24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Բյուրականի աստղադիտարանը երեկ և այսօր

Այս տարի լրանում է  ՀՀ  ԳԱԱ Բյուրականի  Աստղադիտարանի հիմնադրման 70-ամյակը։  ԽՍՄ-ի փլուզումից հետո՝ անկախության տարիներին,  աստղադիտարանը բազմաթիվ փորձությունների միջոցով է անցել։ Հիմնական պատճառը ֆինանսական միջոցների սղությունն է եղել։ 2013 թվականին  Բյուրականի աստղադիտարանը ճանաչվեց  որպես ազգային արժեք։ Այնուհետև պետությունը որոշակի ֆինանսական միջոցներ տրամադրեց աստղադիտարանին, ու  վիճակը  բարելավվեց, բայց  աստղադիտարանում այսօր էլ կան խնդիրներ ու նոր մարտահրավերներ, որոնք հարկավոր է լուծել ու առաջ ընթանալ։

Henaran.am-ի թղթակիցը  զրուցել է աստղագետ, տոմարագետ, Վիկտոր  Համբարձումյանի տուն-թանգարանի տնօրեն Գրիգոր Բրուտյանի հետ՝ փորձելով  աստղադիտարանի պատմությանը նայել  տարիների հեռվից և հասկանալ՝ զարգացման ինչպիսի ուղիներով է անցել աստղադիտարանը, ի՞նչ է փոխվել տարիների ընթացքում և ինչ խնդիրներ ունի այն այսօր։
-Պարո՛ն Բրուտյան, որո՞նք են Բյուրականի աստղադիտարանի  հիմնական ձեռքբերումները։

-Բյուրականի աստղադիտարանի ձեռքբերումներն ու փառքը   հիմնականում կապված են Վիկտոր Համբարձումյանի ու նրա գործունեության հետ։ Աստղադիտարանի ձեռքբերումների 99 տոկոսից ավելին հենց  Վիկտոր Համբարձումյանի ձեռքբերումներն են, իսկ մնացած տոկոսն էլ ձեռք է բերվել եթե ոչ Համբարձումյանի, ապա նրա աշակերտների կամ աշակերտների աշակերտների միջոցով՝ Համբարձումյանի բացած ուղիներով ընթանալու  և նրա դրած խնդիրները կատարելու շնորհիվ։ Դրա վառ ապացույցն է Բ. Մարգարյանի ունեցած  հաջողությունը։ Մարգարյանի գալակտիկաների մասին բոլորը գիտեն։ Դա Համբարձումյանի դրած խնդիրներից մեկի իրականացումն է․դա շատ գեղեցիկ օրինակ է։ Սա վերաբերում է նաև Բյուրականի բոլոր խոշոր ձեռքբերումներին։

-2015 թվականին Միջազգային աստղագիտական միության որոշմամբ Հայաստանը ճանաչվեց տարածաշրջանային աստղագիտական կենտրոն։ Արդյո՞ք սա կարելի է մեծ ձեռքբերում համարել։

-Դրանք կազմակերպական խնդիրներ են, որոնք լուծվել են։ Ես դա չեմ կարող կապել գիտության հետ։ Այժմ Հայաստանն անկախ պետություն է, իսկ ԽՍՀՄ-ի տարիներին Հայաստանն անկախություն  չուներ։ Այսօր՝ անկախությանպայմաններում, ավելի մեծ հնարավորություններ կան կազմակերպչական առումով։ Դա  էլ կազմակերպչական հնարավորությունների մի մասի իրականացումն է։ Անշուշտ, դա լավ բան է, բայց ես դա չեմ կարող համեմատել Համբարձումյանի ու նրա դպրոցի ձեեռքբերումների հետ։ Դրանք տարբեր հարթություններ են։

-Բյուրականի աստղադիտարանը տեխնիկապես հագեցա՞ծ է։ Եթե համեմատելու լինեք, խարհրդային տարիներին, թե՞ մեր օրերում է աստղադիտարանը հագեցած գործիքներով ու անհրաժեշտ սարքավորումներով։

-Խնդիրն ամենևին գործիքների մեջ չէ։ Բյուրականի աստղադիտարանն իր գործունեությունը սկսել է առանց աստղադիտակների։ Առաջին աստղադիտակները, որ Բյուրականում տեղակայվել են, այսպես ասած,պարտքով վերցվել են խորհրդային այլ աստղադիտարաններից․փոքրիկ գործիքներ են եղել, մի  քանիսն էլ ստացվել  են  իբրև  գերմանական  ռազմավարի (Գերմանիայից  կորզված ռազմական ավարի-Հ․Բ․)  հայաստանյան  բաժին։ Այսօր դրանք նույնիսկ սիրողական կարող են համարվել։ Հետո, երբ Բյուրականում արդեն կային  1 մետր,  2.6 մ տրամագծով աստղադիտակները և այլ գործիքներ, դրանք արդեն լավ գործիքներ էին, բայց երբեք չէին կարող  համարվել աշխարհի լավագույն գործիքները։ Բյուրականիզորությունն ու արժեքը գործիքները չեն եղել։ Բյուրականի զորությունը եղել  է այն, որ եղել են նոր, հեղափոխական գաղափարներ, եղել է ամբողջ գիտական աշխատակազմի բևեռացված ու ուղղորդված աշխատանք՝ տվյալ գաղափարների ուղղությամբ։  Այսինքն՝ ամեն մեկը ոչ թե իր մտքով անցածն է արել, այլ լուծել  է  մեկ ընդհանուր խնդրի մի մասը, մի բաղադիչը։ Ստացված ամեն  արդյունք լրացրել է մյուսին, և այդ   բոլորը միասին եկել են հաստատելու Համբարձումյանի մեծ գաղափարների ճշմարտացիությունը։ Այ սա՛ է եղել Բյուրականի  աստղադիտարանի հաջողության գաղտնիքն ու հզորությունը։ Այսօր էլ  չունենք շատ լավ գործիքներ, առաջ էլ չենք ունեցել, պարզապես առաջ ունեցել ենք հզոր գաղափարներ․սա է տարբերությունը։ Այս մեծ գաղափարների գեներատորը՝ ի դեմս Վիկտոր Համբարձումյանի, այսօր մենք չունենք։ Բայց, բարեբախտաբար, կա Համբարձումյանի թողած գիտական ժառանգությունը՝ հոդվածներն, աշխատութունները․դա մեծ դպրոց է։ Երիտասարդ մասնագետները  դրանք կարող են  ուսումնասիրել, հասկանալ ու քայլել Համբարձումյանի բացած ճանապարհով։ Բայց դա չի արվում, քանի որ մեր երկրում չկան համապատասխան պայմաններ։

-Աստղադիտարանում երիտասարդ կադրերի պակաս կա։ Ի՞նչ եք կարծում, ինչպե՞ս կարելի է լուծել այդ խնդիրն ու դադարեցնել  «ուղեղների արտահոսքը»։

-Այսօր երիտասարդ մասնագետների մեծ մասը նայում է դեպի արևմուտք։ Խնդիրը պարզ է․ մեր իշխանությունները բավարար ֆինանսական միջոցներ չեն հատկացնում գիտությանը։ Այսօրվա երիտասարդ սերունդն էլ, մի տեսակ, ոչ հոգևոր ու պրագմատիկ է դաստիարակվել, իսկ մեր սերունդը աստղադիտարան էր գալիս ոչ թե ինչ-որ պաշտոնի, դիրքի կամ հեռանկարների  համար, այլ մենք գալիս էինք գիտության համար, մեծերի հետ շփվելու, նրանիցից սովորելու և, իհարկե, գիտության մեջ մեր լուման ներդնելու համար։ Մեր սերունդը հենց այդպիսին է եղել։ Հիմա երիտասարդները գալիս են գործնական նկատառումներով․մտածում են, թե որքան պիտի վաստակեն, որ կարողանան ընտանիք պահել և այլն․․․Ու հենց այս պատճառով երիտասարդները նայում են դրամաշնորհների կողմը, իսկ դրանց 99 տոկոսն արևմուտքից է գալիս։ Եթե տեղական դրամաշնորհներ էլ կան, մեղմ ասած, դրանք ճիշտ չեն բաշխվում։ Գիտությունն ինքնանպատակ չի լինում․ այն պետք է պատվիրատու ունենա։ Իսկ այդ պատվիրատուն միայն պետությունը կարող է լինել։ Գիտությունը ունի այնպիսի կարևորություն, ինչպես բանակը։ Դրանք երկուսն էլ ազգային անվտանգության խնդիր են լուծում։ Գիտության մեջ պետք է  լինի ճիշտ, հստակ պետական պատվեր․պետությունը պետք է  խնդիրը ձևակերպի, տա համապատասխան ֆինանսավորում, իսկ գիտնականը զբաղվի իր գործով։ Ես կարծում եմ՝ գիտնականը պետք է ուրիշ բանով չզբաղվի։ Նա պիտի ազատ մարդ լինի, շատ ազատ ժամանակ ունենա ու  նյութական հոգս չունենա։ Իսկ այսօր աստղադիտարանի աշխատակիցները աշխատում են տարբեր տեղերում՝ դասավանդում են, վազվզում այստեղ-այնտեղ։ Խոսքս  հատկապես երիտասարդներին է վերաբերում։

-Գիտության զարգացման համար կարևոր նշաակություն ունեն նաև միջազգային կապերը։ Ինչպիսի՞  արդյունավետություն են ունեցել  դրանք խորհրդային և հետխորհրդային տարիներին։

-Խորհրդային տարիներին՝ Վիկտոր Համբարձումյանի օրոք, մենք շատ ակտիվ էինք․ մեզ մոտ գալիս էին սովորելու՝աշխարհի տարբեր ծայրերից։ Մեզ մոտ տարբերերկրներիցուսանողներ, ասպիրանտներ, սովորողներ կային։ Մեծ գիտնականներ էին գալիս այստեղ՝ Բյուրականում լինելու ու Համբարձումյանի հետ շփվելու, մի քանի սեմինար անելու համար։ Մեզ համար դա մեծ ձեռքբերում էր։ Բյուրականի աստղադիտարանի միջին ու ավագ սերունդը հիշում է այն ժամնակների հզոր մասնագետներին, որոնք այսօր դասագրքային անուններ են դարձել։
Իսկ այսօր մեր երիտասարդներն են վազում դուրս։ Այստեղ-այնտեղ ամեն մեկը մի բան է անում․ընդ որում, դրսերում  մեզ մոտից գնացած երիտասարդները զբաղվում  են  հիմնականում  հենց դրսի  մասնագետների աշխատանքային  ծրագրերը  կատարելով. ես ինքս դա գիտություն չեմ կարող համարել։ Երբ շատ մեծ խմբերով գիտական աշխատություններ են անում, որտեղ հեղինակների ցանկը  կես էջ է կազմում, կարող եմ ասել՝ այդտեղ չկա գիտնականի առանձին լուման, աշխարհայացքը, ձեռքբերումը։ Այսինքն՝ այն ժամանակ միջազգային կապերը այսպես էին․գալիս էին մեզանից մի բան սովորելու, իսկ այսօր միջազգային կապ ասելով հասկանում ենք այն, որ վազենք սրա-նրա հետ մի գրանտ պոկենք, միասին մի բան անենք․դրանք լրիվ տարբեր բաներ են։

-Այսինքն՝ այդ փոխգործակցությունը չի՞ հանգեցնում նրան, որ մեր երկրում գիտությունը զարգանա։

-Ո՛չ,  երբե՛ք դա չի օգնում ու, ցավոք,  դրան չի հանգեցնում։

Հարցազրույցը վարեց Հասմիկ Բալեյանը

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ