23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Աղքատին ողորմություն տվողը փոխ է տալիս Աստծուն

«Սողոմոնի առակների մեկնությունը» գրքից

Հարց ողորմության մասին․

Ինչո՞ւ Սողոմոնը աղքատին տված ողորմությունը Աստծուն տված փոխ է անվանում ասելով․ «Աղքատին ողորմություն տվողը փոխ է տալիս Աստծուն» (Առակ․ 19։17)։

Պատասխան․

․․․Եվ պետք է գիտենալ, որ բազում առավելություն ունի այն փոխը, որը Աստծուն ենք տալիս, քան այն, որը մարդկանց ենք տալիս։

Նախ, որովհետև այստեղ մարդիկ նյութական ունեցվածքն են փոխ տալիս և նույնը առնում, իսկ Աստծուն նյութականն են տալիս և հոգևորը առնում, չնչինը տալիս, այսինքն՝ արծաթը, ոսկին, կերակուրը, և մեծը առնում, այսինքն՝ երկնքի արքայությունը, ըստ այնմ․ «Քաղցած էի և ինձ ուտելիք տվիք և այլն, եկեք իմ Հոր օրհնյալներ, ժառանգեցեք երկնքի արքայությունը» (Մատթ․ 25։34)։

Երկրորդ, որովհետև ովքեր փոխ են տալիս մարդուն, այստեղ են միայն առնում, իսկ ով Աստծուն է փոխ տալիս, երկու կյանքում էլ առնում է, այստեղ՝ հարյուրապատիկը և այնտեղ՝ հավիտենական կյանքը (Մատթ․ 19։29), ըստ սաղմոսի․ «Բարի մարդը ողորմում է և խոսքն իր կատարում արդարությամբ, որպեսզի հավիտյան չսասանվի» (Սաղմ․ 111։5)։

Երրորդ, այստեղ մարդը մարդուն է փոխ տալիս, որոնք հավասար են, ինչպես ասում է Տերը․ «Մեղավորները մեղավորներին են փոխ տալիս, որպեսզի նույն չափով ետ առնեն» (Ղուկ․ 6։34)։ ․․․

Չորրորդ, այստեղ ինչպես տալիս են, այնպես էլ առնում են, իսկ այն փոխը ծածուկ են տալիս, և հայտնի առնում մեծ տիեզերական հրապարակի վրա, ըստ այնմ․ «Քո Հայրը, որ տեսնում է ինչ որ ծածուկ է, կհատուցի քեզ հայտնապես» (Մատթ․ 6։4)։

Հինգերորդ, այստեղ միջնորդը մարդիկ են, իսկ այնտեղ՝ հրեշտակները, որտեղ ամենևին զլացում չկա, ինչպես ասաց Կոռնելիոսին․ «Քո աղոթքներն ու ողորմությունները Աստծո առաջ ելան հիշատակի համար» (Գործք 10։4)։

Վեցերորդ, ովքեր այստեղ են փոխ տալիս, տոկոսն էլ են առնում, որով մեղքն է բազմանում, ըստ այնմ․ «Անօրենություն և չարիք կա նրանց մեջ և վաշխն ու նենգությունը չպակասեց նրա հրապարակներից» (Սաղմ․ 54։12)։ ․․․

Յոթերորդ, այստեղ հարուստները փոխ են տալիս աղքատներին, իսկ այն փոխը աղքատներս տալիս ենք հզոր Աստծուն, Ով անկարոտ է, քանի որ «Տիրոջն է երկիրն իր ամբողջականությամբ», ասում է մարգարեն (Սաղմ․ 23։1) և դարձյալ․ «Իմն է արծաթը, իմն է ոսկին և այլն» (Անգե 2։9)։

Ութերորդ, այստեղ փոխատուն աղքատանում է և փոխառուն հարստանում, իսկ այնտեղ փոխառուն՝ Աստված որևէ պակասություն չունի, ով փոխն առավ, ինչպես ասում է Պողոսը․ «Աստված լցնի ձեզ ամեն բարիքներով» (Փիլ․ 4։19)։

Իներորդ, այստեղ փոխատուն ոչնչով առավել չէ փոխառուից, այլ իրենն է տալիս, իսկ այնտեղ Նրանից ենք առնելու բոլոր պարգևները, և դարձյալ, փոխ ենք տալիս Նրան, որովհետև «Ամեն բարի շնորհ և ամեն կատարյալ պարգև վերևից է իջած, լույսի որից», ինչպես ասում է Հակոբոսը (Հակ․ 1։17)։

Տասներորդ, այստեղ փոխ ենք տալիս նրան, ումից ակնկալում ենք հետ ստանալ, իսկ այն փոխը, որ աղքատին ենք տալիս, ոչ թե նրանից, այլ Աստծուց ենք ակնկալում ստանալ, ինչպես ասում է Տերը․ «։Փոխ տվեք նրան, ումից հետ առնելու ակնկալություն չունեք, այլ ձեր հատուցումը կլինի Աստծո արքայության մեջ» (Ղուկ․ 6։35)։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ