25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Ադրբեջանը նախապատրաստվում է պատերազմի. Սերժ Սարգսյան

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հարցազրույց է տվել Reuters գործակալությանը եւ Ադրբեջանին մեղադրել նոր պատերազմով սպառնալու մեջ։ Ադրբեջանն “ահավոր մեծ քանակի” զինամթերք է կուտակում՝ նախապատրաստվելով պատերազմի վերսկսմանը”,- ասել է Սերժ Սարգսյանը։

Նա նշել է, որ Հայաստանը ցանկանում է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծել բանակցային ճանապարհով եւ ջանքեր չի խնայելու դրան հասնելու համար։  “Այժմ՝ հրադադարի համաձայնագրի կնքումից 18 տարի անց, Ադրբեջանը մեզ սպառնում է նոր պատերազմով”,- ասել է ՀՀ նախագահը՝ Երեւանում կայացած հարցազրույցի ընթացքում։

Reuters-ը հիշեցնում է, որ ԼՂ հակամարտության շփման գծում հրադադարի խախտման դեպքերն ինտենսիվ են դարձել՝ մեծացնելով ռիսկը տարածաշրջանում, որտեղ Թուրքիան, Ռուսաստանն ու Իրանը շահեր ունեն։ “Երբ ես ասում եմ Ադրբեջանում հայատյացություն կա, երբ ասում եմ, որ Ադրբեջանը վտանգավոր ծավալի զինամթերք է հավաքում եւ պատրաստվում է վերսկսել ռազմական գործողություններն ու հակամարտությունը լուծել այդ ճանապարհով, դա չի նշանակում, որ կարիք չկա բանակցությունները շարունակելու”,- ասել է նախագահը։

Գործակալությունը հիշեցնում է, որ երկու երկրների միջեւ լարվածությունն ավելացել է այն բանից հետո, երբ Հունգարիան Ադրբեջան ուղարկեց ադրբեջանցի սպային, ով Բուդապեշտում ՆԱՏՕ-ի լեզվի դասընթացների ընթացքում սպանել էր հայ սպա Գուրգեն Մարգարյանին։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը մարդասպանին ներում շնորհեց, երբ նա, օգոստոսին, որպես հերոս վերադարձավ Ադրբեջան։

Ադրբեջանական կողմն ասում է, թե Ալիեւը գործել է օրենքի շրջանակներում՝ ուշադրություն չդարձնելով հարցի շուրջ միջազգային քննադատությանը։  Այս մասով Սերժ Սարգսյանն ասել է, որ Ռամիլ Սաֆարովի ներումը ցույց տվեց, որ Լեռնային Ղարաբաղը չի կարող Ադրբեջանի մաս կազմել։“Դա մեկ անգամ եւս վերահաստատում է մեր տեսակետը, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը ապագա չունի Ադրբեջանի տարածքում”,- ասել է նա։ Reuters-ը հիշեցնում է, որ Հայաստանը հավաքական անվտանգության համաձայնագիր ունի Ռուսաստանի, իսկ Ադրբեջանը՝ Թուրքիայի հետ։
Ռուսաստանը, Ֆրանսիան եւ Միացյալ Նահանգները տարիներ շարունակ միջնորդական առաքելություն են իրականացնում ԵԱՀԿ շրջանակներում, սակայն ուղղակի շփումը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ՝ այս հարցի վերաբերյալ, դադարել է ադրբեջանցի սպայի ներումից հետո, գրում է Reuters-ը։
Սերժ Սարգսյանը միջազգային հանրությանը կոչ է անում կոնկրետ քայլեր ձեռնարկել խնդրի կարգավորման լուծում գտնելու համար։
Նա ասել է, որ Ադրբեջանը խախտում է Եվրոպական պայմանագրերը, որով սահմանափակվում են կոնկրետ երկրի զենքի թույլատրելի քանակը։ Տեսուչները տեսնում են դա, սակայն ոչ մի գործողություն չեն ձեռնարկում, նշել է նա։

Հարցին, թե արդյո՞ք վստահ է, որ տեսնում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծումը, Սերժ Սարգսյանը պատասխանել է, որ վստահ է։ «Առնվազն հավատում են, որ ես երբեք չեմ տեսնելու Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմում, եւ դա ինքնին հսկայական հաջողություն է”,– ընդգծել է նա։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ