25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

10 կարևորագույն իրադարձություն, որ բեկում մտցրեց մեր կյանքում…

Եվ այսպես, 3 օր է մնացել 2016-ի ավարտին, և Henaran.am-ը որոշել է կարճ անդրադարձ այս տարվա ընթացքում տեղի ունեցած կարևորագույն իրադարձություններին:

Կարելի է միանշանակ պնդել, որ 2016 թվականը բեկումնային ու շրջադարձային տարի էր Հայաստանի, հայ ժողովրդի համար՝ ապրիլյան պատերազմ, սահմանադրական բարեփոխումներ, նոր Ընտրական օրենսգիրք, նոր Կառավարություն, ՊՊԾ գնդի գրավում, Հռոմի պապի այց, չմոռանանք նաև, որ այս տարի մեր երկու հանրապետությունները դարձան 25 տարեկան…

  1. Տարին սկսվեց այնպես, ինչպես միշտ է՝ Ամանոր՝ միաժամանակ հույսեր ու հոգսեր, քաղաքական դաշտը մնում էր երկփեղկված, իսկ հասարակությունը՝ հիասթափված և իշխանություններին, և ընդդիմությունից, և միգուցե ինքն իրենից էլ: Բայց վրա հասավ ապրիլյան պատերազմը, և այդ մի քանի օրերի ընթացքում ոչ ոք բացի մեր հերոս տղաների սխրագորոծություններից, սահմանում տիրող իրավիճակից ոչնչի մասին այլևս չէր մտածում: Իսկապես, ծանր օրեր էին…զոհեր, իրենց երեխաներին, ամուսիններին ու հայրերին կորցրած ընտանիքներ: Ոմանց համար էլ ապրիլյան պատերազմը դարձավ ինքնադրսևորման մի տեղ՝ երբեմն PR-ի տեղ: Սակայն նմանները քիչ էին, և չաևժե կանգ առնել սրա վրա:

Քառօրյա պատերազմը ,իհարկե, ցույց տվեց, որ մենք 80-ականների զենքով ենք կռվում, սակայն ցույց տվեց նաև, թե որքան հզոր է մեր բանակը, ցույց տվեց, որ չնայած ամենին որքան միասնական կարող ենք լինել: Զարմանահրաշ էր, որ քաղաքական դաշտում էլ երկփեղկվածությունը վերացավ. ինքնազոհության պատրաստակամության, միասնության ու փոխօգնության բացառիկ ու նախանձելի մթնոլորտ էր տիրում, որ ձեռք ձեռքի քայլեց ապրիլյան պատերազմի ու դրան հաջորդած օրերին: Այդ միասնական շունչը պահել, թերևս, չստացվեց:

  1. …չստացվեց, երբ եղավ ՊՊԾ գնդի գրավումը: Կարիք չկա կրկին ու կրկին խորհելու, թե արդյոք հանցագործություն էր դա, թե ահաբեկչություն, սրա վերաբերյալ շատերն են խոսել: Ոմանք ասում են, որ դանակը ոսկորին էր հասել, մյուսներն էլ ասում են, որ ոչ մի դեպքում զենքով չի կարելի խնդիր լուծել, քանի որ, ի վերջո, հայի ձեռքով հայի արյուն թափվեց: Սակայն այս դեպքը տարվա կարևորագույն իրադարձություններից էր, որին հաջորդեցին Սարի թաղի դեպքերը: Ըստ քաղաքագետ Լևոն Շիրինյանի՝ սրա արդյունքում, հասարակությունն սկսեց լարված պահել իշխանությանն ու իրական փոփոխություններ պահանջել: «Նման կերպ իշխանությունը հասկացավ, որ հաջորդ սխալի դեպքում այլևս ներում չի լինելու»,-կարծում է քաղաքագետը: Այստեղ կարևորը բացի բուն գործողությունից ու Սարի թաղում տեղի ունեցած իրադարձություններից այն է, թե ինչու մեր հասարակության մեջ նման իրադարձություն եղավ, որոնք էին դրա դրդապատճառները, նման գործելակերպի հնարավորությունը և հավանությունը, ինչպես նաև՝ այդ գրավմանը հաջորդած իրադարձությունները, հետևանքները, հասարակության բևեռացումը:
  2. Արդեն ունենք փոփոխված Սահմանադրություն: Լավ է, թե վատ, հավանաբար 2017 թվականի խորհրդարանական ընտրություններն ու հետագա ամիսները ցույց կտան:
  3. Ունենք նաև Ընտրական նոր օրենսգիրքը: Սա, բնականաբար, ձեռքբերում է հարկավոր որակել: Հիշեցնենք, որ իշխանությունը, ընդդիմությունը և քաղաքացիական հասարակությունը 4+4+4 ձևաչափով բանակցությունների արդյունքում եկան միևնույն հայտարարի: Այսուհետ ընտրություններին տեսանկարահանող սարքեր կտեղադրվեն ընտրատեղամասերում, ինչպես նաև ընդդիմության երկար տարիների պահանջը՝ ընտրացուցակների հրապարակումը, իրականություն կդառնա:
  4. Հռոմի պապի այցը ևս մեկ անգամ մատնացույց արեց, որ մենք աշխարհում քրիստոնեությունը պաշտոնապես ընդունած առաջին երկիրն ենք: Ֆրանցիսկոս պապը հանճարեղ ելույթով հանդես եկավ նախագահական նստավայրում: Այս այցն, ըստ էության, պատմական էր: Հայաստանյան հանրության մեջ, ամենուր վերացել էր գաղջ մթնոլորտը: Բացի այն, որ սա ևս մեկ անգամ աշխարհին հիշեցրեց մեր մասին, նաև ինքներս մեզ համար հաստատուն դարձրեց, թե որքան կարևոր է մեր հավատն ու կրոնը մեզ համար:
  5. Իրանի նախագահ Հասան Ռոհանիի այցն էլ ոչ պակաս կարևոր էր: 4 հարևաններից միայն 2-ի հետ բարի-դրացիական հարաբերություններ ունեցող Հայաստանի համար այս այցով բացվում են նոր հնարավորություններ՝ տնտեսական, քաղաքական: Արդյունքներին սպասենք գալիք տարում: Այս երկու այցերով Հայաստանը համաշխարհային քաղաքակրթային գործընթացների մեջ կրկին վերագտնում է «Հայկական գործոն»-ի իր դերակատարությունը:
  6. Քաղաքական դաշտի կարևորագույն փոփոխությունը, որ չգիտեմ, ձեռքբերում անվանեմ, թե ոչ, նոր Կառավարությունն էր: Նոր վարչապետ, նոր նախարարներ, պաշտոնանկություններ: Հիմա սա լա՞վ է, թե՞ վատ, վարչապետի ոճով դնեմ հարցադրումը, կրկին հաջորդ տարի կերևա: Սակայն այն, որ հասարակության մեջ որոշակի սպասելիքներ ու հույս կան, դա միանշանակ է: Նկատենք, որ վարչապետը պաշտոնավարման առաջին իսկ օրերին հայտարարեց, որ երկրի տնտեսությունը ծանր, շատ ծանր վիճակում է: Փորձագետները նկատում են, որ վարչապետն ամպագորգոռ հայտարարություններ չի անում, խոստումներ չի տալիս: Սա դրական է գնահատվում, սակայն փորձագետները, միաժամանակ, չեն տեսնում նաև սոցիալ-տնտեսական վիճակի թեթևացում: Ուշադրության արժանի է գազի ու էլեկտրաէներգիայի սակագների նվազեցումը: Քաղաքական դաշտի իրադարձություններին առանձին հոդվածով կանդրադառնանք: Սակայն ուղղակի թվարկենք դրանք՝ ՀՀԿ_ՀՅԴ հուշագիր, Մարդու իրավունքների պաշտպանի ու Գլխավոր դատախազի, ԴԱՀԿ պետի փոփոխություններ, ՀՀԿ համագումար:
  7. Տարին նաև մարզական էր: Ռիոյի Օլիմպիական խաղերում 20 տարվա ընդմիջումից հետո չեմպիոն էր դարձել Արթուր Ալեքսանյանը, Միհրան Հարությունյանը, Սիմոն Մարտիրոսյանն ու Գոռ Մինասյանը նվաճել էին արծաթե մեդալներ:
  8. Հայաստանի և Արցախի Հանրապետությունների անկախությունների 25-ամյակը տոնեցինք սեպտեմբերին: Ազգիս գոյության, ուժի և սեփական ճակատագիրը կերտելու վճռականության ցուցադրություն էր սա նաև:Հայաստանի անկախության հոբելյանական հանդիսությունը բոլորիս համար սպասելի էր, երբ մեր երկրի անկախությունը մատուցվեց հենց անկախության սերնդի կողմից:
  9. Պակաս կարևոր չէին նաև մեր կյանքում եղած մշակութային իրադարձությունները: Աամենամեծ իրադարձությունն «Ավրորա» մրցանակաբաշխությունն էր ապրիլյան պատերազմից հետո, որը բավականին նոր մթնոլորտ ու մասշտաբ բերեց Հայաստան: Մենք ցույց տվեցինք, որ վերջ ենք դրել ցավով ապրելու մշակույթին, այլևս ամեն ինչ անում են, որ այդ ցավն այլևս ոչ ոք չունենա, չզգա: Սա հրաշալի ուղերձ էր աշխարհին: Գյումրիի «Սև ամրոցի» վերաբացումը ևս գեղեցիկ ու սպասված էր: Առանձնացնենք նաև «Կյանք ու կռիվ» և «Երկրաշարժ» ֆիլմերը, որոնք ամենաանզգա անհատին անգամ հուզում են:

 

Սերինե Գաբրիելյան

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ