիկ զավակ՝ մսուրի մեջ, հարդե անկողնում, խոտե վերմակի տակ։ Սակայն այդ արտաքին աղքատությունը և այդ թույլ մարմինը գիտե՞ք թե՝ ինչ ներքին հարստություն և զորություն էր պարունակում։ Դանդաղ բացվող կոկոնի նման, որ ի վերջո դառնում է անման փարթամ ծաղիկ, զարգացավ նա և երեսնամյա հասակում հասավ մի կատարելության, որ մարդու համար միշտ կմնա անբացատրելի գաղտնիք և կհամարվի աստվածային հրաշք․․․»․․․ (Գևորգ եպիսկոպոս, «Քարոզներ», 1971):

Հարց է ծագում․ «Ինչո՞ւ ծնվեց Հիսուս, ի՞նչ կարիք կար Նրա ներկայության և կամ Նա ի՞նչ նոր բան բերեց այն ժամանակների համար»։

Հրեաների համար Հիսուսի ծնունդը ժամանակին չէր, քանի որ նրանց սպասածը մեսիան էր, հրամանատարը, որը իրենց պիտի ազատեր Հռոմեական հզոր կայսրության տիրապետությունից։ Բայց Հիսուս Հոգևոր Հրամանատար էր, Նա եկել էր հոգիները զորացնելու, մարդու Աստծու հետ կորցրած կապը վերահաստատելու, մոլորվածին դարձի բերելու, մարդուն առաջին մեղքից ազատելու և նրան փրկության արժանացնելու։

Աստծու ստեղծած առաջին մարդը մոլորվեց, շատ շուտ մեղքի մեջ ընկավ, որը նրան գցեց ծայրահեղությունների և մոլորությունների մեջ։ Բնականորեն մեղքի մեջ թաթախվելով մարդը հեռացավ Արարչից։ Աստծու պատկերով ստեղծված մարդու համար պետք էր վերահաստատել կապը իր Ստեղծողի հետ։ Հիսուս եկավ այդ կապը վերականգնելու և խաչի վրա Իր զոհողությամբ մարդուն ոչ միայն ազատեց մեղքի ազդեցությունից, այլ նաև վերականգնեց կամուրջը Աստծու հետ։ Ահա այս էր Մանուկ Հիսուսի Սուրբ Ծննդյան նպատակը։

«Ես վաղուց որոնում էի Մարդու Որդուն։ Մինչև խորհրդավոր մի գիշեր Բեթղեհեմի Աստղը առաջնորդեց ինձ Նրա մոտ, ինչպես շատ տարիներ առաջ արևելքի մոգերին։ Հաճախ մտածել եմ, թե արդյոք ո՞ւր գնաց Արքայական Աստղը Ծննդյան այն խորհրդավոր գիշերը․․․ Նա այլևս չերևաց։ Սակայն այդպես չէր, ես դա հետո հասկացա, երբ Աստղիկը շողաց իմ հոգուս երկնակամարի վրա։ Նա ոչ մեկ տեղ էլ չէր ճամբորդել, պարզապես սպասում էր մոգերին, ինձ ու քեզ։ Մարդկանց, որոնք ճշմարտությունն են փնտրում։

Ի՞նչ է ճշմարտությունը,- հարցրեց Պիղատոսը։ Հիսուս չպատասխանեց։ Պիղատոսը նայեց Մարդու Որդու աչքերի մեջ ու հասկացավ։ Ճշմարտությունը Հիսուսն էր։ Մարդը միշտ փնտրտուքի մեջ է եղել։ Ի՞նչ է փնտրում և ո՞ւր։ Մենք փնտրում ենք ինքներս մեզ։ Հաճախ չենք գտնում։ Մենք առանձին ու միայնակ ենք, նույնիսկ երբ իրար հետ ենք։ Մոլորված գառնուկներ։ Բեթղեհեմի Աստղը կանգնեց սրտիս այրի առջև․ այնտեղ մթան մեջ թույլ մի լույս էր շողում։ Հիսուս այնտեղ է։ Հիսուս սրտերի խավար քարայրներում է։ Իմ, քո, նրա։ Մենք հաճախ ճզմել, արյունոտել ենք սրտերը առանց գիտակցելու, որ այնտեղ մսուրի մեջ ննջում է մանուկ Հիսուսը։ Ես գտա Նրան, արի ու տես», ասում է Զաքարիա քահանան։ (Զաքարիա Քահանա Սարիբեկյան «Մատնության դափնիներ» գրքից)։

Հիսուսի Ծնունդով այսօր բոլորս միանում ու մի մարմին ենք դառնում: Այսօրվա հոգևոր գեղեցիկ երգերը մեզ դեպի մսուր են հրավիրում ծնկի գալու այն երկնային Մանկան առաջ, որ հանդիսացավ մեր Փրկիչը• «Խորհուրդ մեծ եւ սքանչելի, որ յայս աւուր յայտնեցաւ»: Մեզ առաջնորդող աստղը բանականությունը չէ, այլ հովիվների և իմաստուն մոգերի առողջ բարեպաշտությունը, սքանչացման և հիացմունքի նվիրական զգացմունքը, վսեմի ու աստվածայինի առջև:

Սուրբ Ծննդյան այս գեղեցիկ Տոնի սովորությունը պետք է, որ մեր զավակները մեզանից սովորեն: Միշտ հիշենք, որ Եկեղեցին մեր ընտանիքն է ու մեր սրտերը` Աստծու Խորանը; Սովորեցնենք մեր զավակներին Աստծու ճշմարիտ ճանապարհը, մեր օրինակով ու մեր բարի գործերով:

Սուրբ Պատարագի ավարտին պիտի կատարենք նաև Ջրօրհնեքի արարողությունը, որը խորհրդանշում է Հիսուսի Մկրտությունը Հորդանան գետում:

Գևորգ եպիսկոպոսը շարունակում է․ «․․․Գրկենք ուրեմն նորածին Հիսուս մանկանը, առնենք մեր ներսը Նրա հավատքն ու սերը, որ աշխարհի մեջ հավիտենական ճշմարտություններ և աստվածային սիրո անթիվ անհամար պատկերներ տեսնենք և լինենք Նրա կատարյալ երկրպագուն․ որպեսզի իրավունք ունենանք հրեշտակների հետ Փրկչի ծնունդը միմյանց ավետելու․ «Ահա ձեզ մեծ ուրախություն եմ ավետում․․․որովհետև այսօր Դավթի քաղաքում ձեզ համար ծնվեց մի Փրկիչ, որ օծեալ Տէրն է»։

Ձեզ և մեզ մեծ ավետիս:
«Քրիստոս ծնաւ եւ Յայտնեցաւ»
«Օրհնեալ է Յայտնությունն Քրիստոսի»։ Ամէն:

Տեր Հովսեփ քահանա Հակոբյան

Արխիվ

Հոկտեմբերի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ