19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ես որոշել եմ քաղաքականության մեջ մնալ. Ռ. Հակոբյանն՝ իր ապագա պլաններից

Henaran.am-ի հետ զրույցում Ազգային ժողովի պատգամավոր Ռուբիկ Հակոբյանն անդրադառնում է սպասվող խորհրդարանական ընտրություններին, ձևավորվող դաշինքներին: Հիշեցնենք, որ Ռ. Հակոբյանը «Ժառանգություն» կուսակցությունից դուրս է եկել, ներկայումս անկուսակցական է:

Պարո՛ն Հակոբյան, խորհրդարանական ընտրություններին մի քանի ամիս է մնացել, և արդեն ուրվագծվում են որոշակի դաշինքներ: Դուք արդեն որոշե՞լ եք, թե ինչպես եք մասնակցելու ընտրություններին, կա՞ ցանկություն:  

-Այն, որ որոշել եմ քաղաքականության մեջ մնալ, դա որոշված է, բայց թե ինչ դրսևորում կունենա, ինչպես կանեմ, դեռ չեմ որոշել, անկեղծորեն: Կարծում եմ՝ դեռ ժամանակ կա:

Խորհրդարանում գտնվելո՞ւ մասին է խոսքը, որովհետև քաղաքականության մեջ մնալ դեռ չի նշանակում լինել օրենսդիր մարմնում:

-Ես որոշել եմ քաղաքականության մեջ մնալ, թե ինչպիսի դրսևորում կլինի, դա առաջիկայում կորոշեմ:

-Ինչպես տեղյակ եք, արդեն 3 ընդդիմադիր կուսակցությունների՝ «Քաղաքացիական պայմանագրի», «Լուսավոր Հայաստանի» ու «Հանրապետության» միջև կարծես թե դաշինք է ձևավորվում: Իրենք էլ հայտարարում են, որ բաց են և՛  քաղաքական գործիչների, և՛ կուսակցությունների առջև: Հնարավո՞ր է՝ հենց այս դաշինքին անդամակցեք:

-Ոչ, գիտեք՝ հիմա ինչ-որ բանակցային փուլ է գնում: Ես, իհարկե, կցանկանամ, որ դաշինքներ ձևավորվեն, որովհետև իսկապես մոտ 9 տասնյակի հասնող կուսակցությունների թիվը ծիծաղելի է, մի 6-7 կուսակցություն է, որ իսկապես գործում է քաղաքական դաշտում, բայց նաև այդ դաշինք ասվածը սովորաբար լինում է, դասական ընկալմամբ, արդեն ձևավորված խորհրդարանում, շատ քիչ է լինում, որ նախընտրական փուլում դաշինքներ են ձևավորվում: Իսկ Հայաստանի յուրահատկությունն այն է, որ փոքր կուսակցությունները՝ մի քանի մարդ ունեցող շատ են, ու դաշինք ասվածը մեկ նպատակ է հետապնդում, որ կարողանան մտնել խորհրդարան: Եթե ուշադիր դիտենք, կտեսնենք, որ բավական լուրջ տարբերություններ կան իրենց մոտեցումների մեջ, և այս առումով դաշինք ասելը, կարծում եմ, չի արտահայտում ճշմարիտ տրամաբանությունը: Ավելի շատ միավորվում են, որպեսզի մտնեն խորհրդարան: Ես բան չունեմ ասելու, թող միավորվեն, մտնեն, բայց ուզում եմ ասել՝ գաղափարական դաշինք, որ շարժում դառնա, չեմ տեսնում:

-Հաշվի առնելով դաշինքների փորձը՝ արդյոք մտավախություն չկա, որ դաշինքները կարող են երկարաժամկետ չլինել:

-Պետք է շատ ճիշտ գնահատականը տամ: Միգուցե որոշ քաղաքական գործիչներին էլ սա դուր չկա, բայց  հիմնականում մեր դաշինքային կենսագրությունը վատ վախճան է ունեցել, որովհետև հիմնականում խնդիրը կոնյուկտուրային է եղել՝ կամ օրվա իշխանության կողքին կանգնել, որպեսզի կարողանան օգտվել իշխանությունից, կամ էլ միավորվելով խորհրդարան մտնել: Եթե ուշադիր հետևենք, կտեսնենք, որ գաղափարաքաղաքական դաշտ, որպես այդպիսին, չենք ունեցել, և պատահական չէ, որ եչբ մտնում են խորհդրարան, կամ իշխանությունը փոխվում է, դաշինքները տապալվում են: Սա այն ցուցիչն է, որն ասում է, թե գաղափարաքաղաքական դաշինքներ չեն լինում: Տա Աստված, սխալվեմ, բայց այսօր ինչ տեսնում եմ, որ քաղաքական գործիչներն, ուժերը բանակցում են միավորվելու համար, ես միտումնավոր եմ միավորվել բառն օգտագործում, որովհետև դաշինքն ուրիշ հասկացություն է, որի դասական ընկալումը ես քիչ առաջ ասացի, կարծում եմ, դրանք եթե մտնան խորհրդարան, շատ կարճ կյանք կունենան միասին գործելու:

Գագիկ Ծառուկյանը վերադառնում է քաղաքականություն, պարո՛ն Հակոբյան: Դուք նրա հետ համագործակցության փորձ ունեցել եք եռյակի ու քառյակի շրջանակներում: Հիմա հնարավոր համարո՞ւմ եք նրա հետ համագործակցությունը:

-Ես դեռ ոչինչ չեմ որոշել, կարծում եմ, ժամանակ կա: Հայաստանյան իրականությունն այնպիսին է, որ մեր քաղաքական դաշտը, որ դեռ կայացած չէ, որտեղ ցանկացած պահի ամեն ինչ կարող է փոխվել միանգամից, կտրուկ, սա լավ բան չի ասում մեր քաղաքական դաշտի մասին, և իմ կարգավիճակն էլ այնպիսին է, որ ժամանակ ունեմ դեռ որոշելու: Օրը կգա, բարին՝ հետը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ