25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

ՀՀ և Իրանի նախագահների համատեղ հայտարարությունը

Հայաստանի Հանրապետության Նախագահ Նորին Գերազանցություն Սերժ Սարգսյանի հրավերով, 2016թ. դեկտեմբերի 21-ին, բարձրաստիճան պատվիրակության ուղեկցությամբ, պաշտոնական այցով Հայաստան այցելեց Իրանի Իսլամական Հանրապետության Նախագահ Նորին Գերազանցություն Հասան Ռոհանին:

Իրանի Իսլամական Հանրապետության Հախագահ Հասան Ռոհանին, Հայաստանի Հանրապետություն այցելության ընթացքում, հանդիպեց Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Իրանի Իսլամական Հանրապետության Նախագահը հանդիպում ունեցավ նաև Հայաստանի Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանի հետ:

Ջերմ մթնոլորտում տեղի ունեցած բանակցությունների ընթացքում երկու երկրների նախագահները մտքեր փոխանակեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող քաղաքական, տնտեսական, մշակութային, տարածաշրջանային և միջազգային ոլորտներին վերաբերող հարցերի շուրջ: Կողմերը Իրանի Իսլամական Հանրապետության Նախագահի Հայաստանի Հանրապետություն կատարած այցը գնահատեցին որպես երկու երկրների հարաբերությունների ընդլայնմանն ուղղված կարևոր քայլ:

Նախագահներ Սերժ Սարգսյանը և Հասան Ռոհանին, գոհունակություն հայտնելով երկու ժողովուրդների բազմադարյա բարեկամության վրա հիմնված բարձր մակարդակի հարաբերությունների կապակցությամբ, վերահաստատեցին իրենց վճռականությունը առավել ընդլայնելու երկկողմ հարաբերությունները:

Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության նախագահները կարևորեցին երկու երկրների միջկառավարական համատեղ հանձնաժողովի գործունեությունը՝ 2015 թվականի դեկտեմբերի 22-24-ին Երևանում և 2016 թ. դեկտեմբերի 4-5-ը Թեհրանում կայացած միջկառավարական համատեղ հանձնաժողովի նիստերի ընթացքում ձեռք բերված համաձայնությունները և ընդգծեցին դրանց իրագործմանը հետամուտ լինելու անհրաժեշտությունը:

Նախագահներն ընդգծեցին այդ պայմանավորվածությունների իրագործման կարևորությունը` երկու պետությունների միջև առևտրաշրջանառության ծավալների ավելացման և ենթակառուցվածքների զարգացման, էներգետիկայի, տրանսպորտի, կապի, արդյունաբերության և տնտեսության այլ ոլորտներում համագործակցության մակարդակի բարձրացման առումով:

Նախագահներ Սերժ Սարգսյանը և Հասան Ռոհանին կարևորեցին միջխորհրդարանական համագործակցությունը, որը մշտապես նպաստել է Հայաստանի և Իրանի միջև բարեկամական հարաբերությունների զարգացմանը, համոզմունք հայտնելով, որ օրենսդիր մարմինների միջև համագործակցությունը կշարունակի զարգանալ՝ նոր լիցք հաղորդելով երկու երկրների բարիդրացիական հարաբերություններին:

Նախագահները գոհունակությամբ նշեցին միջմարզային համագործակցության ոլորտում նկատվող ակտիվությունը՝ ցանկություն հայտնելով խթանել նման փոխգործակցության հետագա զարգացումը:

Երկուստեք կարևորվեց Հայաստանի և Իրանի միջև տրանսպորտային կարողությունների ընդլայնումն ու զարգացումը: Այդ համատեքստում նախագահներն ընդգծեցին Հյուսիս-Հարավ միջազգային միջանցքի շրջանակներում Հայաստանի և Իրանի տարածքներով Պարսից ծոցը Սև ծովի հետ կապող միջազգային տրանսպորտային և տարանցիկ ուղիների օգտագործման անհրաժեշտությունը:

Նախագահները կարևորեցին Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության կողմից տնտեսական, տրանսպորտային, գիտատեխնոլոգիական, հումանիտար և այլ համատեղ նախագծերի իրականացումը և փոխադարձ աջակցությունը:

Նախագահներ Սերժ Սարգսյանն ու Հասան Ռոհանին կարևորեցին գազի և էլեկտրաէներգետիկայի բնագավառում երկկողմ և բազմակողմ համագործակցության ընդլայնումը, ինչպես նաև էլեկտրահաղորդման 3-րդ գծի շահագործումն ու Իրանից Հայաստան մատակարարվող գազի ծավալների ավելացումը:

Կողմերը կարևորեցին Իրանի Իսլամական Հանրապետության և Եվրասիական տնտեսական միության միջև արտոնյալ պայմաններով առևտրի համաձայնագրի շուրջ ընթացող բանակցությունները և այդ համատեքստում Հայաստանի Հանրապետության աջակցությունը:
Նախագահները ողջունեցին Հայաստանի Հանրապետությունում և Իրանի Իսլամական Հանրապետությունում գործարար կապերի ընդլայնման, տնտեսական և ներդումային գործունեության, ինչպես նաև զբոսաշրջության խթանման համար երկու երկրների միջև ելքի և մուտքի արտոնագրերի չեղարկումը:

Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության նախագահներն անհրաժեշտ համարեցին տարածաշրջանում հարատև խաղաղության, կայունության և անվտանգության հաստատումն ու հետագա ամրապնդումը` այդ նպատակին հասնելու համար կարևորելով առկա հակամարտությունների կարգավորմանն ուղղված ջանքերի գործադրումը և տարածաշրջանային համակողմանի համագործակցության ընդլայնումը:

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հիմնահարցին՝ երկու պետությունների նախագահները ընդգծեցին, որ այն պետք է կարգավորվի խաղաղ ճանապարհով, հիմնված ՄԱԿ-ի կանոնադրության, միջազգային իրավունքի հիմնարար նորմերի և սկզբունքների վրա:

Երկու պետությունների նախագահները վստահություն հայտնեցին, որ Իրանի միջուկային ծրագրի շուրջ կայացած բանակցությունների դրական ավարտի արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունները կծառայեն ի շահ տարածաշրջանային և միջազգային անվտանգության և կայուն զարգացման:
Երկու պետությունների նախագահները կարևորեցին համընդհանուր խաղաղությանը միտված տարածաշրջանային և միջազգային հրատապ խնդիրների շուրջ համատեղ խորհրդակցությունները շարունակելու անհրաժեշտությունը:

Նախագահները զանգվածային ոչնչացման զենքի չտարածման խնդիրը համարեցին օրակարգային՝ կարևորելով Միջուկային զենքի չտարածման պայմանագրի դրույթների իրագործումը:
Երկու երկրների Նախագահները մեծապես կարևորեցին Սիրիայում շուտափույթ խաղաղության հաստատման, մարդասիրական խնդիրների ու տեղահանման հետագա ծավալումը կանխելու անհրաժեշտությունը:

Նախագահները, անդրադառնալով միջազգային ահաբեկչության և կազմակերպված հանցավորության խնդիրներին, իրենց պատրաստակամությունը հայտնեցին երկկողմ և բազմակողմ շրջանակներում պայքարելու այդօրինակ սպառնալիքների դեմ:

Երկու պետությունների նախագահները ընդգծեցին բռնությունների ու ծայրահեղականության դեմ պայքարի անհրաժեշտությունը՝ քաղաքակրթությունների երկխոսությունը դիտարկելով որպես աշխարհում և տարածաշրջանում խաղաղություն հաստատելու կարևորագույն գործոն, որի օրինակելի դրսևորումներից է երկու ժողովուրդների բարեկամությունն ու խաղաղ գոյակցությունը՝ հիմնված միմյանց կրոնի ու մշակույթի նկատմամբ խորը հարգանքի ու հանդուրժողականության վրա:

Իրանի Իսլամական Հանրապետության Նախագահ Նորին Գերազանցություն Հասան Ռոհանին հրավիրեց Հայաստանի Հանրապետության Նախագահ Նորին Գերազանցություն Սերժ Սարգսյանին պաշտոնական այց կատարել Իրանի Իսլամական Հանրապետություն: Հրավերն ընդունվեց շնորհակալությամբ: Այցի ժամկետները կհամաձայնեցվեն դիվանագիտական խողովակներով:

Իրանի Իսլամական Հանրապետության Նախագահ Հասան Ռոհանիի Հայաստանի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի ընթացքում տեղի ունեցած քննարկումների ու բանակցությունների արդյունքում ստորագրվեցին հիշյալ փաստաթղթերը.

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ