25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Մինչեւ ուր հանդուրժել . ինչ է ասում Աստվածաշունչը

Մայր Թերեզան ժամանակին նկատել է. «Եթե դատում ես մարդկանց, ապա նրանց սիրելու ժամանակ չունես»: Դատելը, քննադատելը, միմյանց վրա քար նետելը սիրո պակասությունն է մեր մեջ: Դրան հակառակ՝ սիրելը, ներելը, ըմբռնելն ու հանդուրժելը արժեքավոր կարողություններ են, որոնք պիտի լինեն յուրաքանչյուր քրիստոնյայի մեջ: Սակայն որո՞նք են հանդուրժողականության սահմանները. ի՞նչը պիտի հանդուրժենք և ի՞նչը պիտի արմատապես վերացնենք մեր ներսից ու շրջապատից:

Նշված հարցերին անդրադառնալ ստիպեց իմ այս մտորումը. եթե Աստված հանդուրժում է շատ բացասական երևույթներ և արատներ երկրի վրա ու մարդկանց մեջ, ո՞վ եմ ես՝ դրանք դատելու ու դատափետելու համար, լավ չէ՞, որ ուշադրությունս սևեռեմ բարի ու դրական բաների վրա, զերծ մնամ քննադատելուց ու հանդուժող լինեմ չարի նկատմամբ:

«Քրիստոսի երկրային կյանքը հանդուրժողականության դաս է, խոնարհության դաս: Սա մենք տեսնում ենք ավետարանական մի շարք օրինակներով: Հանդուրժողականության ամենամեծ դրսևորումը Նա ցույց տվեց խաչի վրա՝ ասելով.

«Հայր ների՛ր նրանց, քանզի չգիտեն, թե ինչ են անում»: Բայց Ավետարանն ամբողջությամբ ընթերցելիս տեսնում ենք, որ Քրիստոս հանդուրժողական վերաբերմունք չունի մի շարք երևույթների հանդեպ. օրինակ, երբ մտնում է տաճար և այստեղից դուրս հանում լումայափոխներին, վաճառականներիին, ովքեր շուկայի էին վերածել Իր Հոր տունը: Այստեղ հանդուրժողականության մասին խոսք անգամ չկա: Այսպիսով, հանդուրժողականություն չպետք է ցուցաբերել նրանց նկատմամբ, ովքեր փորձում են անարգել քո հավատը, քո սրբությունները: Մենք ունենք հավատք, հայրենիք, ընտանիք, ընդհանրացված խոսքով սրբություններ, որոնց կրողն ու պահպանողը պետք է լինենք մեզանից յուրաքանչյուրս»:

Հանդուրժողականությունը կամ, ինչպես մեր օրերում ընդունված է ասել, տոլերանտությունը բազմիմաստ եզրույթ է, որն անխնա շահարկվում է այսօր. այն դարձել է 21-րդ դարի առանձնահատկություններից մեկը: Ժամանակակից բառարանները տոլերանտություն տերմինը մեկնում են որպես հանդուրժողականություն դիմացինի այլախոհության, այլ հայացքներ ու մտքեր ունենալու նկատմամբ: Եթե նախորդ դարում աշխարհընկալման տարբերություններն ամենատարբեր կոնֆլիկտների առիթ էին դառնում, ապա մեր օրերում պատկերն այլ է. այսօր հանդուրժողականության կոչեր հնչում են ամերուրեք, սակայն հաճախ այս՝ առաջին հայացքից դրական և քրիստոնեական արժեք համարվող երևույթի տակ, քողարկվում են բազում արատավոր, հասարակության առողջ հիմքերը խարխլող երևույթներ:

«Աստվածաշունչը զգուշացնում է՝ մարգարիտները խոզերի առաջ չգցել: Խոնարհությունը, ծառայասիրությունը, հանդուրժողականությունը խոզերի առաջ գցել պետք չէ: Քրիստոս չի պատվիրում ծառայաբար ու առանց գիտակցելու ուղղակի խոնարհ լինել, ուղղակի հանդուրժող լինել: Պետք է մշտապես արթուն լինել, քննել շուրջդ կատարվողն ու արժեհամակարգդ մաքուր պահել»,- նշում է Տեր Զենոն քահանա Բարսեղյանը:

Հանդուրժողականության մերօրյա պատկերացումներն ավելի շատ անտարբերության են տանում. քրիստոնյան իր բնույթով մշակ է և պարզապես իրավունք չունի անտարբեր լինելու, հակառակ դեպքում՝ հոգևոր դաշտում աճող մոլախոտերը կփչացնեն առողջ բերքը: Աստվածաշունչը մեկ անգամ չէ, որ մեզ պատվիրում է արթուն, աչալուրջ և ուշադիր լինել:

Ամեն օր արթնանալով ու մտնելով աշխարհիկ կյանքի հոսքի մեջ՝ մենք բազում փորձությունների ենք բախվում. մենք կարող ենք մեղանչել կամ քար շպրտել մեղանչողների վրա, կարող ենք հանդուժել չարը, ընդհուպ մինչև անտարբեր լինել մեր շուրջը կատարվող ամեն ինչի հանդեպ, ընտրությունն ու դրանից բխող պատասխանատվությունը մերն է, պարզապես չպետք է մոռանալ՝ ինչի համար ենք առավել այս աշխարհ, ինչ ենք անում մեզ տրված հոգու հետ, լա՞վ մշակ ենք, թե՞ մեր հոգու այգին ամբողջովին մոլախոտերով է պատված:

Սակայն նույնիսկ մոլախոտերը հեռացնելիս պետք չէ մոռանալ սիրո մասին: Աշխարհն ավելի լավը չի դառնում, երբ մենք մեր ներսի քարերը շպրտում ենք այլոց վրա, երբ մենք մեր մոլախոտերը թողած՝ մատնացույց ենք անում դիմացինի բացթողումներն ու արատները. մենք որպես դատավորներ չենք կաչնվել այս աշխարհ: Մենք կանչվել ենք պայքարելու հանուն սիրո, հանուն արդարության, հանուն մեզ ժառանգված արժեքների ու ճշմարտության, հանուն Աստծո Արքայության հաստատման:

Մեզ պատվիրված է սիրել մեղավորին, բայց ոչ երբեք մեղքը: Բայց այսօր մենք հանդուրժում ենք հղիության արհեստական ընդհատումները, ամուսնալուծությունները, զանազան այլասերվածությունները, օրեցօր աճող անարդարությունները, մենք հանդուժում ենք այն, ինչ սպանում է մեզ ու մեր հոգին: Ու այսօր էլ մեզ համար պատգամը մնում է մեկը՝ արթուն մնալ և աղոթել: Արթուն լինել հոգով, գիտակցությամբ ու հիշել, որ Քրիստոս մեզնից սպասում է ավելին, քան հանդուրժելը. Նա մեզնից սիրո դրսևորում է սպասում և ուզում է մեր մեջ տեսնել Իր արժանի հետևորդին:

Գոհար Գալստյան

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ