23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

«Մենք կարող ենք գիտական մտքով մրցել աշխարհում»

Այս տարի լրացավ Բյուրականի աստղադիտարանի հիմնադրման 70-ամյակը: Այն իր ստեղծման օրվանից ունեցել է միջազգային ուղղվածություն: Բյուրականի աստղադիտարանի նվաճումները միշտ բարձր են գնահատվել ամբողջ աշխարհում, և իզուր չէ, որ այն Միջազգային աստղագիտական միության որոշմամբ հռչակվել է տարածաշրջանային աստղագիտական կենտրոն: Այն ընդգրկվել է նաև ԱՊՀ երկրների ինովացիոն համագործակցության միջպետական ծրագրում: Henaran.am-ի թղթակիցը զրուցել է Բյուրականի աստղադիտարանի փոխտնօրեն, տարածաշրջանային աստղագիտական կենտրոնի տնօրեն Արեգ Միքայելյանի հետ՝ փորձելով բացահայտել, թե ինչ խնդիրներ և անելիքներ ունի աստղադիտարանը, և, ի վերջո, ինչ ծրագրեր են մշակվում ոլորտի առջև ծառացած մարտահրավերների համար:

-Պարո՛ն Միքայելյան, այսօր ի՞նչ խնդիրներ կան աստղադիտարանում:

-Աստղադիտարանում առկա խնդիրներից մեկն արդեն լուծվել է. մեծ դիտակի հայելու մակերևույթը ալյումինապատվել է, որպեսզի անդրադարձման գործակիցը բարձր լինի։ Դա շատ կարևոր է, որ կարողանանք որակյալ դիտումներ անել։ Տասնյակ տարիներ մենք չունեինք այդ հնարավորությունը, քանի որ հայելապատման արտադրամասը տխուր վիճակում էր, և հնարավոր չէր այնտեղ աշխատանքներ իրականացնել։ Վերջապես, երբ կառավարությունը Բյուրականի աստղադիտարանին տվեց ազգային արժեքի կարգավիճակ, որոշակի ֆինանսավորում տրամադրվեց ենթակառուցվածքների համար, և դա օգտագործվեց այդ արտադրամասը վերականգնելու և մեծ դիտակի հայելին հայելապատելու համար։ Դա մեր ամենամեծ դիտակն է՝ 2,6 մ տրամագծով։ Հիմա արդեն կանոնավոր դիտումներ են տեղի ունենում։ Դա, իհարկե, մեծ խնդիր էր, որը լուծեցինք։ Բայց մենք ունենք լրացուցիչ սարքավորումների ձեռքբերման անհրաժեշտություն, քանի որ միայն դիտակը չի կարող բարձրակարգ դիտումներ իրականացնել, եթե չլինեն համապատասխան ժամանակակից թվային սարքավորումներ։ Ցանկացած այդպիսի սարք դիտումների արդյունավետությունը բարձրացնում է։ Այնպես որ, տեխնիկական խնդիրներ, անշուշտ, կան, որոնք կարելի է համարել նաև ֆինանսական խնդիր: Ֆինանսների հետ է կապված նաև աշխատակիցների աշխատավարձը, լաբորատորիաների վերազինման, համալրման հարցը։ Մի խոսքով, բոլոր հարցերն էլ ֆինանսականի հետ են կապված ։

-Աստղադիտարանը համապատասխան կադրային կազմով ապահովվա՞ծ է:

-Անդրադառնալով կադրային հարցերին՝ պետք է ասել՝ այժմ երիտասարդությունը ցանկանում է ունենալ այնպիսի աշխատանք, որը բարձր վարձատրվող է, չնայած, ես ընդունում եմ՝ գուցե ինչ-որ տեղ մեր մեղավորությունն էլ կա այս հարցում. գուցե թերացել ենք երիտասարդ մասնագետներին ներգրավելու հարցում: Երկար տարիներ մեզ մոտ երիտասարդներ չէին գալիս։ Ավագ սերնդի մասնագետները մեծ տարիքից մինչև հիսունն են իջնում, ստացվում է՝ 35-50 տարեկան մասնագետներ չունենք։ Բայց հետո աստիճանաբար երիտասարդներն էլ ներգրավվեցին, թեև նրանք շատ չեն՝ ընդամենը 12 հոգի: Խորհրդային ժամանակներում մեր մասնագետների թիվը 120-ի էր հասնում, հետո՝ վերջին ժամանակաշրջանում, մոտավորապես 40 -45-ի։ Այս պահին մենք ունենք 42 գիտաշխատող, բայց դա շատ քիչ է՝ չնայած մեր պետական այրերից ոմանք կարծում են, որ գիտությունը հարկավոր է օպտիմալացնել։ Իմ կարծիքով՝ ՀՀ համար ամենաճիշտ ուղղությունն այն կլինի, որ զարգանա գիտությունը: Լինելով փոքր պետություն՝ մենք հնարավորություն չունենք շատ հզոր տնտեսություն ունենալու, բայց կարող ենք գիտական մտքով մրցել աշխարհում, ինչը մենք աապացուցել ենք տասնյակ տարիներ։ Նույնիսկ հետխորհրդային ժամանակներում, երբ մեր երկրում բազմաթիվ դժվարություններ կային, Հայաստանն ապացուցել է, որ իր տեղն ունի ճշգրիտ ու բնական գիտութունների ասպարեզներում, և հատկապես աստղագիտության ոլորտում:

-Ինչպես հայտնի է, գիտական տուրիզմի զարգացման առումով Բյուրականի աստղադիտարանը կարևոր նշանակություն ունի, ուստի համապատասխան պայմաններ են անհրաժեշտ։ Սրա հետ կապված՝ ի՞նչ խնդիրներ կան։

-Իսկապես, տուրիզմի տեսանկյունից Բյուրականը կարևոր նշանակություն ունի։ Երևի այն ՀՀ գիտական ամենակարևոր այցելավայրն է: Այստեղ է գտնվում Վիկտոր Համբարձումյանի թանգարանը, մենք ունենք նաև 2,6 մետր տրամագծով հայելիով խոշոր աստղադիտակ։ Ամեն երկիր այսպիսի հնարավորություն չունի՝ տուրիստներին գրավելու համար։ Մեր երկիրը գրավիչ է ոչ միայն իր պատմությամբ, այլև գիտությամբ։ Մենք ունենք շատ վայրեր, թանգարաններ, որոնք պետք է կարողանանք ներկայանալի դարձնել, այնպես որ, Ձեր դիտարկումն իսկապես շատ ճիշտ է։ Կարծում եմ՝ գիտական տուրիզմի մեջ հարկավոր է կարևորել նաև գիտական հնավայրերը․ մենք գիտությանն առնչվող բազմաթիվ հնավայրեր ունենք, որոնք պետք է կարողանանք ներկայացնել զբոսաշրջիկներին:

Աստղադիտարանում նույնիսկ այցելուների կենտրոն չունենք։ Այցելուները գալիս են, ոտքի վրա տեսնում են դիտակը, շրջում աստղադիտարանում: Ճիշտ է, բոլորն էլ շատ մեծ տպավորություններով են հեռանում այստեղից, բայց մենք համապատասխան ենթակառուցվածք չունենք, որ այս ուղղությունը զարգացնենք։

-Աստղադիտարանում ի՞նչ հաճախականությամբ և ի՞նչ մակարդակի գիտաժողովներ են անցկացվում:

-Այդ տեսակետից, իսկապես, կարող ենք հպարտանալ։ Նույնիսկ ֆինանսական սուղ պայմաններում մենք շատ կարևոր ծրագրեր ենք իրականացնում։ Բյուրականի աստղադիտարանի նման երևի մեր երկրում ուրիշ կառույց չկա, որ միջազգային մաշտաբներով այդքան ինտեգրված լինի։ Մեզ մոտ միջազգային միջոցառումներ են տեղի ունենում՝ այդ թվում գիտաժողովներ՝ պրոֆեսիոնալ մակարդակի։ Կարելի է առանձնացնել ամառային դպրոցները: Երեք տարի շարունակ՝ գիտաճամբարներ են անցկացվում  դպրոցականների համար։ Ամառային դպրոցները, որոնք նախատեսված են երիտասարդների համար, երկու տեսակի են՝ միջազգային և տեղական։ Միջազգային ամառային դպրոցում ուսանելու համար խիստ ընտրություն է անցկացվում, և, բնականաբար, չենք կարող շատ հայ երիտասարդների ներգրավել, ուստի ստեղծել ենք նաև տեղական ամառային դպրոց, որպեսզի այդ բացը լրացնենք: Բյուրականում ամենաբարձր կարգի գիտաժողովներ են անցկացվում։ Աստղագիտության մեջ՝ մասնագիտական տեսանկյունից, շատ կարևոր են Միջազգային աստղագիտության միության պաշտոնական գիտաժողովները, և մեզ մոտ, ընդհանուր առմամբ, անցկացվել է 6 այդպիսի գիտաժողով։ Երբ նայում ենք առավել հաճախ այդպիսի գիտաժողովներ անցկացրած քաղաքների ցանկը, դրանց մեջ է մտնում մեր Բյուրականը, որը թեև գյուղ է, բայց դասվում է աշխարհի խոշոը քաղաքների կողքին, ինչպիսիք են Փարիզը, Պեկինը, Պրահան, Ռիո դե Ժանեյրոն և այլ խոշորագույն քաղաքներ։

Հետաքրքիր է, որ այդպիսի գիտաժողովների կազմակերպմամբ մենք չենք զիջում նույնիսկ խորհրդային տարիների արդյունքներին։ Այն ժամանակ ավելի մեծ ֆինանսական հնարավորություններ կային։ Համբարձումյանը կարողացել է 3 այդպիսի գիտաժողով կազմակերպել, և նրանից հետո՝ այդ կարճ ժամանակահատվածում, մենք կարողացել ենք ևս 3 գիտաժողով կազմակերպել 1998, 2001 և 2013 թվականներին։ Դա վկայում է այն մասին, որ մեր ակտիվությունը շարունակվում է, ու պահպանվում է մեր միջազգային հեղինակությունը, այլապես մեզ չէին վստահի, որ այդպիսի միջազգային գիտաժողովներ կազմակերպեինք։ Ավելին, պետք է նշեմ, որ 2007 թվականին մենք կազմակերպել ենք Եվրոպական համագումար։ Սա արդեն ոչ թե մեկ առանձին գիտաժողով է, այլ եվրոպական երկրների բոլոր աստղագետների համագումարը, որն, իմ կարծիքով, Հայաստանի պատմության մեջ ամենախոշոր գիտական միջոցառումն էր: Մասնակիցներն այնքան շատ էին, որ, բնականաբար, Բյուրականում չէին տեղավորվի, ուստի այդ գիտաժողովն անցկացվեց ԵՊՀ-ում։ Այդտեղ զուգահեռ անցկացվեց 8 գիտաժողով և լրացուցիչ 6 նստաշրջան։ Ահա այդպիսի խոշոր միջոցառում էր։

Վերջին տարիներին՝ 2015-ին, բավական հետաքրքիր գիտաժողով անցկացվեց՝ «Աստղագիտական շրջահայություններ և մեծ տվյալներ» թեմայով։ Դա ժամանակակից ոգով, աստղագիտության ու ինֆորմատիկայի միջանկյալ մի ոլորտ է, որը կոչվում է աստղաինֆորմատիկա։ Այսինքն՝ մենք զարգացնում ենք նաև ժամանակակից միջճյուղային գիտությունները։

-Ինչպե՞ս եք փորձում դիմակայել ժամանակակից գիտական մարտահրավերներին: Զարգացման ի՞նչ միտումներ կան:

-Մենք գարգացնում ենք ժամանակակից միջճյուղային գիտությունները։ Գիտաժողովների ընթացքում քննարկում ենք աստղագիտությունը՝ պատմության, մշակույթի, ու, ընդհանրապես, հասարակական գիտությունների առանցքում: Աստղակենսաբանությունը նույնպես ընդգրկված է եղել մեր գիտաժողովների թեմաներում։ Կարելի է առանձնացնել նաև բազմալիքային աստղագիտության զարգացումը, այսինքն՝ աստղագիտական հետազոտությունները կատարվում են ոչ միայն օպտիկական տիրույթում, այև ռադիո, ենթակարմիր, գերմանուշակագույն, ռենտգենյան և գամմա․․․Այդ բոլոր ոլորտներում հիմա Բյուրականի աստղադիտարանն ընդգրկվում է։ Իսկ եթե համապատասխան գործիքների կարիք ենք զգում, փորձում ենք դրանք միջազգային համագործակցությունների միջոցով ձեռք բերել: Այդ ոլորտում ևս բազմաթիվ աշխատանքներ են կատարվել: Մենք միանում ենք ոլորտում առկա խոշոր պրոյեկտներին։ Այդպիսի խոշոր պրոյեկտներով է, որ այսօր աստղագիտությունն առաջ է ընթանում։ Բյուրականի աստղագետները կարողացել են մասնակցել միջազգային այդպիսի նախագծերի: Հարկ եմ համարում նշել, որ ոչ մի երկիր ինքնուրույն չի իրականացնում այդպիսի նախագծեր. նույնիսկ խոշորագույն երկրները միավորվում են, որ համատեղ նախագծեր իրականացնեն։ Այնպես որ, դա ժամանակակից գիտության տենդենցն է, և մենք փորձում ենք մասնակցել այդպիսի նախագծերին։

Հարցազրույցը վարեց Հասմիկ Բալեյանը

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ