25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

«Վատ հանդիսատես չկա, կա վատ արտիստ»

Ժողովրդական երգիչ Սամսոն Պանյանը մանուկ հասակում երբեք չի երազել երգիչ դառնալ, քանի որ տարված է եղել սպորտով: Նրա ձայնային տվյալները, իհարկե, նկատելի են եղել, պարզապես Սամսոնը տարված է եղել կարատեով: Արդեն պատանեկության տարիներին Սամսոն Պանյանը հասկացել է, որ երգը դոմինանտ է իր մեջ, և հենց այդ ժամանակ  սկսվել է նրա  ուղին՝ դեպի երգարվեստ:

Henaran.am-ի թղթակիցը զրուցել է Սամսոն Պանյանի հետ: Երգիչը հակիրճ պատմել է իր անցած ուղու, նախասիրությունների, և, իհարկե, անելիքների մասին:

-Սամսո՛ն, քանի՞ տարեկան էիք, երբ սկսեցիք երգել: 

-17 տարեկանում պատահաբար որոշեցի, որ պետք է երգեմ: Մանկուց, իհարկե, ունեցել եմ տվյալներ, բայց չեմ երգել. սպորտով եմ զբաղվել: Երաժշտական դպրոց չեմ հաճախել: Միանգամից հաճախել եմ «Դո-ռե-մի» վոկալ ստուդիա, հետո՝ Երևանի մշակույթի պետական քոլեջ, այնուհետև՝ Հայկական պետական մանկավարժական համալսարան: Նշեմ՝ սովորել եմ նաև Ջիվանու անվան աշուղական դպրոցում:

-Ի՞նչ նախասիրություններ ունեք:

-Երգից զատ՝ ունեմ նաև երկորդ մասնագիտություն: Դա կարելի է նաև հոբբի կոչել. ես նաև ֆլորիստ-դիզայներ եմ: Աշխատում եմ նաև այդ ուղղությամբ: Հիմնականում Հայաստանից դուրս է լինում այդ աշխատանքը, բայց, իհարկե, Հայաստանում էլ եմ պատվերներ ունենում: Նշեմ նաև, որ աշխատում եմ   Չարենցավանի Արամ Խաչատրյանի անվան մասնագիտացված երաժշտական դպրոցում՝ որպես ժողովրդական երգի դասատու և փոխտնօրեն:

-Կյանքում ո՞ր կարգախոսով եք առաջնորդվում:

-Կոնկրետ ինչ-որ կարգախոս չեմ կարող առանձնացնել, բայց մի բան կասեմ. հարկավոր է ապրել ու փորձել առաջ ընթանալ: Պետք է միշտ առաջ նայել, փնտրել ու սովորել նորը, դրականը:

-Ո՞ր հատկանիշներն եք կարևորում մարդու մեջ:

-Ամենակարևորը, կարծում եմ, այն է, որ մարդու մեջ չլինի կեղծիք, սուտ ու նախանձ: Երբ այս երևույթները լինում են, կործանում են ամեն ինչ: Ես հարմարվող մարդ եմ. կարող եմ հարմարվել, համագործակցել ու շփվել տարաբնույթ մարդկանց հետ, բայց երբ ի հայտ է գալիս սուտը, այդ դեպքում հիասթափվում եմ: Իսկ ինձ մոտ այսպես է. եթե մի բան կոտրվում է, այն այլևս ամրացնել չի լինում:

-Ձեր կյանքում եղե՞լ է այնպիսի օր, երբ բեմ եք բարձրացել ու այդ կատարումը, բեմելը Ձեզ համար ճակատագրական է եղել:

-Իհարկե եղել է: Դա եղավ այն ժամանակ, երբ ես մասնակցում էի «Ժողովրդական երգիչ» նախագծին, այն ժամանակ, երբ 651 մասնակիցներից ընտրվեց ընդամենը 13 մասնակից: Այդ 13 մասնակիցներից մեկը ես էի: Ու այդ ժամանակ, երբ առաջին փուլում ես բեմ դուրս եկա, այդ օրն ինձ համար իսկապես ճակատագրական եղավ՝ երգի խոսքերը մոռացա, բեմից գնացի, հետո կրկին բեմ վերադարձա… Այդ ամենն իսկապես շատ հուզիչ էր, ու տպավորվեց հանդիսատեսի մեջ:

-Առաջիկայում ի՞նչ անակնկալների կարող են սպասել Ձեր երկրպագուները: Փակագծերը կբացե՞ք:

-Այժմ զբաղված եմ ամանորյա նկարահանումներով: Կիրակի օրը «Երգ երգոց» հաղորդման շրջանակում հանդիսատեսը կարող է ինձ լսել: Ամանորից հետո՝ փետրվար ամսին ես կմեկնեմ հյուրախաղերի՝ դեպի Եվրոպա:

-Կա՞ ինչ-որ երկիր, որտեղ Ձեզ առանձնակի մեծ սիրով են ընդունում, և ցանականում եք հենց այդ երկրում հանդես գալ համերգաշարերով:

-Չեմ առանձնացնի որևէ    երկիր: Կարող եմ ասել՝ ոչ մի երկրում վատ հանդիսատես չկա, կա վատ արտիստ: Եթե լավ չեն ընդունում արտիստին, երգչին, ուրեմն նա պետք է մեղքն իր մեջ փնտրի, ուրեմն ինքն է ինչ-որ բանում թերացել: Ես գոհ եմ իմ հանդիսատեսից ու մեծ սիրով եմ մեկնում համերգային շրջագայությունների:

-Գրեթե բոլոր երգիչների կյանքում կա երգ կամ երգեր, որոնց միջոցով հանդիսատեսը ճանաչում ու սիրում է նրանց, ու այդ երգը դառնում է վերջիններիս երգացանկի «ֆավորիտը»: Ի՞նչ կասեք այս մասին:

-«Ժողովրդական երգիչ» նախագծում հանգես գալու ժամանակ հանդիսատեսի մեջ տպավորվեցին «Անցա, գնացի» և «Տեսնեմ Անին ու նոր մեռնեմ» ստեղծագործությունները: Իսկ վերջերս ինձ համար բացահայտում էր, որ «Արենա լայվ» ծրագրում հանդես գալուց հետո հանդիսատեսը շատ է սիրել «Սարի աստղիկ» երգը:

-Ինչ է երգը Ձեզ համար:

-Անկեղծ ասած՝ ինձ չեմ պատկերացնում առանց երգի: Կյանքում եղել են խոչընդոտներ, ու ես փորձել եմ այլևս չերգել, բայց չի ստացվել: Որքան էլ հիասթափվել եմ ու կոտրվել, այնուամենայնիվ, ի վերջո, երգը հաղթել է: Բեմը, հանդիսատեղը, ծափահարությունները, հանդիսատեսի ժպիտները… այդ ամենը շատ թանկ են ինձ համար: Ես ապրում և շնչում եմ երգով:

Հարցազրույցը վարեց Հասմիկ Բալեյանը

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ