29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Թուրքիան պարտադրված է լինելու ընդունել Հայոց ցեղասպանության վերաբերյալ իրականությունը. ՀՀ վարչապետ

image_2435

Վարչապետ Տիգրան Սարգսյանն Աղավնաձորում հանդիպել է Հայոց ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ կազմակերպված լրագրողների համահայկական վեցերորդ համաժողովի մասնակիցներին: Ողջունելով աշխարհի տարբեր երկրներում գործունեություն ծավալող հայազգի լրագրողներին` վարչապետը կարևորել է նման հավաքի անցկացումը և նշել, որ այն կրելու է շարունակական բնույթ: ‘Դուք գտնվում եք ‘պատերազմի’ ճակատում, ով հաղթի տեղեկատվական դաշտում, մարդկանց կարողանա ուղղորդել իր հոդվածներով, նա էլ կկառավարի ժամանակակից աշխարհը: Տեղեկատվական դաշտում պայքարը սուր է, ուստի կարևոր է վեր հանել մեր ազգային խնդիրները և հանդես գալ համախմբված կերպով: Մեր հակառակորդը բավականին մեծ գումարներ է ծախսում տեղեկատվական ասպարեզում հաղթելու համար, իսկ մենք մեր խոսքը և ճշմարտությունը պարտավոր ենք հասցնել բոլորին մեր միասնական գործունեությամբ’,- ասել է Տիգրան Սարգսյանը:
Վարչապետն ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը համազգային խնդիրների լուծման կարևոր օղակներից մեկն է և համագործակցում է բազմաթիվ համազգային կառույցների հետ: Տիգրան Սարգսյանը հիշեցրել է, որ ՀՀ նախագահի գլխավորությամբ ստեղծվել է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման գործընթացը խթանելու և Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված պետական հանձնաժողով, որում ընդգրկված են ինչպես հասարակական և քաղաքական գործիչներ, այնպես էլ համազգային նշանակություն ունեցող կառույցների ներկայացուցիչներ:
Պատասխանելով Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հնարավորության վերաբերյալ հարցին` կառավարության ղեկավարը նշել է.

Հայաստանը մեծապես կարևորում է, որ Թուրքիայում այսօր ձևավորվել է ազատամիտ, Հայոց ցեղասպանության փաստն ընդունող մտավորականների խավ, որը փորձում է իրականությունը ներկայացնել թուրք հասարակությանը: Թուրքիան բազմաթիվ միջազգային կառույցներում, այդ թվում ակադեմիական և գիտական շրջանակներում պարտադրված է լինելու ընդունել Հայոց ցեղասպանության վերաբերյալ իրականությունը, ժամանակն ամեն ինչ դնելու է իր տեղը: Այդ ճշմարտությունը պետք է ոչ միայն հայ, այլև թուրք ժողովրդին’:
Տիգրան Սարգսյանի խոսքով` Հայաստանը չի կարող հետ նահաջել իր ճշմարիտ և արդար սկզբունքներից: ‘Մեր պայքարը պետք է շարունակենք, անկախ նրանից` Թուրքիան ինչ հակաքայլերի է դիմելու: Սա չի կարող լինել քննարկման առարկա’,- ասել է վարչապետը:
‘Կալիֆորնիան կուրիեր’ թերթի խմբագիր Հարութ Սասունյանն անդրադարձել է սիրիահայության խնդիրներին և առաջարկել Հայաստան համահայկական հիմնադրամի այս տարվա հեռուստամարաթոնը նվիրել սիրիահայությանը: Այդ կապակցությամբ կառավարության ղեկավարը նշել է. ‘Այդպիսի հանձնարարական Հայաստանի Նախագահն արդեն տվել է: Այժմ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամների հետ քննարկում ենք հարցը: Տարբեր ձևաչափեր և ձևակերպումներ կան հեռուստամարաթոնն անցկացնելու վերաբերյալ, հնարավոր է այն միաժամանակ նվիրվի և սիրիահայությանը, և Լեռնային Ղարաբաղին’:
Վարչապետն իր հիացմունքն է հայտնել սիրիահայերի նկատմամբ, ովքեր, ըստ Տիգրան Սարգսյանի, խիստ կազմակերպված են գործում: Գործադիրի ղեկավարը նշել է, որ կառավարությունն իր հնարավորությունների շրջանակներում պետք է ամեն ինչ անի, որպեսզի սիրիահայերը զգան իրենց նկատմամբ հոգատարությունը:
Վրացահայ լրագրողներից մեկն էլ հետաքրքրվել է հայ-վրացական հարաբերությունների  ընթացքով: Վարչապետ Սարգսյանն ընդգծել է, որ անկախ նրանից, թե ով կլինի Վրաստանի իշխանության ղեկին, Հայաստանը կանի ամեն ինչ, որպեսզի երկկողմ հարաբերությունները լինեն գերազանց: “Մենք ամեն ինչ պետք է անենք, որպեսզի Վրաստանի հետ մեր հարաբերությունները լինեն շատ լավ, անկախ նրանից, թե որ քաղաքական ուժը Վրաստանում կլինի իշխանություն: Մենք հարգում ենք վրաց ժողովրդի որոշումը և Վրաստանի հետ պետք է կառուցենք շատ լավ հարաբերություններ”,- ասել է կառավարության ղեկավարը:
Տիգրան Սարգսյանն անդրադարձել է նաև Հայաստան-Եվրամիություն հարաբերություններին, մեր երկրում իրականացվող բարեփոխումներին, սփյուռքահայ լրագրողներին հետաքրքրող այլ հարցերի:
Այնուհետև վարչապետը մրցանակներ է հանձնել Սփյուռքում լույս տեսնող և հեռարձակվող մի քանի լրատվամիջոցների ներկայացուցիչների՝ համազգային խնդիրներն օպերատիվ և օբյեկտիվ լուսաբանելու համար:
Լրագրողները շնորհակալություն են հայտնել վարչապետին հանդիպման և համազգային հարցերին մեծ նշանակություն տալու համար:
Լրագրողների համահայկական վեցերորդ համաժողովին մասնակցում են աշխարհի տարբեր երկրների 89 թերթերի, գործակալությունների, հեռուստաընկերությունների և ռադիոկայանների հայազգի ներկայացուցիչներ: Համաժողովի ընթացքում քննարկվող Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված նյութերը, առաջարկություններն ու ծրագրերը կներկայացվեն Ցեղասպանության 100-ամյակին նվիրված միջոցառումների կազմակերպման պետական հանձնաժողովին:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ