18 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Մենք խաներ չենք, որպեսզի խոժոռ դեմքով մարդկանց հարցերը լուծենք ու հետո էլ սպասենք, որ այդ մարդիկ մեզնից շնորհակալ լինեն. Հայաստանի նախագահ

Նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով մեկնել է Վայոց Ձորի մարզ: Հանրապետության ղեկավարն այսօր առավոտյան Ջերմուկ քաղաքում մասնակցել է Գյուղական համայնքների 2-րդ համաժողովի ամփոփիչ լիագումար նիստին:

Համաժողովին մասնակցել են հանրապետության գյուղական համայնքների ղեկավարներ՝ հանրապետության բոլոր մարզերից: Միջոցառումը նպատակ ունի տեղական ինքնակառավարման համակարգի եւ գյուղական համայնքների ամենաարդիական խնդիրների քննարկման, փորձի փոխանակման, իրականացվող ծրագրերի եւ քաղաքականությունների վերաբերյալ տեղեկատվության փոխանակման միջոցով աջակցել գյուղական համայնքների կայուն զարգացմանը:

Նախագահը ողջունել է միջոցառման մասնակիցներին եւ համաժողովին մաղթել արդյունավետ աշխատանք:

“Կայացած տեղական ինքնակառավարման համակարգի կարեւորության մասին մենք շատ ենք խոսել: Իրականացվող պետական քաղաքականությունն էլ դրան է ուղղված. մենք շարունակելու ենք տեղերում կայացող որոշումների համար ավելի լայն ազատություններ ու հնարավորություններ ընձեռելու մեր ռազմավարությունը: Եվ շարունակելու ենք պետական բյուջեից օժանդակել նման ծրագրերը:

Սա մեկ կողմից: Մյուս կողմից կա շատ կարեւոր մի հանգամանք, որը բոլորս պետք է կարեւորեք: Խոսքս մեր դերակատարման, մեր վարքի ու մարդկանց կողքին կանգնելու մեր ունակությունների մասին է: Բացատրեմ միտքս:

Այսօր ունենք մի իրականություն, երբ մեր տնտեսական ցուցանիշներն սկսել են լրջորեն բարելավվել, նկատելի ձեռքբերումներ ենք արձանագրել ընտրական գործընթացներում, բավականաչափ ամուր դիրքեր ունենք սահմանների պաշտպանության եւ միջազգային ասպարեզում Հայաստանի դերի ավելացման հարցերում, բայց դեռեւս չունենք այնպիսի հասարակական միջավայր, երբ բոլորը կամ գոնե ճնշող մեծամասնությունը հավատում են հաջողությանը եւ սատար են կանգնում փոփոխությունների միտված մեր նախաձեռնություններին: Մարդիկ դժգոհ են, մարդիկ դեռեւս հիասթափված են:

Դժգոհություններն առավելապես սոցիալ-տնտեսական բնույթի են, համապետական եւ տեղական իշխանությունների գործունեությունից են, հեռանկարի եւ հույսի պակասից են, տարբեր մակարդակների առաջնորդների հանդեպ հավատի կորստից են:

Հասարակական հոռետեսական միջավայրը ներկայում, ըստ էության, մեր երկրի առջեւ ծառացած ամենաառաջնային խնդիրներից է, որը լուրջ խոչընդոտ է թե՛ զարգացման, թե՛ փոփոխությունների ճանապարհին: Մենք փոխելու ենք, իհարկե, այս իրավիճակը, մեր յուրաքանչյուր քաղաքացի տեսնելու եւ հավատալու է, որ ճանապարհը, որով գնում է Հայաստանը միակ անխոցելի եւ հեռուն տանող ճանապարհն է: Բայց պետք է արդյունքներ տեսնեն մարդիկ, պետք է վստահ լինեն, որ բոլոր իրականացվող գործողություններն այդ նպատակին են ծառայում: Մարդիկ պետք է հավատան, ուղղակի հավատան:

Դուք, տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարներդ, մեր հասարակության հետ շփման առաջնային օղակն եք: Ձեր յուրաքանչյուր ամբարտավան քայլ, անպատասխանատու արարք կամ անարդար որոշում միանգամից դառնում է հավատի կորուստ երկրի ու նրա ընթացքի վերաբերյալ: Ամեն օր իր քայլերով հույս արթնացնող առաջնորդների դեֆիցիտ է առաջացել հանրային ընկալման մեջ: Մենք սա պետք է հասկանանք: Դուք եք նաեւ այն մարդիկ, որ պետք է այդպիսի առաջնորդներ լինեք:

Մեր քաղաքացիները ձեզ հետ ամենօրյա շփման մեջ են, ձեր գործողությունների հետեւանքով կորսված հավատը հանրապետական մակարդակով շատ դժվար կլինի վերականգնել: Երբ ասում եմ ձեզ, հարգելի գործընկերներ, բնականաբար, ես նկատի չունեմ այստեղ նստած մարդկանց, ես նկատի ունեմ ընդհանրապես տարբեր մակարդակներում ընտրված առաջնորդներին: Մեզնից յուրաքանչյուրը գրեթե նույնանման աշխատանք է կատարում: Մեկի ծավալները մեծ են, մյուսինը՝ մի քիչ ավելի փոքր: Եվ մեզնից որեւէ մեկին ոչ ոք չի պարտադրել գալ, առաջադրվել, ընտրվել: Եթե մենք եկել ենք, առաջադրվել ենք, ընտրվել ենք, նշանակում է, որ մենք պետք է պատրաստ լինենք ծառայելու այն մարդկանց, ովքեր մեզ ընտրել են: Մենք պետք է կարողանանք անել այնպես, որպեսզի մարդիկ չփոշմանեն մեզ վստահելու ու քվեարկելու համար: Սրանք շատ կարեւոր դիտարկումներ են, խնդրում եմ ամեն օր սա հիշել:

Հիշե՛ք ու աշխատանքի գնալուց առաջ մտածեք ոչ միայն այն մասին, թե ինչ եք անելու, այլ թե ինչպես եք անելու: Ձեր առաքելությունը միայն կուտակված խնդիրները լուծելը չէ, այլ այնպես լուծելը, որ մարդիկ դրանով բավարարված լինեն: Հիշե՛ք, մենք խաներ չենք, որպեսզի խոժոռ դեմքով մարդկանց հարցերը լուծենք ու հետո էլ սպասենք, որ այդ մարդիկ մեզնից շնորհակալ լինեն: Չփորձեք երբեք ընկնել նման խաբկանքների ծուղակը. դա վտանգավոր ճանապարհ է:

Մենք փոփոխությունների մեծ ուղի ենք մտել: Մեր ծրագրերը կհաջողվեն միայն, եթե ողջ հասարակությունը հավատա դրանց ու սատար կանգնի: Հիշե՛ք, որ ձեր խնդիրների շարքում այս ամենը եւս կա եւ պակաս կարեւորների մեջ չէ:

Այսքանն էի, ուղղակի, ուզում ձեզ ասել: Բնականաբար, ես կարող էի մի քիչ այլ երանգներ հաղորդել իմ կարճ ելույթին, ասել, թե ինչպիսի մեծ հաջողությունների ենք հասել, բերել լավ օրինակներ: Փայլուն օրինակներ ունենք՝ երբ մարդիկ նվիրված են երկրին, իրենց աշխատանքին, անում են ամեն ինչ, որպեսզի կարողանան արդարացնել այն մեծ վստահությունը, որ իրենց նկատմամբ ցուցաբերվել է: Բայց կարծում եմ, որ սա մեզ յուրահատուկ չէ: Այն, ինչ մենք արել ենք, որեւէ մեկը մեզնից չի խլելու եւ շատ դեպքերում էլ կարող է մոռացվել: Մենք պետք է խոսենք այն խնդիրների մասին, որոնք խոչընդոտում են ավելի լավ համայնք, ավելի լավ քաղաք կամ մարզ եւ, վերջին հաշվով, ավելի լավ պետություն ունենալուն: Իսկ այդպիսի խոչընդոտները բազմաթիվ են: Եվ ինչքան շատ խոսենք խնդիրների մասին, այնքան տեսնելու ենք դրանց լուծման ճանապարհները եւ այնքան մարդիկ հավատալու են: Իսկ եթե չհավատացին, մեզնից ոչ մեկը չի կարող լիաթոք ապրել, չի կարող կառավարել ոչ հարյուր հոգանոց, ոչ հազար հոգանոց, ոչ էլ տաս հազար հոգանոց համայնքներ: Իսկ կառավարել, մեկ անգամ եւս կրկնում եմ, նշանակում է ծառայել գաղափարին: Եվ ես վստահ եմ, որ գոնե այս դահլիճում նստած մարդկանց ճնշող մեծամասնությունը հենց ծառայում է այդ գաղափարին: Շնորհակալ եմ եւ ցանկանում եմ, որ ձեզնից յուրաքանչյուրը, մենք բոլորս, բոլոր փորձություններից դուրս գանք պատվով”,-ասել է Սերժ Սարգսյանը:

Նախագահի աշխատանքային այցը Վայոց Ձորի մարզ շարունակվում է: Հանրապետության ղեկավարը կայցելի նաեւ Արենի եւ սահմանամերձ Խաչիկ համայնքներ:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ