24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ինչպես խնդրել Աստծուն

Եվ ինչ էլ որ խնդրեք Իմ անունով, այն կանեմ, որ Հայրը փառավորվի Որդումը: Հովհաննես 14.13

Հիսուս Քրիստոսը խոստացավ, որ Իր անունով ինչ էլ որ խնդրենք Հորից, կտա մեզ: Սակայն մեր թերահավատությունը հաճախ թույլ չի տալիս, որ դիմենք Աստծուն, և մեր հիվանդությունների, նեղությունների ժամանակ փորձում ենք ինքնուրույն ելք գտնել: Աստվածաշնչում բազմաթիվ օրինակներ կան, թե ինչպես տարբեր մարդիկ իրենց աղոթքների պատասխաններն ստացան Աստծուց:

Սամսոնը փղշտացիների դեմ հաղթանակ տանելուց հետո սաստիկ ծարավեց և աղաղակեց Տիրոջը. «Դու Քո ծառայի ձեռքով հաջողեցիր այս մեծ փրկությունը, և հիմա ծարավով մեռնեմ ու անթլփատների ձե՞ռքն ընկնեմ» (Դատ. 15.18,19):  Աստված Լեքիի մեջ եղած փոսը բացեց, և այնտեղից ջուր ելավ, և Սամսոնը խմեց:

Աննան փափագում էր երեխա ունենալ, բայց անպտուղ էր: Օրերից մի օր նա տրտմալից հոգով աղոթեց Տիրոջը և ուխտ արեց` ասելով. «Ով Զորաց Տեր, եթե Քո աղախնի նեղությանը նայես և ինձ հիշես և Քո աղախնին չմոռանալով` արու զավակ տաս, ես նրան Տիրոջը կնվիրեմ իր կյանքի բոլոր օրերում» (Ա Թագ. 1.11): Եվ Տերը նրան հիշեց. նա մեկ տարի անց արու զավակ ունեցավ և անունը Սամուել դրեց` ասելով, թե Տիրոջից խնդրեցի նրան:

Սիրելինե՛ր, դուք էլ կարող եք այսպես աղոթել: Խնդրե՛ք և կտրվի ձեզ: Խնդրել` նշանակում է խնդիրն ամբողջությամբ վստահել Աստծուն` գիտակցելով, որ առանց Նրա գերբնական միջամտության՝ դուք անզոր եք որևէ բան փոխելու կամ անելու:

Հիսուսի կողքին խաչված ավազակն այլևս ոչ մի տեղից փրկության հույս չուներ, բայց խնդրեց Հիսուսին.

«Տե՛ր, ինձ հիշի՛ր, երբ որ գաս Քո թագավորությունով» (Ղուկ. 23.42): Հիսուսը նրան պատասխանեց.

“Ճշմարիտ ասում եմ քեզ, դու այսօր Ինձ հետ դրախտում կլինես”: Եկեղեցին պետք է բարձրացնի իր ձայնը, աղաղակի Աստծուն: Այսօր շատ խնդիրներ և դժվարություններ կան, բայց մենք կանչված ենք՝ կանգնելու Տիրոջ առջև որպես բարեխոսներ, աղոթելու մեր հարազատների, բարեկամների, ընկերների համար, խնդրելու մեր երկրի, ժողովրդի, ինչպես նաև ազգերի փրկության, խաղաղության և բարօրության համար: Ամեն

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ